Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրահայ համայնքի ներկայացուցիչ. մենք սովորում են հայերենը եւ հայոց պատմությունը

Հոկտեմբեր 22,2012 22:27

Երեկ Armenia Delux Complex-ում տեղի ունեցավ  Hay Party Tbilisi-Yerevan խորագրով համերգային ծրագիր՝ նվիրված հայ վրացական բարեկամությանը եւ մշակութային կապերի ամրապնդմանը: Միջոցառման կազմակերպիչ Արման Կարապետյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկոն անցկացնելու գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ օգոստոսին «Երիտասարդության կամք» ռազմահայրենասիրկան հ/կ-ի կազմում երիտասարդները  համերգներով  հանդես եկան Վրաստանում. «Հայկական եւ վրացական երգերի, պարերի, ասմունքի եւ այլ մշակութային միջոցառումներով ցանկանում ենք ամրապնդել վրացահայ համայնքի հետ շփումը: Առաջիկայում Թբիլիսիում նույնպես կկայանա նմանատիպ տոնական երեկո»: Վրացահայ համայնքի ներկայացուցիչ Լարիսա Հարությունյանը հայտնեց, որ օգոստոսին վիրահայերը հավաքվել են Թբիլիսիի նորաբաց լճի հարեւանությամբ եւ համերգային երեկո կազմակերպել. «Չնայած այն հանգամանքին, որ անձեւ էր տեղում, ոչ մեկը չհեռացավ:  Դրանից հետո որոշեցինք միջոցառում կազմակերպել նաեւ Երեւանում: Կարծում եմ՝ Հայաստանի եւ Վրաստանի հայ երիտասարդներն ունեն միմյանց հետ շփվելու պատրաստակամություն: Վրաստանի հայ համայնքը լավ վիճակում է. մեր սրբազանը հոգ է տանում բոլորի մասին եւ նպաստում համայնքի ամրապնդմանը: Երիտասարդները եկեղեցասեր են եւ յուրաքանչյուր կիրակի հավաքվում են սուրբ Էջմիածին եկեղեցում, սովորում հայերեն եւ հայոց պատմություն: Այդ կերպ մենք ստանում են այն, ինչը հանգամանքների բերումով չենք ունեցել. համայնքի մեծամասնությունը չգիտի հայերեն խոսել եւ գրել»:

«Երիտասարդության կամք» հ/կ-ի նախագահ Աննա Գրիգորյանի խոսքով. «Կարեւոր է այն հանգամանքը, որ հավաքույթը երիտասարդական է: Ժամանակն է, որ երկու երկրների հայ երիտասարդները ճանաչեն միմյանց եւ երիտասարդական կամուրջ հաստատեն: Վրաստանը տարածաշրջանի միակ քրիստոնյա երկիրն է, հետեւեաբար, պետք է քրիստոնեական արժեքները միասնաբար պահպանել: Առաջիկայում դեպի Վրաստան կազմակերպվելիք ուղեւորության  ժամանակ մեր երիտասարդները կայցելեն երկու հայկական եկեղեցիներ եւ հայկական արվեստի կենտրոն, բացի այդ` մեզ հետ տանելու ենք հայրենասիրական գրականություն»: Աննա Գրիգորյանը վստահ է, որ Վրաստանի եւ Հայաստանի հայերի միջեւ շփման հարցում խոչնդոտներ չեն առաջանում. «Քաղաքական փոքրիկ ինտրիգները, ինչպիսիք են հայկական դպրոցների եւ եկեղեցիների  հանդեպ վերաբերմունքը, չեն կարող հարաբերությունների վրա առանձնակի հետեւանքներ ունենալ»:

«Անմար կրակներ» ռազմահայրենասիրական հ/կ-ի նախագահ, արցախյան հերոսամարտի ազատամարտիկ Ասիա Բարխուդարյանը հայտնեց, որ կազմակերպությունը վերջերս հրատարակել է «Գարեգին Նժդեհ` ազգային-պետական հավատամք» գիրքը, որ կվիրվի միջոցառման մասնակիցներին. «Գիրքն ընդգրկում է Նժդեհի կյանքը, ասույթներ նրա մասին: Այն նախատեսված է զինծառայողների, բուհերի ուսանողների եւ դպրոցականների համար»:

Հերոս-կինը երիտասարդներին եւ աշխարհին խաղաղություն է ցանկանում. «Թող ոչ մի պետությունում այլեւս պատերազմ չլինի; Թող  ես լինեմ պատերզմը վերջինը տեսած սերնդի ներկայացուցիչը»:

Երիտասարդ կատարող, արվեստագետ Վարդան Պետրոսյանը կարծում է, որ Հայաստանի եւ Վրաստանի ժողովուրդները վերջին տասնամյակում առավել շատ են շփվում եւ մշակութային երկխոսություն հաստատում. «Դա մեր պատմությունը վերարտադրելու եւ դրան շարունակականություն հաղորդելու միջոց է: Առիթը մշակույթն է՝ մեր երգը, պարը, խոսքը, որոնք ինքնին լեզու են եւ պետության նկարագիր»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031