«Ես առաջին հիպի պատգամավորը կլինեի, որը շատ զիլ կլիներ»,- մինչեւ պատգամավոր դառնալը՝ այսպիսի խոստում էր տվել երգչուհի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը:
Այսօր Aravot.am-ը պատգամավորից հետաքրքրվեց՝ կատարե՞լ է իր այսպես ասած՝ նախընտրական խոստումը, հիմա ինքը հիպի պատգամավո՞ր է եւ ի՞նչ է արել այդ ուղղությամբ: Նա պատասխանեց. «Ես այնպիսին եմ, ինչպիսին որ եղել եմ՝ միշտ իմ գործով: Դա ցուցադրական բնույթ չի կրում: Դա էություն է: Դա ապրելու ինչ-որ չափանիշներ են: Հիպիի չափանիշը սեր եւ խաղաղությունն է»: Մեր դիտարկմանը, որ մտածեցինք` Ձեր արտաքինը նաեւ պիտի լինի հիպիի լինի՝ պատգամավորը պատասխանեց. «Ո՞նց կարելի է այդպես մակերեսային խոսել մի ամբողջ ուղղության մասին, որը հեղափոխեց ամբողջ 60-ական թվականները՝ պատերազմներին դեմ, ամեն ինչին դեմ: Նույնիսկ դիալոգների մեջ խաղաղությունը պետք է լինի: Ամեն ինչի հիմքում պետք է լինի սերը»:
Մեր հարցին՝ իսկ խորհրդարանում ուրիշ հիպի պատգամավորների տեսնո՞ւմ եք, Շուշան Պետրոսյանը պատասխանեց. «Ես աշխատանք եմ տեսնում: Գուցե դա չտեսնեմ, բայց ես տեսնում եմ աշխատանք, որն ինձ համար շատ կարեւոր է: Այսինքն՝ գործ եմ տեսնում»: Մեր դիտարկմանը, որ Դուք արվեստի մարդ լինելով, ռոմանտիկ լինելով՝ մի տեսակ տարբերվում եք այս քաղաքական դաշտից, արվեստի մարդը պետք է ազատ լինի, իսկ Դուք խմբակցության որոշումներին ո՞նց եք ենթարկվում, սկզբունքների հարց չի՞ լինում,՝ Շուշան Պետրոսյանը պատասխանեց. «Դա հենց սկզբունքն է, որը պիտի լինի անպայման: Բայց դուք չգիտեք, թե ինչ է կատարվում ներսում: Ներսում լինում են բախումներ, խոսակցություններ, բանավեճեր, դա շատ ավելի կարեւոր է: Որովհետեւ ի՞նչ գիտես, գուցե եւ քո գաղափարը լինի գերիշխողը, հաղթի եւ ինչու չէ՝ նաեւ դու ուղղություն տաս: Ամեն ինչ հնարավոր է: Ամեն դեպքում շատ հետաքրքիր են ինձ համար մեր խմբակցության հավաքները»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև