Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դեղերի հաշվով վարչապետը փոշմանե՞լ է

Հոկտեմբեր 23,2012 13:45

ՀՀ քաղաքացիների անվտանգության հաշվին հայաստանյան դեղերի շուկան փորձարկումների ենթարկելուց հետո կառավարությունը եկել է այն համոզման,
որ դեղերի նկատմամբ ազատ շուկայական գործիքներ կիրառելու պրակտիկան անարդյունավետ է:

Մոտ մեկուկես տարի առաջ ՀՀ կառավարությունը դեղերի շուկան ազատականացնելու, ազգաբնակչության համար դեղերի ֆիզիկական եւ տնտեսական մատչելիությունն ապահովելու նպատակով դեղերի շուկան ազատականացրեց: Այսինքն՝ կարգի փոփոխությունը թույլ էր տալիս անսահմանափակ քանակությամբ տարբեր երկրներից դեղեր ներկրել: Մինչ որոշումը կընդունվեր՝ դեղոլորտի մի խումբ մասնագետներ խիստ բացասական կարծիք հայտնեցին դեղերի շուկան ազատականացնելու որոշման վերաբերյալ՝ մտահոգություն հայտնելով, որ դա շուկան կլցնի կեծ դեղերով, մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը հաշվի առնելով՝ կառաջացնի կենսաահաբեկչության թափանցման վտանգ եւ այլն: Դեղի բիզնեսով զբաղվող մի խումբ տնտեսվարողներ վարչապետին կոչ արեցին զերծ մնալ այդ որոշումից: Նամակներով դիմեցին ՀՀ նախագահին, առողջապահության ոլորտի պատասխանատուներին՝ հորդորելով վերանայել օրենքի փոփոխությունը եւ անցնել նախկինում գործող կարգին, ինչով առաջնորդվում է քաղաքակիրթ աշխարհը: Սակայն Տիգրան Սարգսյանը, որն այդ փոփոխության ամենագլխավոր ջատագովն էր, հաշվի չառնելով դեղոլորտի մասնագետների մտավախությունները՝ շուկան ազատականացրեց: Դեռ այն ժամանակ «Առավոտի» աղբյուրները պնդում էին, որ դեղերի շուկայի ազատականացման գործում վարչապետն անձնական հետաքրքրություն ունի, եւ որ այդ մտահղացումը նրա մտերիմներից մեկին է պատկանում, որը դեղ ներկրող խոշոր ընկերության սեփականատեր է: Դեղերի բիզնեսով զբաղվող որոշ մասնագետների մեկնաբանմամբ՝ նույն դեղը, որը մեր երկրում գրանցված է, ոչ թե անմիջապես արտադրողից, այլ երրորդ երկրից ներկրելը զգալիորեն հեշտացնելու էր այդ խոշոր ներկրողի գործը:

Այսօր արդեն փաստ է, որ շուկան ազատականացնելով՝ ոչ միայն դեղերի գները չնվազեցին, այլեւ մի բան էլ շուկայում հայտնվեցին անհայտ ծագման դեղեր: Առողջապահության նախարարության՝ 55 դեղատանը կատարած ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ այդ մեկուկես տարվա ընթացքում դեղերը մի բան էլ թանկացել են, եւ միայն 6 դեղատուն է գների փոփոխություն արել, այն էլ՝ դեղերի որոշակի խմբաքանակի համար՝ այլ գործոններով պայմանավորված: Սա «Առավոտի» հետ զրույցում փաստեց առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանը՝ ասելով, որ կառավարությունը մտադիր է շուկայի ազատականացման հարցը վերանայել:

«Ազատականացումը վատ բան չէ, բայց պետք է մի կարեւոր հարց կարգավորել: Երբ շուկան ազատականացվում էր, մի կարեւոր հարց այդտեղ հաշվի չէր առնվել, այն է՝ այլ երկրի միջոցով դեղը ներկրելիս արտադրողի վրայից պատասխանատվությունը չհանվի, եւ որ նա պարտադիր իր հավաստագրով հաստատի, որ սա իսկապես այդ ընկերության դեղն է, որը մեր երկրում գրանցված է: Մենք մի քանի դեպք ենք ունեցել, որ այլ՝ երրորդ երկրով դեղ են բերել, սակայն արտադրողը իմացել է ու ասել, որ դա իր դեղը չէ»:

Նկատենք, որ Հայաստանի դեղի շուկան վտանգի ենթարկելու առաջին փորձերը ամիսներ առաջ արդեն արձանագրվել են. չգիտես ինչպես, որտեղից եւ ում միջոցով, հայկական շուկա էր թափանցել ադրբեջաներեն ներդիրով դեղորայք: Առաջին տպավորությունն այն է եղել, որ այն արտադրված է Ադրբեջանում, բայց հետո պարզվել է, որ Բելառուսում է արտադրվել՝ Ադրբեջանի համար: Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում մասնագետները նկատել էին. «Այսինքն՝ երբ դեղը տարբեր երկրներից է ներկրվում Հայաստան, ստեղծվում է մի քաոսային վիճակ: Եվ այդ դեպքում կեղծ դեղեր բերելու կամ շրջանառության մեջ դնելու շանսը մեծանում է: Հնարավոր է՝ ուշադիր չեն եղել կամ մի դեղի անվան տակ ուրիշ փաստաթղթեր են  ցույց տվել եւ այլն: Մաքսանենգությունը կատարվում է որոշակի նպաստող պայմանների դեպքում: Իսկ այդ կարգի փոփոխությամբ այդ պայմանները ստեղծվեցին»:

Մասնագետների խոսքերով՝ մենք այսօր չունենք անգամ այն մարմինը, որը կեղծ դեղերի խմբաքանակը կարող է շուկայից հավաքել՝ մինչ կպարզվի, թե դրանք ով եւ ինչպես է բերել Հայաստան:

Դերենիկ Դումանյանի խոսքերով՝ դեղերին առնչվող կառավարության մի որոշում էլ է ենթակա փոփոխության, որը մոտ ժամանակներս կքննարկվի: Ըստ նախարարի՝ դեղերի բիզնեսով զբաղվող տնտեսվարողները դուրս կգան 70 միլիոն դրամը չգերազանցող շրջանառություն ունեցող տնտեսվարողների ցանկից, որպեսզի նրանց նկատմամբ վերահսկողությունը լինի մշտապես: Նշենք, որ ՀՀ կառավարությունը մի քանի տարի առաջ 70 միլիոն դրամը չգերազանցող շրջանառություն ունեցող տնտեսվարողներին ազատել էր անհարկի ու անտեղի ստուգումներից, ինչը վերաբերել էր նաեւ դեղի բիզնեսով զբաղվողներին:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031