Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը Aravot.am-ի հետ զրույցում կարեւորեց Արցախում աստղացուցարանի կառուցման նախաձեռնությունը, որում ներգրավված են Եվրոպական աստղաֆիզիկական գիտական կենտրոնի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանն ու սփյուռքահայ ճարտարապետ Միշել Մովսեսյանը: Միքայելյանը շեշտեց, որ աստղացուցարանները կրթական գործունեության համար կարեւոր դեր են կատարում: «Դրանք հատուկ սարքեր են՝ շատ բարդ, պրոյեկտորներից բաղկացած համակարգեր: Նորմալ աստղացուցարանը կես միլիոն դոլարից է սկսվում: Հիմա արտադրում են նաեւ թեթեւ, փչովի աստղացուցարաններ, որոնք մի քանի հոգու համար են նախատեսված»,-մանրամասնեց գիտնականը:
Նաեւ ափսոսանքով նշեց, որ Երեւանում չունենք աստղացուցարան. «80-ականներին գործել է Կոմիտասի այգում, սակայն անկախացման տարիներին քանդվել է, թալանվել, իսկ շենքը ընդհանրապես վաճառվել է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