Մեր հասարակության լայն զանգվածները թերևս տեղեկացված չեն 20-րդ դարի 2-րդ կեսում Արևմուտքում / առաջին հերթին ԱՄՆ-ում/ ծագած, նախապես աղանդների տեսքով հանդես եկող, իսկ ներկայում «ուսմունքի» վերածվող տիեզերական կրոնի մասին: Շատերը չգիտեն, որ վերջին շրջանում նաև որոշ ռուսական հեռուստաալիքներ ողողած տիեզերական եկվորների, աստղային պատերազմների, խորհրդապաշտական ձեռնածությունների վերաբերյալ «վավերագրական» և գեղարվեստական կինոնկարները նպատակաուղղված են տիեզերական կրոնի քարոզչությանը: Անգամ ամերիկյան, վերջին տարիներին նաև ռուսական, որոշ, այսպես կոչված, գիտահանրամատչելի «աստղագիտական» և «հնագիտական» բնույթի կինոնկարներն իրենց խեղաթյուրումներով, բացահայտ կեղծիքներով և թերասածություններով հանդերձ, ուղղակիորեն և անուղղակիորեն «անգնահատելի» ծառայություններ են մատուցում տիեզերական կրոնի քարոզչությանը: Հարկ է նշել, որ աղանդներն Արևմուտքում, մանավանդ ԱՄՆ-ում, սկսեցին սնկի պես աճել 19-րդ դարի 2-րդ կեսից: Նրանց քարոզչության առանձնահատուկ «հաղթաթղթերից» մեկը աշխարհի մոտալուտ կործանման /«ապոկալիպսիս»/ մասին բոթի շեփորահարումն է, որը մարդկանց մշտապես պետք է պահի սարսափի և վախի հոգեվիճակում: Քաջ հայտնի է, որ վախն ու սարսափը մարդկանց հոծ զանգվածներին հլու- հնազանդ վիճակում պահելու կարեվորագույն գործոնն են հանդիսանում :
Տիեզերական կրոնի առաջին աղանդներն էլ իրենց ուրույն տեղը զբաղեցրեցին Արևմուտքում շարունակաբար աճող աղանդների շարքում. «Այսօր արդեն դժվար է ասել, թե երբվանից է սկսել Տիեզերքը աստվածածնող հատուկ կրոնականության ծնունդը: Հավանական է, որ մարդկությանը փրկելու կոչված տիեզերական քաղաքակրթությունների հանդեպ հավատքը ծագել է դեպի տիեզերք կատարված խոյանքի նախօրերին: Իսկ գուցեև ավելի՞շուտ, երբ հանկարծ սկսեցին խոսել «թռչող ափսեների» մասին…Համենայնդեպս, Արևմուտքում հնարավոր է գտնել տարբեր հավատքների ընդարձակ նկարագրություններ: Ուֆաբանության նման գոյություն ունեն նույնիսկ առանձին գիտություններ, որոնք ուսումնասիրում են տիեզերական տարբեր կրոնների ծագումն ու զարգացումը: Մի քանի գիտնականներ փորձում են վերլուծել արևմտյան գիտակցության այդ երևույթը, բացահայտել դրա ծագման և գոյության մեխանիզմները»/Պ. Գուրևիչ/: Տիեզերական կրոնում Աստծո դերը փոխանցվում է տիեզերքում գտնվող գերքաղաքակրթությունների «պատգամավորներին», որոնք գալիս են մեր Երկիր մոլորակ իրենց «չբացահայտված թռչող օբյեկտներով»/ՉԹՕ/ և ձգտում մեզ փրկել դեպի կործանում տանող մեր մոլորություններից և ցանկանում են երկրայիններիս կյանքը նոր ուղու վրա դնել: Անշուշտ, տիեզերական կրոնի աղանդներն էլ իրենց «մարգարեները» / միջնորդներն/ ունեն միայն ոչ թե Աստծո և մարդկանց միջև, այլ գերքաղաքակրթությունների պատգամավորների և «թերզարգացած» երկրայիններիս միջև/. «Առաջինը Կալիֆորնիայի ավիաընկերություններից մեկի բանվոր Օրֆեո Անգելուչին է, ում 1946թ վիճակվել էր սեփական աչքերով տեսնել ՉԹՕ-ներ: Իր տպավորությունների մասին նա 1955թ հրատարակեց գիրք, որից հետո նա վերածվեց «մարգարեի», ով աշխարհին բացատրում էր ժամանակակից կրոնի «գաղտնիքները»: Արևմուտքում լույս տեսած նմանատիպ բազում գրքերի հերոս «մարգարեներից» ևս մեկի մասին հիշատակենք.