ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի` Գյումրու քաղաքապետ ձեռնադրվելուց 5 օր անց` հոկտեմբերի 16-ին, Շիրակի մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Գյումրու քաղաքապետարանի բյուջեի եկամուտների հաշվառման բաժնի 7-8 աշխատակիցների կողմից աղբահանության կեղծ պայմանագրեր սարքելու, իրավաբանական ու ֆիզիկական անձանց դրամաշորթության ենթարկելու փաստի առթիվ:
Այս գործով քննիչ Կարեն Գաբրիելյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ 2006-2011 թվականներն ընկած ժամանակահատվածում Գյումրու քաղաքապետարանի վերոհիշյալ բաժնի աշխատակիցները, չարաշահելով պաշտոնեական դիրքը, և միմյանց հետ նախնական համաձայնության գալով, աղբահանության կեղծ պայմանագրեր են սարքել, իրավաբանական անձանցից խոշոր չափի գումարներ են գանձել, մեծ մասը յուրացրել են` քաղաքային բյուջե մուտքագրելով շատ քիչ գումար: Այսպիսով վերջիններս համայնքային բյուջեին խոշոր չափով վնաս են պատճառել:
Այժմ նախաքննական մարմինը պարզում է, թե այդ բաժնի որ աշխատողը ինչպիսի՞ մասնակցություն է ունեցել, ինչքա՞ն յուրացում է կատարել: Նշենք, որ քրեական գործը հարուցվել է Գյումրու քաղաքապետարանի բյուջեի եկամուտների հաշվառման բաժնի նախկին աշխատակից, սպանված զինվորի հայր Հենրիկ Մալխասյանի բողոքի հիման վրա:
Ամբողջ պատմությունը սկսվել էր նրանից, որ քաղաքապետարանի բյուջեի եկամուտների հաշվառման բաժնի պետ Համիկ Փափազյանը Հենրիկ Մալխասյանից պահանջել էր իր մեկ տարվա արձակուրդայինը նվիրել քաղաքապետարանի շենքի կառուցմանը: Եվ երբ որդեկորույս հայրը հրաժարվել էր փողը տալուց, այդ բաժնում անախորժ պատմություններ, ընդհուպ մինչև ծեծկռտոց էր սկսվել, որն ավարտվել էր ոստիկանության միջամտությամբ: Եվ քանի որ Հենրիկ Մալխասյանին քաղաքապետարանի իր կոլեգաները ոստիկանությանն էին հանձնել, վերջինս էլ, իր հերթին, ոստիկանությանը բողոք է ներկայացրել նրանց դեմ:
Կարդացեք նաև
Հենրիկ Մալխասյանը նախաքննական մարմին տեղեկացրել է, որ Գյումրու քաղաքապետարանի բյուջեի եկամուտների հաշվառման բաժնի պետ Համիկ Փափազյանը շինությունների ավարտական ակտերի գումարները բյուջե չի մուտքագրել, հավաքագրված աղբի վարձերից կեսը յուրացրել է, կեսն է մուտքագրել բյուջե, ավելին` քաղաքապետի կնիքն է կեղծել ու խանութներից աղբի վարձ հավաքելիս ձեռքի հետ էլ խմիչքի ու ծխախոտի տուրքեր է գանձել, որը նրա իրավասության մեջ չի մտել:
Ըստ բողոքավորի հաշվարկների` 4 տարվա ընթացքում Համիկ Փափազյանը 10 միլիոն դրամ փող է յուրացրել: Հենրիկ Մալխասյանը տվել է այդ բաժնի մի քանի աշխատակիցների անուններ` օրինակ Գագիկ Հովհաննիսյան, Կարինե Ղազարյան, Սոս Նահապետյան, Օլեգ Ղափլանյան, Արմինե Հարությունյան: Այժմ քննչական բաժինը պարզում է յուրաքանչյուրի գործած մեղքի չափը: Նշենք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1 , 2 , 3 կետերով: Հոդվածը կոչվում է« յուրացնելը կամ վատնելը» և բավականին խիստ պատիժ է սահմանում. «Յուրացումը կամ վատնումը, որը կատարվել է 1) պաշտոնեական դիրքն օգտագործելով 2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) խոշոր չափերով, նախատեսում է պատիժ ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:
Նշենք, որ նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ի տարբերություն Վարդան Ղուկասյանի օրոք աշխատած մյուս բաժնի պետերի, որոնք ինքնակամ հեռացան կամ հեռացվեցին, շարունակում է աշխատել քաղաքապետարանի բյուջեի եկամուտների հաշվառման բաժնի պետ Համիկ Փափազյանի հետ:
Մենք Գյումրու քաղաքապետարանի մամլո քարտուղար Զոհրապ Եգանյանից հետաքրքրվեցինք` տեղյա՞կ է արդյոք պարոն Բալասանյանը, որ դրամաշորթություն կատարելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ու որպես կասկածյալներ ներգրավված են մի ամբողջ բաժնի աշխատակիցներ: Գյումրու քաղաքապետարանից մեզ պատասխանեցին, որ նման տեղեկության չեն տիրապետում: Այսինքն ստացվում է, որ պարոն Բալասանյանը կադրեր է ընտրում առանց նրանց կենսագրությանը ծանոթանալու, մինչդեռ նորընտիր քաղաքապետը ի սկզբանե հայտարարում էր, որ վերացնելու է Գյումրու քաղաքապետարանում առկա կոռուպցիան, ավելին, նա զարմացել էր` լսելով, որ քաղաքապետարանից աղքատ բնակիչներին հասանելիք տեղեկանքները վաճառում են առասպելական գներով: Ի դեպ, պարոն Բալասանյանի նշանակած որոշ կադրեր իրոք զարմացնում են գյումրեցիներին, նրանցից մի քանիսը դեռ Վարդան Ղուկասյանի օրոք հասցրել են ավերակ դարձնել երբեմնի ճարտարապետական քաղաքն ու քաղաքի փողոցները:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