Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի երիտասարդությանը մտահոգում է զբաղվածության հարցը

Հոկտեմբեր 22,2012 22:34

Այսօր Կապանում մարզի  ակտիվ երիտասարդների, բարձրագույն եւ միջնակարգ ուսումնական հաստատությունների ուսանողների, ուսխորհուրդների նախագահների հետ քննարկվեցին եւ վեր հանվեցին մարզի երիտասարդության հիմնախնդիրները, բարձրացվեցին առաջարկներ, որոնք հետագայում պետք է հաշվի առնվեն եւ տեղ գտնեն ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից երիտասարդության ակտիվ գործունեության խթանմանն ուղղված  եւ աշխատանքների կանոնակարգման նպատակով մշակվող  նոր ռազմավարության մեջ: Այդ նախագծի հիման վրա էլ  կառավարության կողմից որոշում կհաստատվի:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արմեն Պապյանը նշեց, որ նոր նախագիծը պետք է լինի իրատեսական, քանի որ 2008-2012թթ.-ի համար մշակված ռազմավարության մի շարք կետեր դժվար իրականանալի էին կամ անիրականանալի:   «Մեր նախարարության աշխատակիցներից, միջազգային կառույցների, հ/կ-ների  ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումը գրեթե 3 շաբաթ աշխատելուց հետո ուրվագծեց հիմնական գերակայությունները նոր ռազմավարության  եւ միջոցառումների հիմնական շրջանակը, որով մենք պատրաստվում ենք քննարկումներ կազմակերպենք ոչ միայն Սյունիքի մարզում, այլեւ` հանրապետության մյուս մարզերում, եւ տեղերում կլսենք երիտասարդության հուզող հիմնախնդիրները, նախագծի վերաբերյալ առաջարկություններ ու գաղափարներ», – նշեց պարոն Պապյանը: Իսկ Կապանում կազմակերպված քննարկման ժամանակ հարցերն ու առաջարկները տարբեր էին, սկսած երիտասարդության զբաղվածության խնդիրներից` մինչեւ ինֆորմացիոն դաշտի սուղ լինելը: Որպես հեռավոր մարզ, Սյունիքի երիտասարդությունը չի տիրապետում լիարժեք իֆորմացիայի եւ  իրականացվող շատ-շատ ծրագրերի, որի պատճառով հետ է ընկնում մայրաքաղաքի եւ մոտակա մարզերի երիտասարդությունից:

«Շփվելով երիտասարդության հետ` ես կարող եմ համոզված ասել, որ այստեղ կա  որակյալ ռեսուրս, ինտելեկտով եւ մի շարք այլ  հարցերով մենք գերազանցում ենք մայրաքաղաքի երիտասարդությանը, մնում է հնարավորություններ ստեղծվեն եւ մեր մարզի, մեր քաղաքի երիտասարդությունը շատ ու շատ բարձունքների կհասնի: Կարեւորն այն է, որ  ինֆորմացիան ու ծրագրերը չկենտրոնացվեն  մայրաքաղաքում ու մոտակա մարզերում, այլ տեղափոխվեն նաեւ  հեռավոր այս մարզ», – ասաց  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Սյունիքի մարզային կենտրոնի աշխատակից, համակարգողի օգնական Տիգրան Մկրտչյանը: Քննարկման ժամանակ բարձրացվեց նաեւ մեկ շատ կարեւոր հարց, որ այլընտրանքային տարբերակ մշակվեր, որպեսզի բուհն ավարտած ու առանց աշխատանքի մնացած երիտասարդների աշխատանքի ընդունման հարցը լուծվեր պետության միջնորդությամբ: Եթե նախկինում  ուսանողն ավարտելուց հետո գործուղվում էր տարբեր գործարաններում աշխատելու առանց աշխատանքային փորձ ունենալու` «երիտասարդ մասնագետ» կարգավիճակ ստանալով, ապա ներկայումս բուհն ավարտած ուսանողը չի կարողանում առանց համապատասխան փորձի աշխատանք գտնել, քանի որ գործատուները պահանջում են փորձառու մասնագետներ: Առաջարկ եղավ նախկինի պես պայմանավորվածություններ ձեռք բերվեր գործատուների եւ բուհերի միջեւ, թեեւ  ներկայիս շուկայական պայմաններում դա բարդ կլինի, բայց հնարավոր է մոտեցման նոր ձեւ մշակել եւ երիտասարդությանը մտահոգող զբաղվածության հիմնախնդիրը հնարավորինս լուծել: Մասնակիցներից մեկն անկեղծացավ, որ բանակից վերադարձել է եւ շինարարի իր մասնագիտությամբ երկար ժամանակ է աշխատանք չի կարողանում  գտնել, նույնիսկ` որպես պրակտիկանտ է փորձել աշխատել շինարարական կամզակերպություններում, շատերի դռներն է բախել, բայց բոլորի կողմից մերժում է ստացել,  պատճառաբանել են, որ  չեն կարող նրան ընդունել, քանի որ պետք է հավելյալ հարկեր վճարեն պետությանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031