Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչպես կարելի է կրկնապատկել հայոց բյուջեն դեկտեմբերին ինտերնետով

Հոկտեմբեր 22,2012 23:43

Դեկտեմբերին ամերիկացիները 586.1 միլիարդ դոլլար են ծախսելու Սբ. Ծննդյան տոների նվերների ու զարդարանքների վրա, որից 96 միլիարդը ծախսվելու է ինտերնետում: Այս 96 միլիարդ դոլլարից որքա՞նը կարող ենք բերել Հայաստան:

Այն ճանապարհը, որ ես կշարադրեմ այստեղ` 100 տոկոսանոց երաշխիք չէ, դրա համար վերնագրում գրեցի «կարելի է», սակայն կարող է և 1 ամսվա ընթացքում եռապատկել, կամ նույնիսկ քառապատկել մեր պետական բյուջեն, քանի որ անցած ճանապարհ է՝ փորձված ու հաջողված: Խոսքս ինտերնետային մանրածախ առևտրի մասին է, հատկապես Սբ. Ծննդյան տոների շեմին: Տնտեսության այս ճյուղը կարող է ճեղքել ամեն մի շրջապակում և չի պահանջում նախնական մեծ կապիտալ. պարզապես անհրաժեշտ է մի քիչ խելամտություն եւ մի փոքր կապիտալ: Կարող եք նաև ընկերներով սկսել:

Ըստ Ամերկյան ազգային մանրածախ-առևտրականների ֆեդերացիայի (National Retail Federation) նոյեմբեր- դեկտեմբեր ամիսներին ամերիկացիները 586.1 միլիարդ դոլլար են ծախսելու Սբ. Ծննդյան տոների նվերների ու զարդարանքների վրա, որից 96 միլիարդը ծախսվելու է ինտերնետում:

Ես, չկարողացա գտնել, թե ինչքան են եվրոպացիները ծախսելու Ծննդյան տոների նվերների ու զարդարանքների վրա այս տարի, բայց քանի որ նրանց շուկան ամերիկյանից մի քիչ ավելի մեծ է, եկեք ենթադրենք, որ մի այդքան էլ եվրոպացիները կծախսեն: Միայն ԱՄՆ-ում 96 միլիարդը ծախսվելու է ինտերնետում. իսկ սա նշանակում է, որ այլևս կարևոր չէ, թե ապրանքը որտեղից է գալիս.սահմաններն այստեղ քանդվում են: Ըստ Shop.org-ի` ինտերնետում կատարված տոնական առևտուրն այս տարի միայն ԱՄՆ-ում աճելու է 12 տոկոսով: Այս թվերը տարեց տարի աճել են և տենդենցը շարունակվում է:

Ի՞նչ է պահանջվում, որ այդ 96 միլիարդից գոնե 1 միլիարդը գա Հայաստան: Պատկերացնո՞ւմ եք` քանի՞ մարդ աշխատանք կունենար, եթե մենք հավելյալ 1 միլիարդ դոլարի ապրանք արտադրեինք ու փոստով առաքեինք ԱՄՆ` մեկ ամսվա ընթացքում:

Սա նոր հնարավորությունների հրաշալի մարտահրավեր է քեզ, հայ երիտասարդ, հայ ձեռնարկատեր. այստեղ պայմանները հավասար են, մրցակցությունն արդար, իսկ մեր երկիրն իր էժան աշխատուժի առկայությամբ ունի ակնհայտ առավելություն:

Ի՞նչ է անհրաժեշտ սկսելու համար

1. Վեբ Կայք : Ընդամենը մի քանի հարյուր դոլարով դուք կարող եք ունենալ պարզ ու սկսնակ Վեբ Կայք, ավելի բարդ ու առաջացած կայքերի համար Դուք հավանաբար  պետք է ծախսեք 1-3 հազար դոլար: Ձեր Վեբ Կայքն անպայման պետք է ունենա ինտերնետային առևտրի հնարավորություն (e-commerce solution): Սա բարդ բան չէ, եթե գիտեք ինչ եք անում: Ձեր վեբ-մաստերն այս հարցը կլուծի ձեզ համար: Շատ լավ կլինի, եթե ձեր կայքը հեռախոսով առեւտուր անելու հնարավորություն ունենա (mobile-enabled): Սա ավելի շուտ մարկետինգի հարց է եւ այս հոդվածի շրջանակից դուրս, սակայն mobile-enabled կայքն այսօր այնքան կարևոր է, որ գոնե նշենք այստեղ այդ մասին:

2. Ապրանք – Ձեզ պետք է ապրանք, որ վաճառեք ձեր կայքի միջոցով ու առաքեք փոստով: Հաշվի առնելով, որ մեր երկրում մեծ քանակությամբ մարդիկ աշխատանք են փնտրում, դուք պետք է որ գտնվեք մրցունակ վիճակում` արագ ու էֆեկտիվ արտադրություն կազմակեպելու համար: Հատկապես, եթե ձեռքի աշխատանք եք կազմակերպում եւ այն հիմնում մարզերում: Լավ գործ արած կլինեք` մարդկանց իրենց հողին կապելով:

 

Ի՞նչ արտադրել ու վաճառել

Ընտրեք կամ արտադրեք ապրանք, որ այս տոնական շրջանին ավելի պահանջված են: Հաշվի առեք, որ դուք այդ ապրանքն առաքելու եք փոստով. հետեւաբար, ընտրեք այնպիսի լուծումներ, որ ձեր ապրանքի առաքման ծախսի հետ միասին կունենա ավելի մրցունակ գին, քան ԱՄՆ-ում կամ Եվրոպայում վաճառվող նույնատիպ ապրանքը: Ուսումնասիրեք ամերիկյան եւ եվրոպական ապրելակերպն ու սովորույթները: Տեսեք ինչ են առնում, ինչ են նվիրում, ինչպես են զարդարում իրենց տներն այս տոնական սեզոնին: Օրինակ, կարող եք սկսել ինետերնետում փնտրելով, “Best Christmas Gift Ideas” կամ “Top Selling Christmas Gifts.”

Ուրիշ որտեղ կարելի է վաճառել մեր ապրանքը:

Եթե չունեք վեբ կայք, բայց ունեք ապրանք, դուք կարող եք նաեւ ձեր ապրանքը վաճառել արդեն լավ հաստատված մեծ առևտրական վեբ կայքերում: Օրինակ, Amazon.com-ն ունի «Վաճառիր Amazon-ում» կարելիությունը (Sell on Amazon): Սա շատ լավ հնարավորություն է հենց հիմա ձեր ապրանքն այնտեղ վաճառելու համար: Հաջորդ լավ հնարավորությունն է eBay-ը. eBay-ում ձեր ապրանքը վաճառվում է աճուրդի միջոցով: Հազարներով անհատ մարդիկ մեկ միլիոն դոլարից ավելի եկամուտ են ապահովել eBay-ի միջոցով:

 

Ամփոփում

Այս հոդվածի վերնագիրն է «Թե ինչպես կարելի է կրկնապատկել հայոց բյուջեն դեկտեմբերին»: Խոսքն անշուշտ չի վերաբերում այս դեկտեմբերին, թեեւ մեր ազգի  գործարարական ջիղն ու  միտքն արագ աշխատեցնելու դեպքում մեծ հաջողություններ կարելի է արձանագրել այս տարի, ինտերնետային առեւտրի ասպարեզում: Հիմա կասեք, ինչպե՞ս կարելի է մի քանի կամ մի քանի տասնյակ այսպիսի բիզնեսների միջոցով կրկնապատկել մեր պետության բյուջեն մեկ ամսվա ընթացքում: Լավ… թող չլինի մի քանի տասնյակ, այլ մի քանի տասնյակ հազար երիտասարդական փոքր բիզնես-ձեռնարկներ, քանզի փոքր բիզնեսի հաջողությունը տնտեսության ողնաշարի առողջությունն է: Բայց ահա մի քանի թվեր, թե միայն ԱՄՆ-ում անհատ խանութներ, ինչ առեւտուր են գրանցել միայն ինտերնետում, միայն իրենց վեբ կայքի միջոցով: Իմիջայլոց, սրանց ապրանքների առյուծի բաժինը չի արտադրվում ԱՄՆ-ում:

Amazon.com-ը 2011 թվականի 4-րդ եռամսյակում (տոնական առևտրի եռուն շրջանը) ունեցել է 17.43 միլիարդ դոլարի եկամուտ. սա 35 տոկոս աճ էր նույն ժամանակահատվածի 2010 թվականի արդյունքի վրա:

eBay-ը 2011 թվականի 4-րդ եռամսյակում ունեցել է 3.38 միլիարդ դոլարի եկամուտ, որից 2 միլիարդ դոլարը մաքուր շահույթ:

Macys.com-ն այս տարի ակնկալում է 2 միլիարդ դոլարի եկամուտ իր ինտերնետային առևտրից:

Այս ցուցակը կարող է շատ երկարել, բայց արդեն պարզ է, որ եթե մենք սկսենք եւ շուտով Հայաստանում ունենանք մի քանի այսպիսի ինտերնետային մանրածախ ձեռնարկություններ (online retailers),  ապա շատ արագ միայն այս մրցունակ սեկտորի միջոցով կարող ենք կրկնապատկել կամ նույնիսկ եռապատկել մեր պետական ազգային հարստությունը, բազում աշխատատեղեր ստեղծել մեր երկրում եւ ծաղկուն ապագա մեր հայրենակիցների համար: Իսկ թե ինչպես սկսած փոքր կամ միջին ինտերնետային առևտրով զբաղվող վեբ կայքերը հասցնել eBay-ի կամ Amazon.com-ի մեծությանը, դա արդեն մարքետինգի հարց է և մի նոր հոդվածի նյութ: Իսկ կարևորը սկսելն է ու այս սեկտորը զարգացնել Հայաստանում:

 

Արմեն Հարեյան
Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն
www.huliq.comwww.emaxhealth.comwww.TorqueNews.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031