«Ամերիկյան փոքրիկ քաղաքի մի բնակչի մոտ եկվոր էր հայտնվել Սիրիուս մոլորակից: Նա երկրայինին հայտնել է, որ մեր մոլորակ է ժամանել կարևոր առաքելությամբ. բացատրել, թե այսուհետև մարդկությունն ինչպես պետք է իրեն պահի, ինչի հավատա, ինչի ձգտի: Այդ բոլոր արժեքավոր խորհուրդները մարդկանց հաղորդելը հեշտ գործ չէ: Նրանք ունայնասեր են՝ թաղված ամենօրյա մեղավոր կյանքի մեջ: Լիովին հասկանալի է, որ այստեղ խելքը գլխին միջնորդ է պետք: Աննշան քաղաքի համեստ քաղքենուն էլ հենց դիմել է գերքաղաքակրթության ներկայացուցիչը: Առավոտյան ամերիկացին առանց կեղծ ամոթխածության հայտարարեց, որ նրան պատիվ է վիճակվել մեր երկրի վրա Սիրիուսի լիազոր ներկայացուցիչը լինելու: Մարդկությանն անխուսափելի կործանումից փրկելու կոչված, այլ քաղաքակրթության հետ այդ հանկարծակի շփումը, իհարկե, կարող էր հոգեբուժի հատուկ հետաքրքրությունն առաջացնել: Սակայն փոքրիկ քաղաքի բնակիչները լսելով երկնքի ընտրյալի հայտնությունները, անմիջապես փոխեցին իրենց կենսական ծրագրերը: Նրանք ստեղծեցին «Սիրիուսի բարեկամների»աղանդ և սկսեցին սպասել գալակտիկայի հետագա պատգամներին: Իհարկե, մեր երկրի վրա Սիրիուսի ինքնակոչ լիազոր ներկայացուցիչն էլ/«մարգարե»-միջնորդը/ կարգվեց այդ աղանդի ղեկավար…
Թերևս տիեզերական կրոնի սկզբնական «մարգարեներին» և նրանց ստեղծած աղանդներին առնչվող այս երկու օրինակով էլ առայժմ սահմանափակենք թռուցիկ ակնարկները տիեզերական կրոնի առաջին քարոզիչների մասին…
Արևմտյան գիտնականները տիեզերական կրոնի և դրա աղանդների ծագմանը փորձում են ներկայացնել տարբեր բացատրություններ: Այսպես, օրինակ, շվեյցարացի հայտնի հոգեբան Յունգը հենվելով խորքային հոգեբանության տվյալների վրա գտնում է, որ «մարդուն հատուկ է մի ինչ որ ձգտում դեպի խորհրդավորությունը, որն անփոփոխ կերպով արտահայտվում է երազներում, գեղարվեստական ստեղծագործության մեջ, հին ժամանակների առասպելական գործողություններում, հրաշքի խմբային ակնկալման ձևով»:Յունգը գերքաղաքակրթությունների երկրի այցելության խնդիրը այսպես է ձևակերպում. «Բոլորովին էլ կարևոր չէ, թե իրականում արդյոք կա՞ն չճանաչված թռչող օբյեկտներ /ՉԹՕ/: Էական է մի այլ բան, ինչու՞ են մարդիկ տեսնում այն, ինչ իրականում չկա: Ընդհանրապես, ինչպե՞ս են ծագում այդ անհատական և խմբային զգայախաբությունները, այդ սուր հետաքրքրությունը տիեզերական կրոնի ստեղծման հարցի նկատմամբ»: Հարկ է նշել, որ խմբային, զանգվածային տեսիլքների երևույթը վաղուց է հայտնի մարդկությանը: Հոգեկան խռովք ապրող մարդկանց աչքերի առչև ինչ պատկերներ ասես չեն հայտնվել: Ահա թե ինչու չափազանց հետաքրքիր է պարզել, թե ինչպիսի պատկերներ են ծագում զանգվածային գիտակցության մեջ պատմության այս կամ այն փուլում, որը հնարավորություն է ընձեռում պատկերացում կազմելու ոչ միայն յուրաքանչյուր ֆանտաստիկ երեւույթի ծագման մեխանիզմի, այլ նաև պատմական այդ ժամանակահատվածում մարդկանց մտավոր զարգացվածության աստիճանի և հոգևոր վիճակների մասին: Ինքը՝ Յունգը, «թռչող ափսեների» մասին տեղեկությունները «տեսիլքային լուր է» համարում: «Թռչող ափսեները» ոչ թե իրական մարմիններ են, այլ զգայախաբական տեսիլքներ, ամբողջովին ֆանտազիայի արդյունք, քանի որ իրականում դրանք բոլորովին այլ երևույթի հոգեբանական պրոյեկցիա են՝ հիմնված միանման լուրերի վրա. «ՉԹՕ-ի մասին աղբյուրները հասնում են մինչև 2-րդ համաշխարային պատերազմի ժամանակները:Դրանք ծնվեցին Գերմանիայում, որտեղ դաշնակիցների համատեղ ռմբակոծություններից սարսափած գերմանացիները հանկարծ երկնքում հանյտնաբերեցին ինչ-որ օտարոտի լուսակիրներ…»: Մի քանի տարի անց «թռչող ափսեներն» արդեն «հայտնվեցին» ԱՄՆ-ի երկնքում.