Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կամուֆլյաժի քաղաքականություն

Հոկտեմբեր 23,2012 11:09

Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի զորամասեր, շփվել զինվորականության հետ: Նմանօրինակ այցերը հայաստանյան քաղաքական իրականության մեջ իրենցում անպայման որոշակի մեսիջներ են պարունակում: Մեսիջներն ուղղվում են կա՛մ արտաքին աշխարհին, կա՛մ ներքին քաղաքականության սուբյեկտներին:

Տեղի ունեցան մի քանի իրադարձություններ, որոնց ֆոնին Սերժ Սարգսյանի, այսպես ասած, զորանոցային այցը ուշագրավ երանգ է ստանում: Նախ՝ խոսակցություններ են գնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպման մասին, և չի բացառվում, որ դրանից առաջ Հայաստանը փորձում է որոշակիորեն ամրացնել իր բանակցային դիրքը ռազմականացված նման մեսիջով:

Երկրորդ ուշագրավ հանգամանքն այն է, որ Սերժ Սարգսյանը բոլորովին վերջերս Եվրոպայում էր՝ Բուխարեստում, որտեղ մասնակցում էր Եվրոպայի Ժողովրդական կուսակցության կոնֆերանսին և նաև ելույթ ունեցավ այնտեղ՝ խոսելով եվրոպական արժեքներին Հայաստանի նվիրվածության մասին: Սակայն չի բացառվում, որ Սերժ Սարգսյանի ելույթը հրապարակայնորեն ծափահարել են, իսկ հետո կուլիսներում նրան մատնացույց են արել այն բոլոր բացթողումները, որ առկա են երկրում բարեփոխումների կուրսի առումով:

Սերժ Սարգսյանին գուցե բավական հստակ հասկացրել են, որ իրականում իրենք դատելու են ոչ թե նրա գեղեցիկ եվրոպականացված ելույթներով, այլ կոնկրետ գործերով: Իսկ կոնկրետ գործերի առումով Սերժ Սարգսյանը քիչ բան ունի ցույց տալու եվրոպացիներին: Փոխարենը նրանք երևի թե ահագին բան ունեն նրա «աչքը խոթելու» համար: Եվ ահա, հնարավոր է, հենց սրա համար էլ Սերժ Սարգսյանը Եվրոպայից վերադարձից գրեթե անմիջապես հետո գնում է սահմանային զորամասեր՝ հավանաբար ցույց տալով, որ եթե Եվրոպան չշարունակի բավարար օժանդակություն ցուցաբերել իր իշխանական դիրքերին, ապա ինքը դրանք պահելու հարցում կանգ չի առնի անգամ պատերազմի վտանգի առաջ:

Եվ այստեղ էլ, ըստ ամենայնի, երրորդ ուշագրավ հանգամանքն է՝ ներքաղաքական: Սերժ Սարգսյանը փորձում է ցույց տալ, որ տիրապետում է բանակային տրամադրություններին, միշտ սպասված հյուր է այնտեղ և վայելում է զինվորականության աջակցությունը: Մյուս կողմից, Սերժ Սարգսյանը մշտապես թարմ է պահում արտաքին թշնամու շունչը՝ լավ իմանալով, որ այդ շունչը բավական մեծ ազդեցիկություն ունի ներքաղաքական զարգացումները կառավարելու տեսանկյունից:

Արտաքին թշնամին Հայաստանի իշխանություններին օգնության է հասնում ներքին «թշնամիների» դեմ պայքարի վճռորոշ ժամանակահատվածներում: Պատերազմի վտանգի գեներացիան նաև հնարավորություն է տալիս միշտ ձգած պահել հասարակությանը և հարկ եղած դեպքում քաշել «սանձը»: Հավանական է, որ Սերժ Սարգսյանը այս իմաստով պրոֆիլակտիկ այց է կատարել զորամասեր՝ Հայաստանի սահմաններ ու Լեռնային Ղարաբաղ:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031