Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավորինս պետք է նվազեցվի ավանդական գրիչի ու տետրի օգտագործումը». Գեւորգ Թադեւոսյան

Հոկտեմբեր 22,2012 18:07

Երեք օր շարունակ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Կուլտուրայի» ֆակուլտետում կլինի տոնական տրամադրություն: Անցկացվող միջոցառումները նվիրված են ՀՊՄՀ-ի 90-ամյակին: Առաջինը «Պարարվեստի մանկավարժություն» բաժնի պարային համույթի ելույթն էր, որին մասնակցում էր նաեւ ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Նա իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր օգնել են համալսարանի զարգացմանը, ապա ասաց, որ մեր երկրում շատ մեծ ուշադրություն է դարձվում ԲՈՒՀ-ական կրթությանը:
«Կա մի պարզ ճշմարտություն. համալսարանների շուրջ պետք է ձեւավորվի այն անհրաժեշտ քաղաքական, տնտեսական, բարոյահոգեբանական մթնոլորտը, որը կարող է ապահովել ցանկացած հասարակության, պետության զարգացումը: Հայ ազգային դպրոցի զարգացումը շատ հաճախ կախված է Մանկավարժական համալսարանի հաջող գործունեությունից»,- նշեց ՀՊՄՀ-ի ռեկտորը:
«Կուլտուրայի» ֆակուլտետի դեկան Գեւորգ Թադեւոսյանն էլ շնորհավորեց բոլոր ՀՊՄՀ-ականներին: Ցանկացավ, որ նրանք ճիշտ օգտագործեն իրենց ստացած գիտելիքները եւ դառնան հանրապետության լավագույն մասնագետները:
Մեզ հետ զրույցում դեկանը պատմեց, որ 1974-1978 թթ. եղել է Մանկավարժական համալսարանի ուսանող: 1986 թվականին ավարտելով Լենինգրադի մշակույթի ակադեմիայի ասպիրանտուրան, դասավանդել է «Կուլտուրայի» ֆակուլտետում, 1991 թվականից եղել է ֆակուլտետի փոխդեկան, իսկ 2011 թվականից ` արդեն դեկան: Նկատել է, որ այսօրվա ուսանողները տարբերվում են իր ժամանակի ուսանողներից. «Այսօրվա ուսանողները ոչ թե ավելի լավն են, այլ ուղղակի ուրիշ աշխարհայացք ունեն, ինչը բնական է: Կարծում եմ, որ ուսումնական գործընթացի որոշ բաղադրիչներ պետք է փոխվի»:
Ի տարբերություն իրենց սերնդի, այսօրվա ուսանողը, ցավոք, քիչ է կարդում, չնայած շատերն են պնդում, որ համացանցի այս դարում երիտասարդությունը ՏԵՂԵԿԱՑՎԱԾ է: Սակայն դա դեռեւս գիտելիք չէ: Իհարկե, խոսքը վերաբերում է գիտելիքահենք տեղեկացվածությանը: Սրանում, անշուշտ, նրանք մեղավոր չեն. Ժամանակն է թելադրում… արագություն… արագություն… որի ընթացքում կորուստները մեծ են լինում: Պարզապես ուսուցման գործընթացում պետք է որոնել-գտնել այնպիսի նոր ձեւեր ու հնարներ, որոնք համահունչ կլինեն այսօրվա մարդու հոգեւոր, բարոյական, մտածական կերտվածքներին,- կարծում է դեկանը:
«Մեր համալսարանի շրջանավարտների մոտ կեսը գտնում է աշխատանք, ինչը մեր օրերում շատ դժվար է: Կցանկանայի միայն արտասահմանյան լավագույն փորձը ներգրավեինք, արտագնա պրակտիկաներ կազմակերպեինք, որպեսզի ուսանողները շփվեին արտասահմանյան մասնագետների հետ, այնտեղ տեսնեին իրենց գործընկերների աշխատանքները: Մասնագիտական շփումը շատ բան կարող է տալ: Կան բաներ, որ մենք իրենցից պետք է սովորենք, եւ հակառակը: Անելիքներ շատ ունենք, բայց դա ժամանակի հարց է»,- ասում է Թադեւոսյանը:
Նրա խոսքով, դասապրոցեսին հնարավորինս պետք է նվազեցվի ավանդական գրիչի ու տետրի օգտագործումը: Դա Բոլոնյան համակարգի առավելություններից մեկն է. «Նա պետք է իմանա, թե հաջորդ օրը ինչից է խոսելու դասախոսը, որպեսզի պատրաստվի ու դասի ժամանակ ծավալի առողջ երկխոսություն, այլ ոչ թե նստի ու միայն սղագրի»:

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031