Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Կարաչունսկի. Արյունաբանական կենտրոնի բյուջեն բավարար է միայն 5 երեխայի բուժելու համար (Տեսանյութ)

Հոկտեմբեր 22,2012 17:47

Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի կազմակերպած Մանկապատանեկան ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնի շրջանակում այսօր պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում՝ Մոսկվայի մանկական հեմատոլոգիայի, ուռուցքաբանության եւ իմունոլոգիայի գիտական կենտրոնի մասնագետների հետ: Բժիշկները ժամանել են փառատոնի «Դու մենակ չես…Միասին կհաղթենք…» ծրագրին մասնակցելու առթիվ:

«Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ, փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանը հայտնեց, որ փառատոնի բազմաթիվ ծրագրերի ցանկում առաջնահերթ կարեւորվում են սոցիալական ուղղվածության նախաձեռնությունները. «Արդեն երրորդ տարին անցկացվող ծրագրի թիրախը երեխաների առողջական խնդիրներն են: Մասնագետները Արյունաբանական կենտոնում կիրականացնեն բժշկական խորհրդատվություններ: Կարեւոր է այն հանգամանքը, որ պրոֆեսոր Մասչանից բացի, նաեւ հյուրընկալվեց պրոֆեսոր Կարաչունսկին»:

Մոսկվայի մանկական հեմատոլոգիայի, ուռուցքաբանության եւ իմունոլոգիայի գիտական կենտրոնի դոկտոր, պրոֆեսոր Ալեքսեյ Մասչանը նշեց, որ Արյունաբանական կենտրոնի մասնագետների հետ համագործակցությունը բժիշկներին թույլ կտա շփվել ինչպես հավասարը հավասարի հետ. «Մեր առջեւ դրել ենք կարեւոր նպատակ՝ համագործակցության լայն եզրեր հաստատել Մոսկվայի գիտական կենտրոնի եւ Արյունաբանական կենտրոնի միջեւ, քանի որ մենք նեղ մասնագիտացման բժիշկներ ենք, իսկ մեր համագործակցությունը զգալի աջակցություն կունենա մանկական հեմատոլոգիայի բնագավառում»:

Պրոֆեսորի խոսքով՝ փառատոնը նշանակալի իրադարձություն է՝ առանց կոմերցիոն նպատակների:

Դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Կարաչունսկին ասաց, որ նախկինում Հայաստան է այցելել գերմանացի գործընկերոջ հետ՝ սովետական նախկին գերիների աջակցման ծրագրի շրջանակում. «Արյունաբանական կենտրոնի հետ համագործակցելը մեծ պատիվ է: Վերջիվերջո, բժշկությունը ազգային հասկացություն է: Կոլեկտիվ աշխատանքի շնորհիվ կարող ենք ճիշտ եւ արդյունավետ ճանապարհներ գտնել՝ լեյկիմիայով եւ քաղցկեղի այլ տեսակներով տառապող երեխաներին օգնելու համար»:

Մասնագետի խոսքով՝ արյունաբանական կենտրոնի բյուջեն բավարարում է ընդամենը հինգ երեխայի բուժման համար. «Բայց հիվանդների մեծամասնությունը առողջանալու հնարավորություն ունի: Գենոֆոնդի պահպանման խնդրի առջեւ կանգնած Հայաստանում այդ հարցը պետք է ազգային-ստրատեգիական նշանակություն ունենա. այդ առումով կենտրոնի ֆինանսավորումն ավելացնելն անհրաժեշտություն է: Պետք չէ հույսը դնել միայն հովանավորների վրա: Կաշխատեմ ամեն ինչ անել, որ նաեւ գերմանացի գործընկերները օգնեն հայ երեխաներին»:

Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը տեղեկացրեց, որ մասնագետներն արդեն զննել են մի շարք հիվանդների, բացի այդ՝ կենտրոնի բժշիկների համար կազմակերպել սեմինար՝ «Ժամանակակից դեղերի ազդեցությունը ե դրանց կիրառման հնարավորությունները Հայաստանում» թեմայով:

Դաղբաշյանի փոխանցմամբ՝ կենտրոնի հսկողության տակ է գտնվում շուրջ 4000 հիվանդ, որոնցից 1050-ը մինչեւ 18 տարեկան երեխաներ են. «Նրանցից 200-ը հիվանդ է արյան լեյկիմիայով, իսկ բուժման համար անհրաժեշտ է կոլեկտիվ աշխատանք եւ խորհրդատվություն: Ներկա պահին հեմատոլոգների հետ քննարկվում է «Մոսկվա-Բեռլին պրոտոկոլը», որին ներգրավվելու դեպքում մեր հիվանդները կհսկվեն միջազգային մասնագետների կողմից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031