Լրահոս
Օրվա լրահոսը

«Խ. Քոքոբելյանի կողմից անբարոյականություն է մնալ պատգամավոր»

Հոկտեմբեր 23,2012 13:29

Զարուհի Փոստանջյանը՝ «Ազատ դեմոկրատների» նախագահի մասին

Երեկ, ըստ էության, «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները պաշտոնապես հայտարարեցին քաղաքական ապահարզանի մասին: Պատգամավորական մանդատները վայր դնելու մասին չկատարված պայմանավորվածությունը հանգեցրեց մի վիճակի, որ այժմ «Ժառանգություն» խմբակցությունում «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը խմբակցության կազմում կմնան միայն ֆորմալ եւ այլեւս չեն ներկայացնի խմբակցության տեսակետը: Երեկ այս իրողությունը խորհրդարանում ամրագրվեց սահմանված կարգով՝ Քոքոբելյանի եւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հայտարարություններով: «Ժառանգությունն» այլեւս խորհրդարանում կներկայացնեն «հին կուսակցական» Զարուհի Փոստանջյանը, նախկին դաշնակցական, ներկայումս «Ժառանգության» փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանը եւ միայն երեկ պատգամավորական լիազորությունները ստանձնած անկուսակցական Թեւան Պողոսյանը: Այս իրավիճակում նախագահական ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալու մասին խոսելը կողմերն անիմաստ են համարում:

ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքով Խաչատուր Քոքոբելյանը կարող է դուրս գալ «Ժառանգություն» խմբակցությունից, քանի որ վերջինս համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականն է զբաղեցնում, մինչդեռ Ալեքսանդր Արզումանյանը նման հնարավորություն չունի: «Ժառանգությունում» Ալեքսանդր Արզումանյանի եւ «Ազատ դեմոկրատների» դեմ ոչինչ չունեն եւ պատրաստ են շարունակել հետագա համագործակցությունը, մանավանդ, որ եւ Ռուբիկ Հակոբյանը, եւ Զարուհի Փոստանջյանն «Առավոտի» հետ զրույցներում նկատեցին, որ Ալ. Արզումանյանը «հրաշալի» պատգամավոր է, նաեւ՝ ակտիվ հասարակական գործիչ: Խնդիրը Խաչատուր Քոքոբելյանի հետ է, ով ոչ միայն մանդատը վայր դնելու խոստումն է խախտել: Թե ի՞նչ այլ խոստումներ է տվել եւ չի կատարել Խաչատուր Քոքոբելյանը՝ «Առավոտի» հարցին «հին կուսակցական» Զարուհի Փոստանջյանն ասաց. «Դաշինքը պետք է քաղաքական գործընթացներով անցներ, եւ խնդիրը միայն խորհրդարանական աշխատանքին չէր վերաբերում, կային այլ քաղաքական պայմանավորվածություններ էլ: Այս ընթացքում Քոքոբելյանը պարտավորվել է այդ պայմանավորվածություններն ի կատար ածել, բայց մինչ օրս այդ պարտավորությունները իրականություն չդարձան, մենք էլ ունենք մեր պահանջները»: Թե հատկապես ի՞նչ «այլ պարտավորությունների» մասին է խոսքը՝ տիկին Փոստանջյանն արձագանքեց. «Մենք վերջերս ականատեսը եղանք նաեւ, թե ինչպես պարոն Քոքոբելյանը, չգիտեմ ինչ նպատակով, բացակայում էր ՀՀ-ից եւ նույնիսկ այդ մասին մեզ տեղյակ չէր պահել: Մենք խմբակցություն ենք, իսկ խմբակցության անդամը պարտավոր է տեղյակ պահել որոշակի իր գործունեության մասին, որովհետեւ դա նաեւ խմբակցության ընդհանուր աշխատանքն է»: Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ «մարդու այս կերպարը չպիտի լինի ՀՀ ԱԺ-ում, եւ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարական էր տվել, ինքն էլ պետք է հրաժարվեր մանդատից: Այս ամենից հետո երբ մարդը պարտավորություններն է խախտում, ապա չգիտեմ՝ նրա հետ քաղաքական ճանապարհ որեւէ մեկը կարո՞ղ է գնալ, թե՞ ոչ»: Հետաքրքրվեցինք՝ ո՞ր պահից սկսած են Քոքոբելյանի վարքագծում «տարօրինակ դրսեւորումներ» նկատել: «Խմբակցության առաջին նիստի օրվանից եղել են պայմանավորվածություններ եւ դրանց խախտումները»,- ասաց նա: Զարուհի Փոստանջյանը չի կարծում, որ այս ամենի ետեւում ինչ-որ դավադրություններ կան. «Մարդը ուղղակի սխալ է եղել: Ցանկացած անձ իր սխալի համար պատասխանատվություն պիտի կրի: Փորձել են հնարավորություն տալ՝ շտկելու այդ ամենը, նա, փաստորեն, մեր՝ իրեն ձեռք մեկնելը չի հասկացել: Հետեւաբար այլեւ չի կարող ներկայացնել «Ժառանգության» կարծիքը: Սա բնական է, քաղաքական կազմակերպություններում լինում են նման բաներ»: Ամփոփելով այս դաշինքի գործունեությունը՝ կարո՞ղ ենք համարել «Ժառանգության» սխալը, ձախողումը՝ «Առավոտի» հարցին մեր զրուցակիցը պատասխանեց. «Հիմա, որ հետադարձ նայում եմ, համենայնդեպս՝ նման դաշինք ձեւավորելու փորձ որեւէ մեկը դեռ չէր իրականացրել: Մենք գնացինք այդ ռիսկային քայլին, եւ դա եղել է կոլեգիալ որոշում: Բոլորը խոսում էին միասնական գաղափարական դաշինքների մասին, ասում էին, որ ժողովրդի ձախողումների պատճառն այն է, որ չենք կարողանում միասնական դեմքով հանդես գալ: Մենք գնացինք այս որոշման: Իհարկե, ցանկալի կլիներ, որ այսօրվա որոշումը չլիներ: Ինչեւէ, քաղաքական կազմակերպությունը պետք է գնա ռիսկերի: Այսօր էլ հաշվարկելով այդ ռիսկերը՝ գնացինք այս որոշմանը»: Մնացյալ հարցերը, նրա կարծիքով, բարոյականության դաշտում են. «Պարտավորությունների խախտման փաստը արձանագրվել է խմբակցության բոլոր անդամների կողմից, այդ թվում նաեւ՝ Ալ. Արզումանյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի կողմից ուղղակի անբարոյականություն է մնալ պատգամավոր»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ մեզ հետ զրույցում այսպես ասաց. «Ես այսպես եմ նայում՝ Խաչիկ Քոքոբելյանն, ըստ էության, իրեն դուրս է դրել խմբակցությունից: Դուք լսե՞լ եք որեւէ ելույթ, որ ունեցած լինի այս ընթացքում: Խմբակցության աշխատանքներին չի մասնակցել, որպես այդպիսին… էլի պայմանավորվածություններ, որոնք, կարծում եմ, իրենք ժամանակին կբարձրաձայնեն»: Ռուբիկ Հակոբյանին՝ խմբակցության ղեկավարից հեռացնելու Խաչատուր Քոքոբելյանի առաջարկը պարոն Հակոբյանին ոչ միայն զարմացրել է, այլեւ հիմք է տվել մտածելու, որ Քոքոբելյանը հարցը միտումնավոր այլ ոլորտ է տեղափոխում. «Ցավ եմ ապրում: Դա պահվածք չի: Նման հարց ընդհանրապես չկա: Կամ նախագահական ընտրությունների հետ է կապում… Խաչատուր Քոքոբելյանը եթե մի քիչ ազնվություն ունենար ու հասկանար, որ իր պատճառով բավական վատ վիճակի մեջ է դրել եւ իր կուսակցությանը, եւ Ալ. Արզումանյանին, եւ միայն մի բան աներ՝ որպես քաղաքական մարդ, տղամարդ՝ իր ասած խոսքերին տեր կանգներ, այս ամենը չէր լինի: Խնդիրը իր անձին է վերաբերում, իսկ ինքը փորձում է քաղաքական դաշտ տանել»: Թե ինչ նպատակով է Քոքոբելյանը փորձում դա անել՝ մեր զրուցակիցը նկատեց. «Ես էլ եմ կարծում, որ ինչ-որ բան կա թաքնված: Երբ վաղ թե ուշ դա պարզ կլինի… ես, օրինակ, իսկապես դիտում եմ, որ ինչ-որ բան կա թաքնված, որովհետեւ չէր կարելի սա անել: Այն, ինչը որ ինքն արեց՝ չեմ մտածում, որ գիտակից մարդը կաներ: Բայց ժամանակը ցույց կտա»: Ի դեպ, Հակոբյանը չի ընդունում Քոքոբելյանի այն պնդումները, որ ինքն ամեն ինչ արել է, որպեսզի դաշինքը չպառակտվի: Հակոբյանի կարծիքով՝ Քոքոբելյանը գործնական քայլեր չի արել:

