Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է ՀՀ ոստիկանությունը մեկնաբանում «փուչիկների գործը»

Հոկտեմբեր 23,2012 12:14

Հարցազրույց ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի քննության վարչության երկրորդ բաժնի պետ Արսեն Այվազյանի հետ

Թեև հայտնի «փուչիկների գործն» ավարտվել է, բայց մինչ օրս առկախ հարցեր կան։ Ինչպես, օրինակ, ինչո՞ւ միայն մեկ մեղադրյալ՝ Սերոբ Բոզոյանը, ներգրավվեց նշյալ գործում։

– Նախ՝ ուզում եմ նշել, որ Ս. Բոզոյանն ազատազրկված չէ, և առաջին ատյանի դատարանի դատավճիռը դեռևս օրինական ուժի մեջ չի մտնում։ Նա ունի մեկամսյա ժամկետ բողոքարկման համար, և եթե այդ ժամանակահատվածում բողոք ներկայացնի Վերաքննիչ դատարան, և եթե նա բողոքարկի պատժաչափի մասով, բնականաբար, դա կվերանայվի, իսկ եթե բարձրացնի մեղավորության հարցը, բնականաբար, կվերանայվի այդ հարցը։ Իսկ թե ինչո՞ւ միայն նա՝ հարցին, կամ ինչո՞ւ նա քրեական պատասխանատվության ենթարկվեց, կամ ինչո՞ւ չպետք է ենթարկվեր, նշեմ, որ մենք պարզել ենք, որ Բոզոյանը համապատասխան անձանց՝ ՀՀԿ ներկայացուցիչների հետ, պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի լիցքավորի այդ փուչիկները, իսկ լիցքավորել է դրանք մեթան տեսակի գազով։ Տեսեք՝ շատ-շատերը չգիտեն, թե ի՞նչ է մեթան գազը, դրա թույլատրելիության ոլորտը։ Ով՝ ով, Բոզոյանը դա շատ լավ գիտեր, նա մասնագիտությամբ քիմիկ է, ստացել է համապատասխան կրթություն, բացի դա, մի քանի տարի աշխատել է համապատասխան քիմիական գործարանում, և այդ ընթացքում, բնականաբար, առնչվել է հենց այդ քիմիական տարրերի հետ։ Այսինքն՝ մասնագիտության բերումով նա շատ լավ գիտեր մեթան գազի ծագումնաբանությունն ու օգտագործման հնարավոր բացասական հետևանքները։ Այդ ամենով հանդերձ՝ նա լիցքավորել է փուչիկները, և սրանով է պայմանավորված, որ նրան մեղսագրվել է այդ հանցագործությունը։

Թե՛ Ս. Բոզոյանի կինը, թե՛ նրա իրավապաշտպանը պնդում են, որ Ս. Բոզոյանը զգուշացրել է պատվիրատուին հնարավոր վտանգի մասին, սակայն պատվիրատուն ասել է, որ հելիումով լիցքավորելու դեպքում բյուջեն չի բավականացնի։

– Այս հարցը, բնականաբար, քննության առարկա է դարձել, և այստեղ խնդիրն ամենևին այն չի եղել՝ բյուջե կա՞, թե՞ չկա։ Մենք քննության առարկա ենք դարձրել հելիում տեսակի գազի օգտագործման հնարավորությունը։ Այստեղ խոսքը ոչ թե մեթան գազի էժան կամ թանկ լինելու մասին էր, այլ հելիում տեսակի գազի քանակի պակաս լինելու։ Դրան մամուլի ներկայացուցիչներ են անդրադարձել, և պարզվել է, որ հելիում տեսակի գազի՝ ՀՀ-ում պահանջարկով պայմանավորված քանակություն չկա։ Քանի որ պահանջարկ չկա, հետևաբար՝ մեծ ծավալի քանակությամբ գազ չեն բերում։

Ըստ Ձեզ՝ մեկ անձը կարո՞ղ է 7000 փուչիկ լիցքավորել մեկ օրում:

– Ես հասկանում եմ հարցը։ Դուք նկատի ունեք, որ նրան օգնել են։ Երևի սա եք փորձում հարցնել։ Այո, եղել են նրան օգնողներ։ Այն, ինչ հարցնում եք՝ քննության առարկա է դարձել։ Չկա մի հարց կամ հանրության մի քննարկում, որը քննության առարկա չի եղել։ Բնականաբար, նա միայնակ չի լիցքավորել դրանք։ Նա խնդրանքով դիմել է իր ընկերներին՝ օգնելու։ Այո՛, նրան օգնել են նրա ընկերները։

Քանի՞ հոգի։

– Եթե այս պահին չեմ սխալվում՝ երեք հոգով են լիցքավորել։

Այդ դեպքում ինչո՞ւ է միայն նա պատիժ կրում։

– Գիտեք՝ այս դեպքում խոսքը մեղքի մասին է, այսինքն՝ անձի սուբյեկտիվ կողմի, անձի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարքի նկատմամբ։ Մեղքը դրսևորվում է դիտավորությամբ և անզգուշությամբ։ Այդ

դեպքում ցանկացած արարք, տվյալ դեպքում՝ ցանկացած հանցանք կատարած անձի մեղքը պետք է ապացուցենք։ Արդյո՞ք նա գիտեր, տվյալ պարագայում՝ մեթան գազի օգտագործման կանոնները, դրա վտանգավոր

լինելը։ Մենք քննությամբ պարզեցինք, որ նրան օգնած մարդիկ պարզապես օգնել են՝ չգիտակցելով կամ չհասկանալով այդ գազի տեսակի վտանգավորությունն ու օգտագործման կանոնները, և այլն։ Ըստ քննության տվյալների՝ նա պարզապես այդ բոլոր պայմանավորվածությունները ձեռք բերելուց հետո իր ընկերներին խնդրել է, որպեսզի, այսպես ասած՝ ֆիզիկական աշխատանք կատարեն, օգնեն։ Ավելին ասեմ՝ լիցքավորումը կատարվել է ընկերոջ տանը՝ այն պատճառով, որ տունը սեփական տուն է եղել, որտեղ պայմաններն ավելի հարմար են եղել։ Եվ Ս. Բոզոյանի խնդրանքով՝ ընկերն ընդառաջել է նրան (Ս. Բոզոյանի կինը՝ Մարինե Բոզոյանը մեր թերթին տված հարցազրույցում ասել էր, որ իր ամուսինը փուչիկները փչել է Հանրապետության հրապարակում.–֊ Մ.Մ.):

Իսկ ՀՀԿից ո՞վ էր հարցաքննության կանչվել։

– ՀՀԿ-ից հարցաքննվել են մի քանի անձինք, թույլ տվեք այս պահին անուններ չհրապարակել. քանի որ ձեռքիս տակ չունեմ նշումներ՝ չեմ հիշում։ Պաշտոնապես դիմելու դեպքում՝ մենք կհայտնենք այդ մասին։ Հիշում եմ նրանցից Կարեն Ավագյանի անունը։ Կարեն Ավագյանը հարցաքննվել է, նրա ցուցմունքը կա քրեական գործում։ Ավելին ասեմ՝ միայն նա չէ, էլի հանրապետականներ կան, ովքեր հարցաքննվել են, և այս ցուցմունքը քրեական գործում կա: Այնպես չէ, որ նրանք գաղտնի են հարցաքննվել։ Համոզված եմ, որ այդ ցուցմունքներին ծանոթացել է նաև պաշտպանական կողմը, այսինքն՝ մեղադրյալը և նրա պաշտպանը, որովհետև նրանք դրա իրավունքն ունեն։

Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031