Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ դեսպանը ՝ Հայաստանում ընտրակաշառք բաժանելու մասին

Հոկտեմբեր 22,2012 17:37

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Հայաստանում մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները նախորդ բոլոր ընտրությունների համեմատ ավելի ժողովրդավարական են անցել:

Aravot.am-ը պարոն Սորոկինից հետաքրքրվեց՝ հայ դիտորդների արձանագրած խախտումները՝ օքսիդացող կնիքներն ու ընտրակաշառքը, որքանո՞վ են ազդել ժողովրդավարական ընտրությունների արդյունքների վրա:

«Մտածել է պետք, հետաքրքիր հարց է, պետք է մտածել, որ կողմից դրան պատասխանելն ավելի հեշտ կլինի»,- պատասխանեց պարոն Սորոկինը:

Մի քանի րոպե լռելուց հետո գործընկերոջը լրացրեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ուիլիամ Հենլոնը. «Լուրջ առաջընթաց կա ժողովրդավարական փորձի ու անցկացման առումով: Ընտրական օրենսգիրք է մշակվել, ընդունվել, որը ապացուցել է, որ շատ արդյունավետ է: Եղել են, իհարկե, խնդիրներ: Մեր կարծիքով, ընտրությունները տեխնիկապես լավ են անցել: Թանաքի հետ կապված խնդիրները ընդունվեցին ու քննարկվեցին, ինչպես դրանք լուծել»:

Պարոն Սորոկինին խնդրեցինք հստակեցնել ընտրություններում ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ մեր հարցի պատասխանը. «Մենք նախ եւ առաջ համագործակցում ենք գլխավոր դատախազության հետ: Նրանց հայտարարության մեջ հստակ ասված էր, եթե ընտրողը հաղորդում է ներկայացնում կաշառք առաջարկելու մասին, հաղորդում ներկայացնողը պատասխանատվությունից ազատվում է, համապատասխանաբար քրեական գործ կհարուցվի: Ուզում եմ ասել, որ մենք աշխատում ենք այստեղ տարբեր կառույցների հետ»:

Մեր հարցին, թե առաջիկա նախագահական ընտրություններում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու ամենամեծ խոչընդոտը ո՞րն է իր համար, պարոն Սորոկինը պատասխանեց. «Հայաստանի նախագահը, նախագահական ընտրություններին անդրադառնալով, հստակ նշեց, որ դրանք անցկացվելու են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտողություններին համահունչ: Մենք ստացանք երաշխիքներ ամենաբարձր պաշտոնյայից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031