Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիկ Հարությունյանը Լեւոն Զուրաբյանին խորհուրդ է տալիս թղթերով մոտենալ Բագրատյանին, ոչ թե անհեթեթություն ասել

Հոկտեմբեր 23,2012 12:51

ԱԺ նիստում այսօր ավարտվեց ՀՌԱՀ-ի 2011-ի գործունեության վերաբերյալ քննարկումը: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի խոսքերով՝ «Հանրային հեռուստաընկերությունը, ունենալով ամենամեծ լսարանը, բոլոր առումներով գերազանցելով այլ հեռուստաընկերությունների, կարողացել է ինչ-որ հարցեր լուծել: Այն հեռուստատեսությունը, որը եղել է մինչեւ Հանրային հեռուստատեսությունը, իսկ դրանից առաջ Տիգրան Նաղդալյանի եւ իմ օրոք՝ բոլորովին տարբեր  հեռուստաընկերություններ են: Ինչպես ճիշտ նշեց Գալուստ Սահակյանը, ավերակների վրա կառուցված այսօրվա հզոր կառույցը, ես կարծում եմ, որ արժանի է, որպեսզի մեր հանրությունը հպարտանա այդ հեռուստատեսությունով: Այստեղ ասվեց, որ եկեք սերիալ ցույց չտանք, որովհետեւ մենք սերիալ նկարել չենք կարողանում: Ես կարծում եմ, որ հայկական հեռուստատեային շուկայում ամենալավը կարողանում են հենց սերիալ նկարել, ավելի լավ, քան այլ արտադրանք: Ամբողջ Խորհրդային տարածքում որեւէ այլ երկիր չկա, որտեղ Հանրային հեռուստաընկերությունը առաջատար դիրք ունենա: Ուկրաինայում առաջին տասնյակի մեջ չի մտնում, Վրաստանում 6-րդ, 7-րդ տեղում է… Հնչեցին կարծիքներ գովազդի հետ կապված, այդ թվում՝ Սորոսի կողմից ֆինանսավորման տվյալների հրապարակում եղավ, ընդ որում, այդ տվյալները բոլորովին այլ էին, այստեղ կամովի մեկնաբանեցին: Ծիծաղելի թիվ հնչեց այստեղ: Երբ ամբողջ Հայաստանի գովազդային շուկան գնահատվում է 20-25 մլն դոլար, հնչեցվեց, որ միայն 19 մլն դոլարը մտնում է Հանրային հեռուստաընկերություն եւ չգիտես ուր է անհետանում: Այդ խմբակցությունում կա բավական որակյալ տնտեսագետ՝ պարոն Բագրատյանը: Խորհուրդ կտայի Լեւոն Զուրաբյանին, որ իր այդ թղթերով մոտենա Հրանտ Բագրատյանին, նա հանրամատչելի կբացատրի, որ այդ ամեն ինչը, ինչ որ նա այստեղ հնչեցրեց՝ անհեթեթություն է»:

Սա բարկացրեց Լեւոն Զուրաբյանին. «Ուրեմն ի՞նչ է ասում Ալիկ Հարությունյանը, որ դա անհեթեթություն է, որը Բագրատյանը մեզ պետք է ապացուցի: Ես կառաջարկեի շատ ավելի լուրջ մոտեցում: Եթե բան ունեք ասելու՝ ուղղակի ասեք: Ո՞ր թիվն է սխալ՝ 636 ժամ գովազդային թի՞վն է սխալ, եթե այդ թվերը սխալ չեն, ուրեմն այն թիվը, որը ես հրապարակել եմ՝ բացարձակ ճշմարտություն է: Դուք անգամ համարձակություն չգտաք ձեր մեջ փորձել դա արգումենտներով հերքել, որովհետեւ դուք արգումենտ չունեք: որովհետեւ գոյություն ունի մենակ այն թալանը, որի մասին ես երեկ խոսեցի»:

Ավելի ուշ Ալեքսան Հարությունյանը պարզաբանեց, որ Տիգրան Նաղդալյանի եւ իր օրոք հեռուստաընկերությունների մասին խոսքում նկատի է ունեցել, որ «Տիգրան Նաղդալյանից առաջ այդ հեռուստաընկերությունում ավերակներ էին, այս տարիների ընթացքում վերականգվեց: Այսօր ունենք այս հզոր հեռուստառադիոընկերությունը: Այս հեռուստաընկերությունը եւ այն տարիներինը բոլորովին տարբեր ընկերություններ են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031