Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական «թղթի շերեփը»

Հոկտեմբեր 23,2012 13:16

Հրապարակախոս Միխայիլ Լեոնտեւը, որն, ինչպես հայտնի է, փոքր-ինչ ծայրահեղացված ձեւով արտահայտում է Ռուսաստանի ղեկավարության տեսակետը, որոշել է անդրադառնալ Հայաստանին: Անդրադարձի տոնայնությունը կոպիտ է, վիրավորական եւ արհամարհական՝ դուք առանց Ռուսաստանի զրո եք, մի՛ փորձեք Եվրասիական միության մեջ չմտնել: Կան նաեւ փաստացի անճշտություններ, օրինակ՝ Հայկական ատոմակայանը փակել է Նիկոլայ Ռիժկովի կառավարությունը՝ տեղական ոչ մի ուժ ի զորու չէր դա անել: Բայց ես չեմ ուզում անդրադառնալ ոչ տոնայնությանը, ոչ էլ անճշտություններին: Խոսենք բուն գաղափարից:

Ինտեգրվե՞նք «եվրասիական ուղղությամբ»: Բայց այդպիսի փորձ Ռուսաստանն ու Բելառուսն արդեն արել են: Նրանք դեռեւս Ելցինի ժամանակ ստեղծեցին «միութենական պետություն»: Դրանից այդ երկու երկրների հարաբերությունները լավացա՞ն: Թերեւս՝ ճիշտ հակառակը. Լուկաշենկոն պարզապես հավելյալ առիթներ է ձեռք բերել պարբերաբար «մուննաթ գալու» իր դաշնակցից, որը, իբր, նրան «քցում» է՝ էժան գազ չի տալիս, պարտքերը հետ է ուզում, մտնում է Առեւտրի համաշխարհային կազմակերպություն եւ այլն: Եվ եթե խոսելու լինենք «կոմպլեմենտարիզմի» մասին, ապա «ամենակոմպլեմենտարը» հենց Լուկաշենկոն է, որը ժամանակ առ ժամանակ «խաղեր է տալիս» Արեւմուտքի հետ՝ Ռուսաստանից ինչ-որ բաներ կորզելու համար: Ի դեպ, Լուկաշենկոյի ռեժիմը ձեռնտու է հենց Արեւմուտքին, որը թեեւ դժգոհում է դրա ավտորիտարիզմից, միաժամանակ գաղտնի խրախուսում է այն՝ հասկանալով, թե ինչպիսի խնդիրներ է հարուցում Բելառուսը իր ամենամտերիմ հարեւանի համար: Աչքի առաջ ունենալով այդ տխուր փորձը` առաջինը հենց Ռուսաստանն է, որ պիտի հրաժարվի «եվրասիական» գաղափարներից, որովհետեւ բացի գլխացավանքից՝ դրանք ոչ մի էական օգուտ այդ պետությանը եւ նրա ժողովրդին չեն բերի: Որ Ռուսաստանի ղեկավարությունը շարունակում է պնդել այդ գաղափարները, դրա մեջ ես տեսնում եմ ինչ-որ իռացիոնալիզմ, որը, ցավոք, հատուկ է այդ պետությանը պատմության տարբեր փուլերում: Թե չէ՝ կհասկանար, որ այդ միությունը, միեւնույն է, կմնա թղթի վրա:

Անձամբ ինձ համար թե՛ Ռուսաստանը, թե՛ Եվրոպան եւ թե՛ Միացյալ Նահանգները հավասարապես երկերեսանի են եւ փարիսեցի, բայց ինձ համար եվրոպական ինտեգրացիան ոչ թե ինչ-որ ռազմաքաղաքական կամ տնտեսական միավորի մեջ մտնելն է, այլ նախեւառաջ՝ աշխատելու, մարդկանց, հասարակության հետ հարաբերվելու, վերջին հաշվով՝ մտածելու որոշակի մշակույթ է, որը մենք պետք է դեռ սովորենք: Դա, մասնավորապես, ճշտապահությունն է, աշխատասիրությունը, օրինապաշտությունը, կազմակերպվածությունը, որոնք հակադրվում են «եվրասիական» քաոսին:

Իսկ ամենակարեւորը՝ որեւէ մեկի հետ ինտեգրվելու մասին մտածելուց առաջ պետք է կոտրել մեր մեջ խորը նստած կարծրատիպը՝ եթե չլինի ռուսը (եվրոպացին, ամերիկացին), թուրքը վրա կտա եւ մեզ կոչնչացնի: Եթե այդ կաղապարը չլինի, ապա կլուծվեն շատ խնդիրներ, այդ թվում՝ ներքին:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031