Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն անցյալ շաբաթ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ այսօր Հայաստանում երկու ուժ կա, որոնք կարող են մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանի ռեժիմին՝ Հայ ազգային կոնգրեսը եւ «Բարգավաճ Հայաստանը»։
«Երբ կան այս երկու ուժերը, հատկապես՝ եթե նրանք համագործակցեն, ապա դա դառնում է այս իշխանության համար մղձավանջ (…): Հենց այդ պատճաոով է, որ 2013-ի ընտրությունները կարող են դառնալ կենաց եւ մահու պայքար, եւ Կոնգրեսի գործը պետք է լինի՝ օգտագործել այդ պահը։ Եւ տեսնում եմ, որ հնարավոր է քաղաքական երկու այս խոշոր ուժերի համադրմամբ հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին»,- ասել էր Զուրաբյանը։
Երեկ փորձեցինք ԲՀԿ¬ականներից պարզել՝ իրենք պատրա՞ստ են նման պայքարի եւ կհամագործակցե՞ն Կոնգրեսի հետ՝ Սերժ Սարգսյանին հեռացնելու համար։
Կարդացեք նաև
ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանն ասաց, թե նախագահի ընտրությունների վերաբերյալ ԲՀԿ-ում ոչ մի տեսակի քննարկումներ չեն եղել, կայացված որոշում էլ չկա։ «Դրա համար ես չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Դեռ որոշված չէ»,- ասաց Գասպարյանը։
– Պարոն Գասպարյան, բայց հնարավոր համարո՞ւմ եք նման համագործակցություն, թե՞ բացառում եք, որովհետեւ նաեւ խոսակցություններ կան, որ չի բացառվում՝ առաջիկա ամսում ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, եւ ԲՀԿ-ն հայտարարի, որ Սերժ Սարգսյանին է սատարելու։
– Չէ, գիտեք, դրանք երեւի պատերի տակի զրույցներ են, կոնկրետ որոշում չկա. թե՛ քաղխորհրդում, թե՛ խմբակցությունում նման հարցեր չեն քննարկվել։
– Իսկ ե՞րբ եք քննարկելու այդ հարցը:
– Երբ Ծառուկյանը որոշի: Չգիտե՞ք: Երբ կորոշի, այդ ժամանակ էլ կքննարկենք ու կհայտարարենք մեր որոշումն ու մեր կարծիքները։
Մոտավորապես նույնաբովանդակ էր մեր զրույցը մեկ այլ կարկառուն ԲՀԿ-ականի՝ Մարտուն Գրիգորյանի հետ։
– Պարոն Գրիգորյան, «Բարգավաճ Հայաստանը» պատրա՞ստ է Կոնգրեսի հետ
համատեղ պայքարի՝ Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու համար, կարո՞ղ է նման համագործակցություն լինել, հնարավոր համարո՞ւմ եք, թե ոչ։
– Մեր կուսակցությունում, մեր խմբակցությունում, մեր քաղխորհրդում նման քննարկումներ չեն եղել, ես տեղյակ չեմ այս հարցից, եւ եթե անհրաժեշտություն լինի, բնականաբար, կուսակցությունում, կարծում եմ,
քննարկումներ կլինեն։ Այդ ժամանակ մենք մեր դիրքորոշումը հստակ կունենանք։
– Այսինքն, այս թեմայով Հայ ազգային կոնգրեսի հետ է՞լ քննարկում չի եղել։
– Ես որքանով տեղյակ եմ, այս պահի դրությամբ քննարկումներ չկան, իմ անձնական ինֆորմացիան եմ ասում՝ նման բան չկա: ԲՀԿ-ի ձայները ցույց են տվել, որ մենք ծանրակշիռ֊ կուսակցություն ենք, եւ բնականաբար, եթե ԲՀԿ-ն ուզենա նմանատիպ բաներ անել, շատ բան կարող է անել։
– Բայց հարցն այստեղ այն է՝ ուզո՞ւմ է, թե՝ ոչ։
– Դե, այդ հարցի շուրջ քննարկում չի եղել:
Զրուցեցինք նաեւ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ։ Մեր նույն հարցին նա պատասխանեց. «Բարգավաճ Հայաստանը» եւ Հայ ազգային կոնգրեսը խորհրդարանում ակտիվ համագործակցում են, եւ մասնավորապես ՀԱԿ–ի ներկայացրած վերջին նախագծում Ընտրական օրենսգրքի վերաբերյալ մեզ համար բավականաչափ ընդունելի դրույթներ կան, եւ մենք անպայմանորեն, կարծում եմ, որոշակի դրույթների շուրջ կգանք կոնսենսուսի։ Իսկ ինչ վերաբերում է պարոն Զուրաբյանի մնացած դիտարկումներին, թույլ տվեք՝ չմեկնաբանեմ»։
Մի խոսքով, «Բարգավաճ Հայաստանը» շարունակում է խուսափել այս թեմայի շուրջ կոնկրետ հայտարարություններ անելուց։ Երբ Լեւոն Զուրաբյանին հարցրինք, թե ինչպես է վերաբերվում նրան, որ իր վերոնշյալ հայտարարությունը ԲՀԿ-ականները հրաժարվում են մեկնաբանել, նա պատասխանեց. «Հրաժարվում եմ մեկնաբանել»։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Հայկական ժամանակ»