Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահականը նախկին ոստիկանին 9,600 դոլարով օգնել է, բայց նա մինչեւ վերջ պայքարելու է ոստիկանության դեմ

Հոկտեմբեր 22,2012 17:52

Նախկին ոստիկան Մխիթար Ալումյանը, որն իր արտաժամյա աշխատանքի մոտ 4 միլիոն դրամ գումարները ոստիկանությունից ստանալու համար էլ հացադուլ, էլ ինքնահրկիզման փորձ արեց, նույնիսկ իր անչափահաս երեխաների հետ նախագահի նստավայրի ու ոստիկանության գլխավոր շենքի մոտ մի քանի անգամ բողոքի ակցիաներ կազմակերպեց՝ այդպես էլ չստացավ իր հավելավճարները: Սակայն, պարզվում է, այդ հավելավճարները ոչ թե 4 միլիոն դրամ է, այլ 6 միլիոն. այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մխիթար Ալումյանը: Նրա ներկայացմամբ` գլխավոր դատախազության հատուկ քննչական ծառայությունը գրավոր հաստատել է, որ Մխիթար Ալումյանը պետական պահպանության վարչությունում ծառայել է 2002-2011 թվականներին, եւ արտաժամյա ծառայությունը կազմում է շուրջ 10 հազար ժամ է, որն էլ կազմում է 6 միլիոն դրամ:

Ալումյանի գործով զբաղվում է «Շահերի պաշտպանության աջակցության կենտրոնը», որն էլ սպասում է ֆինանսների նախարարության հաշվարկներին` թե Ալումյանի 10 հազար ժամ չվճարված աշխատանքի տոկոսները որքան են կազմում, որպեսզի խնդիրը լուծվի դատարանի միջոցով:

Իսկ դատարան դիմելու համար, ըստ Ալումյանի, նաեւ հորդորել են ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանն ու ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոման Մկրտումյանը. «Գրել էին`կարող եք դիմել դատարան, եւ դատական կարգով պահանջել ձեր գումարը: Ես էլ մինչեւ վերջ պայքարելու եմ, մինչեւ վերջ, ու իմ վաստակած գումարն ամբողջությամբ պիտի ստանամ»:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը Մխիթար Ալումյանին 5000 դոլար գումար է տրամադրել, սակայն որպես հանգանակություն:

Նախկին ոստիկանի խոսքերով` դատարանի միջոցով ոստիկանությունից պահանջելու է վնասի փոխհատուցում, չվճարված գումարի տոկոսներ, տույժ-տուգանք, եւ ընդհանուր առմամբ, պահանջվող գումարը մոտ 9 միլիոն դրամ է:

Հիշեցնենք նաեւ, որ Մխիթար Ալումյանի բողոքի ակցիայի հիմնական պատճառն իր անչափահաս երեխաներին կերակրելու ու հաշմանդամ դստեր վիրահատության համար գումար չունենալն էր:

11-ամյա Կարինե Ալումյանի աչքերի վիրահատության համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տրամադրել է 8000 դոլար: Նախկին ոստիկանի պատմելով, նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանն էլ 1600 դոլար է տրամադրել դեղորայքի եւ ախտորոշման համար, բացի այդ, 400 հազար դրամ էլ պարոն Հովսեփյանը տվել է, այսպես ասած`յոլա գնալու համար. «Տվեց ու ասեց` մինչեւ աշխատանքի անցնեմ ու աշխատավարձ ստանամ, գոնե 5 էրեխեքս սոված չմնան»:

Ներկայումս Մխիթար Ալումյանն աշխատում է որպես պայմանագրային զինծառայող, եւ մեզ հետ զրույցում նախկին ոստիկանը վստահեցրեց, որ ոչինչ իրեն չի կանգնեցնի ոստիկանության դեմ պայքարում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031