Լրահոս
Օրվա լրահոսը

Աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյան. Երեւանում հուշել եմ՝ ուշադրության չեն արժանացրել

Հոկտեմբեր 22,2012 16:40

 Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Եվրոպական աստղաֆիզիկական գիտական կենտրոնի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանին եւ հանրահայտ սփյուռքահայ ճարտարապետ Միշել Մովսեսյանին: «Արմինֆոյի» փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել է Արցախում աստղացուցարան կառուցելու գաղափարը:

Aravot.am-ը աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին խնդրեց մի քիչ «բացել փակագծերը»:

«Ինձ մոտ այդ գաղափարը առաջացել էր մի 6 ամիս առաջ, ես էլ այդ մասին նախագահին տեղեկացրի հունիս ամսվա վերջին, երբ Ստեփանակերտում էի: Խոսեցինք, թե ինչ խնդիրներ է լուծում աստղացուցարանը, ինչի համար է ծառայում, ինչ տարբերություններ կան 20 եւ 21-րդ դարերի աստղացուցարանների միջեւ, եւ իրեն շատ դուր եկավ պրոյեկտը: Որոշեցինք ավելի մանրամասն մոտենալ խնդրին, քննարկել, թե ինչ բյուջեների մասին է խոսքը, ինչ փուլերով պետք է գնանք, իսկ երրորդ այցելությանս ժամանակ նախագահին առաջարկեցի սփյուռքահայ հայտնի ճարտարապետ Միշել Մովսեսյանին ներգրավել նախագծում»,-ասաց գիտնականը:

Մեր հարցին՝ աստղացուցարանը «թանկ հաճույք» է եւ արդյոք կա՞ համապատասխան գումար, պարոն Իսրայելյանը պատասխանեց. «Բացարձակապես թանկ հաճույք չէ, խոսքը գնում է ամենաքիչը 600000-700000 եվրոյի մասին: Դա շատ էժան հաճույք է, մանավանդ աստղացուցարանը, լինելով կրթության ամենաարդյունավետ միջոց, էնպիսի խնդիրներ է լուծում, որ ոչ մի դպրոց ու համալսարան չի կարող լուծել: Ցավոք սրտի, մեր ժողովուրդը աստղացուցարան բառը չգիտի, չի պատկերացնում, թե ինչ է այն: Շատերին թվում է, թե աստղացուցարանը միայն աստղագիտության հետ կապ ունի, մինչդեռ 21-րդ դարի աստղացուցարանում այնպիսի ֆիլմեր են ցույց տալիս, որոնք կենսաբանության, քիմիայի, ֆիզիկա եւ այլնի հետ կապ ունեն, այնպիսի էֆեկտներ են կարողանում ստանալ, 45 րոպեի ընթացքում էնպես են անում, որ երեխան այնքան ինֆորմացիա է ստանում, ինչը կստանար 50-60 ժամ քիմիայի կամ ֆիզիկայի դասաժամին մասնակցելու դեպքում»:

Իսկ չի՞ պատրաստվում աստղացուցարան ունենալու գաղափարը հուշել Երեւանում: «Իհարկե ոչ ՀՀ նախագահի մոտ հանդիպմանը, բայց բարձր ատյաններում քանի անգամ հուշել եմ, բայց ուշադրության չեն արժանացրել, ըստ երեւույթին Արցախից պիտի գանք, որ Հայաստանին հասնենք: Ախր աստղացուցարանը լուրջ խնդիրներ է լուծում, աստղացուցարանի դեպքում դուք կարող եք նստել, իսկ ձեր 4 կողմը 180 աստիճանով ֆիլմ ցույց տան՝ ահավոր մեծ որակով ու շատ ուժեղ ձայնային ապահովությամբ: Կարող են այնպիսի տպավորություն ստեղծել, որ դուք մտել եք երկրագնդի մեջ ու դուրս եք գալիս երկրագնդի միջից, կարողանում են բնության ամենաբարդ երեւույթները շատ պարզ, վիզուալ ձեւով մատուցել, կարող են ձեզ տեղափոխել տիեզերք, ասենք՝ Մարսի վրա, հետ գալ, էդ ամեն ինչը հիմա ակնոցներով էլ են անում, այսիքն՝ տարածական: Դա ամենաուժեղ կրթական էֆեկտ է թողնում, 45 րոպեանոց գիտահանրամատչելի ֆիլմը ավելի շատ բան է տալիս երեխային, քան 100-ավոր դասերը էդ թեմաներով: Եվրոպայի բոլոր մեծ քաղաքներում աստղացուցարաններ կան ու բոլորը նորացրել են իրենց տեխնիկան, քանի որ հին աստղացուցարանները իրոք միայն աստղագիտության մասին էին: Իսկ նոր աստղացուցարանները, որ արդեն անցան թվային պրոցեսորների, մեթոդների, «ծածկում» են գիտության բոլոր բնագավառները: Իրենք նույնիսկ ոտք են գցել IMAX-ի վրա, որն աշխարհի ամենամեծ կինոթատրոնն է: Թե չէ մեզ մոտ ասում ենք կրթությո՜ւն, գիտությո՜ւն: Այնպիսի տեղ, ինչպիսին Արցախն է, որտեղ շատ եւ որակյալ դասատուներ չկան, արժի անպայման աստղացուցարան ունենալ, ու ոգեշնչել»,- համոզված է Գարիկ Իսրայելյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031