«Ընդդիմադիր քաղաքական ուժերն էլ զուտ դիրքավորվելու առումով… ցավոք սրտի, նաեւ որոշ ընդդիմադիր գործիչներ խարխափում են երկու բեւեռների միջեւ: Իմ գնահատականով՝ դա իշխանական երկու բեւեռներ են՝ նկատի ունեմ Հանրապետական կուսակցությունը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, բայց քաղաքական գնահատականներից առայժմ զերծ կմնամ»,- տեղի ունեցածի առիթով երեկ հայտարարել էր «Ազատ դեմոկրատների» նախագահը: Ի պատասխան՝ «Ժառանգության» վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը երեկ «Առավոտին» ասաց. «Ժառանգությանը» որեւէ մեկը չի կարող ասել, որ այսքան ժամանակ խարխափող գործողություններ է արել»: Նրա կարծիքով՝ եթե «Ժառանգությունը» չլիներ, «շատերը կխարխափեին»: Այլ ընդդիմադիրների «խարխափումների» մասին մեր զրուցակիցը զերծ մնաց կարծիք հայտնելուց: ՀՀԿ-ական Կարեն Ավագյանն էլ այս առիթով «Առավոտին» ասաց. «Քոքոբելյանը պետք է տա այդ հարցի պատասխանը»: Նա ցավալի է համարում խմբակցության պառակտումը, քանի որ կարծում է, որ զուտ պառլամենտական գործունեության տեսանկյունից դրական արդյունքներ չեն լինի: «Հարցը քաղաքակա՞ն է, անձնակա՞ն, միջկուսակցակա՞ն՝ իրենք թող մեկնաբանեն»,- ասաց Կ. Ավագյանը: ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ բոլոր խորհրդարանական խմբակցություններին համախմբվածություն եւ միասնականություն ցանկացավ. «Իշխանական երկու թեւեր չգիտեմ: Ներկայիս քաղաքական իրականության մեջ ինձ հայտնի է իշխանական մեկ թեւ, մեկ քաղաքական մեծամասնություն: Քանի որ մյուսը չկա, հարցն անհիմն է»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031