2010-2011 թթ տվյալներով ՝ Հայաստանում պետական և ոչ պետական բուհերում սովորող ուսանողների թիվը մոտ 115.000 է. նրանք մեր երկրի երիտասարդներն են, արտասահմանցիները եւ սփյուռքահայերը: Դեռևս անցյալ տարվանից պետպատվերով տեղերը կրճատվել են մոտ 50 տոկոս, իսկ վճարովի համակարգում սովորում է ուսանողության մեծամասնությունը: Նրանցից շատերը վարձը վճարելու համար ստիպված են ուսումը համատեղել աշխատանքի հետ, սակայն դա կարող է հանգեցնել որոշ խնդիրների` հատկապես կրեդիտային համակարգում սովորողների համար, քանի որ դասերից երկար բացակայելու դեպքում նրանք կարող են հեռացվել համալսարանից: Բացի այդ, ինչպես պնդում են մի շարք ուսանողներ, աշխատանքը ազդում է ուսման որակի վրա: «Անձամբ ես ավելի շատ մտահոգվում են իմ աշատանքով, քանի որ միշտ էլ կա ազատվելու վտանգը: Իսկ այն այնքան էլ հեշտությամբ չեմ ձեռք բերել: Պարապում եմ միայն ստուգարքի կամ քննության նախօրեին»,-ասում է 21-ամյա Սուրենը:
Ստացվում է `աշխատանք են փնտրում ուսումը կիսատ չթողնելու համար, բայց դասի չեն գնում աշխատանքը չկորցնելու պատճառով: Եվ միայն քչերին է հաջողվում գտնել աշխատանք իրենց մասնագիտական ուղղվածությամբ: Այս դեպքում էլ գերադասում են բաց չթողնել հնարավորությունը, քանի որ վստահ չեն , որ դիպլոմ ստանալուց հետո կաշխատեն իրենց մասնագիտությամբ: «Եթե հիմա հնարավորություն է ընձեռնվում, ինչո՞ւ չօգտվել, ո՞վ կարող է երաշխավորել, որ հետո ես կունենամ այդ շանսը»,-ասում է 20-ամյա Արմենուհին:
Աշխատանք գտնել, սակայն, ոչ բոլորին է հաջողվում: Չնայած անցյալ տարիներին իրականացված արդյունավետ ծրագրերին ` Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը սեպտեմբերի 1-ի դրությամբ 63.8 հազար է: Այս մասին հայտարարել է «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը : Մեզ մոտ պաշտոնապես օրվա աշխատանքային ժամի տևողությունը միջինը համարվում է 8-ը: Սակայն կան ուսանողներ, ովքեր սովորում են երկրորդ հերթով: Այստեղ էլ ժամային անհամապատասխանության խնդիրն է:
Եթե արտասահմանյան մի շարք համալսարաններում ուսումը անվճար է կամ ուսանողները հեշտությամբ են գործի տեղավորվում, ապա մեզ մոտ, ինչպես պնդում են շատ երիտասարդներ, որոշ գործատուներ ամենից առաջ հաշվի են առնում դիմողի սովորելու հանգամանքը: «Ամռանը փորձեցի աշխատանք գտնել, սակայն հենց իմանում էին, որ սովորում եմ՝ թեկուզև հեռակա համակարգում, հրաժարվում էին՝ պատճառաբանելով, թե էլ աշխատող չունեն, որ փոխարինի ինձ»,-ասում է 21-ամյա Դիանան:
Կան նաև անվճար սովորող ուսանողներ, որոնք նույնպես ձգտում են աշխատել և ինչ-որ չափ օգնել իրենց ծնողներին: Մի մասին հաջողվում է, մյուսներին `ոչ: Մեծամասամբ դա պայմանավորված է աշխատանքային պայմաններով: «Չեմ ուզում ծնողներիս փողով ապրեմ, ուզում եմ ինքնուրույն լինել, բացի այդ՝ իմ մասնագիտության պարագայում պիտի պրակտիկա ունենաս, իսկ ամենակարևորը՝ շատ եմ սիրում լրագրողի գործը»,-ասում է 19-ամյա Գայանեն:
Նազենի Բաղդասարյան