Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչի՞ մասին է վկայում մի շարք լրատվամիջոցների միավորումը

Հոկտեմբեր 23,2012 12:45

Լուսանկարում՝ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի նախագահ և գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանը

Օրեր առաջ «Պանարմենիան» Մեդիա Գրուպ» միավորման կազմի վերաբերյալ հաղորդագրության տարածվեց, ըստ որի՝ «Պանարմենիան Մեդիա Գրուպ» միավորման կազմում ընդգրկվում են  «Արմենիա», «Ա-ԹիՎի», «Արմնյուզ» հեռուստաընկերությունները, «ԱրմՌադիո107», «Ռադիո Ջան» ռադիոընկերությունները, «Նանե» ամսագիրը և «TV մոլ» շաբաթաթերթը:

Aravot.am-ը այս առիթով  «Պանարմենիան» Մեդիա Գրուպ»-ից հետաքրքրվեց՝ արդյոք այս միավորումը չի՞ գալիս հաստատելու, որ իրականում նշված լրատվամիջոցները պատկանում են միևնույն սեփականատերին, քանի որ տարիներ շարունակ տարածված կարծիք կար, թե մի շարք լրատվամիջոցներ, չնայած «դե ֆակտո» ունեին տարբեր արտոնագրեր, սակայն «դե յուրե» պատկանում էին միևնույն սեփականատերին, ինչը հակասում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածին, համաձայն որի՝ «Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք կարող են ոչ ավելի, քան միեւնույն սփռման գոտում եթերային հեռարձակում ունեցող մեկ հեռուստառադիոընկերության կամ մեկ հեռուստաընկերության եւ (կամ) մեկ ռադիոընկերության արտոնագրատեր լինել»։

«Պանարմենիան» Մեդիա Գրուպ» միավորումից մեզ գրավոր պատասխանեցին. «Պանարմենիան Մեդիա Գրուպ» միավորման կազմում ընդգրկված ընկերությունները ինքնուրույն են տնօրինում իրենց եթերային հեռարձակման լիցենզիաները և «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ-ն նման լիցենզիաներ չունի: Նման պայմաններում խոսք չի կարող գնալ Ձեր կողմից նշված հոդվածի խախտման մասին:

Դրա հետ մեկտեղ հայտնում ենք Ձեզ, որ միավորման նպատակը՝ կառույցների վարչարարա-տնտեսական գործունեության արդյունավետության բարձրացումն ու ժամանակակից կառավարման մեխանիզմների ներդրումն է»։

Մեր մյուս հարցին՝ ի՞նչ նպատակներ ունի նշված լրատվամիջոցների միավորումը, ի՞նչ նոր սկզբունքներ են ընկած միավորման գործընթացի հիմքում, մենք ստացել ենք հետևյալ պատասխանը. «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ-ն ձեռնարկատիրական գործունեության համակարգման և կառավարչական խորհրդատվության ծառայություններ է մատուցում միավորման կազմում ընդգրկված ընկերություններին` գործակալական կառավարման պայմանագրերի հիման վրա, որով «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ-ն իրավունք է ստացել գործել նշված ընկերությունների անունից և հաշվին, ներկայացնել նրանց իրավունքներն ու օրինական շահերը: Միավորումը հետապնդում է զուտ ընկերությունների տնտեսական գործունեության արդյունավետության բարձրացման ուղղված նպատակներ»:

Մեր այն դիտարկմանը, թե արդյոք լրատվամիջոցների միավորման գործընթացը չի վկայում լրատվական դաշտի մենաշնորհացման և կոնսոլիդացման մասին, «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ից այսպես են արձագանքում. «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ» միավորման կազմում ընդգրկված են ոչ թե լրատվամիջոցները, այլ ընկերությունները, որոնք որպես տնտեսվարող սուբյեկտներ, իրենց տնտեսական գործունեությունը համակարգելու համար պատվիրել են արհեստավարժ մասնագետներով համալրված «ՊանԱրմենիան Մեդիա գրուպ» ՓԲ ընկերության կողմից մատուցվող գործակալական և կառավարչական խորհրդատվության ծառայություններ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031