«Այդ լուրերը վերածվեցին սարսափազդու առասպելի, որն աշխուժացրեց անցած պատերազմից ծնված թաքուն վախն ու տագնապները… Սակայն, քանի որ «թռչող ափսեներն» ավերիչ հարձակումներ չէին կատարում, առասպելը աստեճանաբար այլ երանգավորում ստացավ… Ծնվող տիեզերական կրոնն աստիճանաբար ծավալում էր իր հիմնական դավանաբանական թեզերը, որոնցից էր, օրինակ, հետևյալը / այն տարփողվում է նաև մեր օրերում/. երկրաբնակներն իրենց հիմարությամբ ցանկանում են միջուկային աղետ առաջացնել, որի նկատմամբ, անշուշտ, չեն կարող անտարբեր մնալ գերքաղաքակրթությունների՝ գերհոգեբանությամբ օժտված տիեզերական եղբայրները, ովքեր բոլորովին էլ ագրեսիվ տրամադրություններ չունեն / վերջին շրջանում տարփողվում է նաև ագրեսիվորեն տրամադրված տիեզերաբանակների գոյության թեզը/:Մեր տիեզերաբնակ եղբայրները մեզ զննում, ուսումնասիրում են / ջադագովվող մեկ այլ թեզի համաձայն, գերքաղաքակրթությունների ներկայացուցիչների համար մենք պարզապես լաբորատոր ճագարիկներ, մկներ ու առնետներ ենք հանդիսանում, իսկ երկիր մոլորակը՝ փորձադաշտ/: Նրանք ձգտում են երկրաբնակ անխելքներիս տիեզերական բարոյականություն սովորեցնել, որը բացառում է պատերազմներն ու այլ դժբախտությունները: Մի խոսքով, մարդկության փրկությունը տիեզերքում է, երկիր ժամանած գերքաղաքակիրթ էակների ձեռքում.«Տիեզերական կրոնում տարօրինակորեն հարևանություն են անում երկրում մարդկության փրկության ու նրա սարսափի առասպելները… Յունգն առաջինն էր, որ փորձեց վերլուծել տիեզերական կրոնների առասպելական էությունները: Նա ցույց տվեց, որ չճանաչված օբյեկտների պատկերները, ընդհանրապես վերցրած, հին խորհրդանիշների բովանդակություն ունեն: Դրանք համապատասխանում են փրկող կամ վանող էմբլեմի ավանդական հատկություններին: Այդ կարգի խորհրդանիշների մենք հանդիպում ենք նաև հին առասպելաբանության մեջ, դրանց հետքերը կարելի է գտնել հնագույն ժամանակներում: Այդ պատճառով պատահական չէ, որ այդ օբյեկտներն ունեն շրջանակի, սկավառակի, գնդի կամ գլանակի ձև: Սկսած հին ժամանակներից, մարդկանց գիտակցության մեջ նման ձևերը համարվում են բացարձակ կատարելիություն: Յունգը հիշեցնում է նեոլիթյան «արևային անիվի», «մոգական շրջանակի», Աստվածաշնչյան մարգարե Եսայի «հրեղեն կառքի», բուդդայական մանդալայի» պատկերները…»:
Տիեզերական կրոնում տարփողվում է հազարամյակների պատմություն ունեցող աշխարհի վախճաբանության թեզը: Մարդկության դատապարտված լինելը, մարդկանց մշտապես վախի ու սարսափի մեջ պահելը քարոզչական մի թեզ է, որի խաղացած դերը մարդկանց հլու- հնազանդ, ստրկական վիճակի մեջ պահելու, անգամ «զոմբի» վերածելու հարցում խորապես ուսումնասիրվել է բազմաթիվ հանճարեղ մտածողների կողմից…
Տիեզերական կրոնի ջատագովության ժամանակակից դրսևորումները և դրանց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ փաստորեն փորձ է արվում վերադառնալ հեթանոսությանը՝ նորագույն «փաթեթավորմամբ»: Հեթանոսական աստվածությունների փոխարեն հանդես են գալիս գերքաղաքականությունների ներկայացուցիչները: Առկա ակնբախ փաստերի և փաստարկումների շարադրանքը թերևս առանձին մատուցման նյութ է:
Սմբատ Մանուկյան