Լրահոս
Օրվա լրահոսը

Ա. Սաքունց. «Հերթական անգամ դատական ատյաններում արդարադատությունը ծառայում է գործադիր իշխանության շահերին»

Հոկտեմբեր 23,2012 12:56

Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի վերաքննիչ բողոքն՝ ընդդեմ առաջին ատյանի դատարանի, որն ընդունել էր որոշում հօգուտ ոստիկանապետ Վովա Գասպարյանի:  ՀՔԱՎ-ի նախագահ Արթուր Սաքունցը Վ. Գասպարյանից պահանջում էր, որ հերքի կազմակերպության գործարար համբավն արատավորող արտահայտությունները: Սաքունցը ոստիկանապետից պահանջում էր 10 դրամ սիմվոլիկ փոխհատուցում:

Հիշեցնենք, որ կազմակերպության կողմից հայցադիմում ներկայացնելու համար հիմք էին եղել 2011 թ. հոկտեմբերի 17-ին www.hraparak.am էլեկտրոնային էջում և 2011 թ. հոկտեմբերի 15-ին «Զինուժ» ծրագրում Վլադիմիր Գասպարյանի տված հարցազրույցները:

Ոստիկանապետն անդրադառնալով Հելսինկյան կազմակերպության գործունեությանը նշել էր. «20 տարեկան պոչիկներով լակոտներին, որ բերել են Հելսինկյան կազմակերպությունները, ու էդ լակոտների բերանների արտահայտություններն անձնական վիրավորանք են հասցնում: Երբ փսլնքոտ լակոտը երկիր պահած, երկրի համար տուժած մարդուն վիրավորում է լկտի բացականչություններով, ես դա չեմ հանդուրժելու… Նրանք անպատվում են պաշտպանության նախարարին, ասելով՝ էդ միոտանին: Ես ասում եմ՝ էդ չորսոտանիներիցդ շատ գործ է անում մեր միոտանին, չէ՞ որ էդ մարդն ինչ որ արել է, ես չեմ պաշտպանում, արել է էս երկրի համար, որ էդ ոտքը կորցրել է»:

Վերաքննիչ բողոքի մերժմանը Aravot.am-ի հետ զրույցում Ա. Սաքունցն այսպիսի գնահատական տվեց. «Այս որոշմամբ հերթական անգամ ՀՀ արդարադատությունը տվեց իր բնութագիրը: Իսկ բնութագիրն այն է, որ, երբ լսվում է հարց, որի մի կողմը պաշտոնատար անձն է, մյուսը՝ քաղաքացին, ապա արադարադատությունը ելնում է պաշտոնատար անձի շահերի պաշտպանության տրամաբանությունից: Չնայած ակնհայտ փաստերին և ապացույցներին, այնուամենայնիվ, Վերաքննիչ դատարանը չընդունեց այդ փաստերը, գնահատական չտրվեց, հաշվի չառավ: Եթե ՀԿ-ի վերաբերյալ գործարար համբավ հասկացություն նորմին ինքը չուներ հստակ դիրքորոշում, ապա կարող էր դատաքննությունը ընդիմիջել և այդ հարցով առնվազն միջնորդությամբ դիմեր Սահմանադրական դատարան ու նպաստեր արդարադատության իրականացմանը: Սակայն դա չարեց, և ըստ էության արձանագրում ենք, որ հերթական անգամ դատական ատյաններում արդարադատությունը ծառայում է գործադիր իշխանության ներկայացուցիչների շահերը սպասարկելուն»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահը պատրաստվում է բողոքարկել Վճռաբեկ դատարան և հարցը բարձրացնել Սահմանադրական դատարանում:

Մեր այն դիտարկմանը՝ կատարվածը չի՞ վկայում այն մասին, որ բողոքարկելն ինքնանպատակ է, Ա. Սաքունցը պատասխանեց. «Իհարկե, ոչ: Այդպիսով առաջին հերթին արձանագրում ենք դատական իշխանության բնույթը, պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիական նախաձեռնություններին, ՀԿ-ներին,  տրվող գնահատականների պատասխանտվության հարցը: Նաև դատաքննության ընթացքում արձանագրվեց, որ  պաշտոնատար անձինք իրենց հրապարակային արտահայտություններում կարող են ոչ պատաստախանատու մոտեցում ցույց տալ: Մի բան էր, որ կարելի էր առանձին քննարկել, մեկ այլ բան է, որ դատարանում արձանագրվեց, որ ասում է, թե ոչ մեկին նկատի չի ունեցել, այնինչ բացահայտ ակնհայտ է, որ կոնկրետ անձանց նկատի ուներ»:

Ըստ Սաքունցի՝ բողոքարկումը կնպաստի արդարադատության կայացմանն ու բազում իրավական խնդիրների պարզաբանմանը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031