Ռուսաստանում ձերբակալվել է նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ զանգվածային անհանգստություններ կազմակերպելու մեջ մեղադրվող ընդդիմադիր երկրորդ գործիչը՝ Լեոնիչ Ռազվոզժաեւը։ Արդար Ռուսաստան կուսակցության անդամ Ռազվոզժաեւը, ինքնակամ հանձնվելով, ընդունել է անկարգություններ կազմակերպելու գործում իր մասնակցությունը։
Սակայն ինչպես նրա աջակիցներն են ասում, Ռազվոզժաեւին առեւանգել են Ուկրաինայում, ուր նա մեկնել էր քաղաքական ապաստան խնդրելու նպատակով։ Համացանցում տեղադրված մի տեսագրության մեջ, որը ցույց է տալիս նրա ձերբակալման փաստը, Ռազվոզժաեւը բացականչում է, որ իրեն ՝՝ենթարկել են տանջանքների եւ առեւանգել Ուկրաինայից՛՛։
Ռազվոզժաեւը Ձախ ճակատ կուսակցության դեմ անցյալ շաբաթ սկսված գործով երկրորդ կալանավորված գործիչն է։ Կուսակցության առաջնորդ Սերգեյ Ուդալցովն այս պահին գտնվում է ոստիկանության կալանատանը։
Այլ հաղորդագրությունների համաձայն, Կրեմլի դեմ երգով հանդես եկած Pussy Riot խմբի անդամների դատապաշտպանը հայտարարել է, թե իր պաշտպանյալներին տեղափոխել են Մոսկվայից շատ հեռու գտնվող բանտեր։ Նրա խոսքերով, Մարիա Ալյոխինան այժմ գտնվում է Պերմի մարզի Ուրալյան լեռներում, Նադեժդա Տոլոկոննիկովան՝ Մորդովայի կենտրոնական գավառներից մեկում։
Աղջիկները շարունակում են պնդել, որ իրենց հանպատրաաստից գործողությունը եղել է քաղաքական ակտ եւ չի եղել հարձակում ընդդեմ կրոնական արժեքների։