Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Քոքոբելյանը մի քիչ գուցե իրեն կորցրել է այս պահին»

Հոկտեմբեր 22,2012 16:07

«Հարցն այն է, որ Խաչատուր Քոքոբելյանը խախտել է մի շարք պայմանավորվածություններ, այդ թվում նաեւ՝ մանդատից հրաժարվելու հարցն է խախտել: Եվ, բնականաբար, մենք պատրաստվում էինք երկար ճանապարհ անցնել, եւ եթե խախտելով պայմանավորվածությունները, ինքը մտածում է, որ իր հետ կարելի է երկար ճանապարհ անցնել, մենք գտնում ենք, որ նպատակահարմար չի: Սա վերաբերում է միայն Քոքոբելյանին, մենք որեւէ հարց չունենք «Ազատ դեմոկրատների» հետ, Ալիկ Արզումանյանի հետ»: Հարցին՝ իսկ ինչո՞ւ վայր դնի մանդատը, եթե ցուցակով նա անցել է՝ Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Գիտեք, կարելի էր եւ չպայմանավորվել: Բոլոր կուսակցությունները, երբ ձեւավորում են ցուցակները, ընտրական փուլ է լինում, ինչ-որ պայմանավորվածություններ են անում: Այդ փուլը բոլոր կուսակցությունների համամասնական ցուցակներում կա: Դա ընդունված է: Լավ է թե վատ է՝ դա ուրիշ հարց է, բայց օրինաչափություն է դա: Կարելի էր միանգամից որպես տղամարդ, որպես մարդ եւ որպես քաղաքական գործիչ՝ ասել, որ ոչ, բայց պայմանավորվածությամբ նախապես համաձայնել մասնակցել ընտրություններին, դա….Ես ցավում եմ, որ դա տեղի ունեցավ, ցավում եմ, որ նա իր կեցվածքով հարվածի տակ դրեց կամ ծանր վիճակի մեջ դրեց թե՛ «Ազատ դեմոկրատներին», որովհետեւ իսկապես այնտեղ կան հրաշալի մարդիկ, լավ երիտասարդություն, որոնց հետ մենք պատրաստվում ենք շարունակել մեր գործունեությունը: Ցավում եմ, որ Ալիկ Արզումանյանին նույնպես հարվածի տակ դրեց, բայց միայն եւ միայն ինքն է պատճառը եւ որեւէ այլ պատճառ չկա»:

Հարցին՝ անձնական ի՞նչ խնդիրներ կան, որ պարոն Քոքոբելյանը պահանջել է, որ դուք չներկայացնեք խմբակցությունը՝ նա պատասխանեց. «Ես ցավում եմ, որ մի քիչ գուցե իրեն կորցրել է այս պահին, որովհետեւ պիտի հիշի, որ նույնիսկ իր խոսքում է ասել, որ միաձայն եմ ես ընտրվել խմբակցության ղեկավար»:

Ռուբեն Հակոբյանը վստահեցրեց, որ օրակարգն արդեն հաստատված է եղել եւ ինքն արդեն առաջարկած է եղել՝ Խաչատուր Քոքոբելյանը չպետք է ներկայացնի իրենց խմբակցությունը, նոր վերջինս, որպես հակակշիռ դրան, առաջարկել է, որ Ռուբեն Հակոբյանի փոխարեն լինի Զարուհի Փոստանջյանը. «Ես ցավում եմ, որ այսօր այս մակարդակն է ներկայացվում, բայց ես միաձայն եմ ընտրվել»:

Հարցին՝ երկու-երեք հոգով ի՞նչ եք անելու, մնացել եք Դուք ու Զարուհին եւ Թեւան Պողոսյանը, որը հանրային սեկտորն է ներկայացնում՝ նա պատասխանեց. «Պետք է որ քանակով հիմա չպայմանավորեք որակը: Իհարկե, ցավ եմ զգում, որ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, բայց կրկնում եմ՝ միայն մեկ անձի պատճառով: Որպես խմբակցություն՝ մենք պետք է իրականացնենք օրենսդրական գործունեություն»:

Ինչ վերաբերում է նախագահական ընտրությունների հետ դա կապելուն՝ Ռուբեն Հակոբյանը հավաստիացրեց. «Երբեք նախագահական ընտրությունների հետ կապված որեւէ հակասություն եւ որեւէ հարց չի եղել: Ցավում եմ, որ պարոն Քոքոբելյանն ուզեցել է տեղափոխել սա այլ հարթություն: Նախագահական ընտրությունների հետ կապված՝ մենք ընդհանրապես պրոբլեմ չենք ունեցել: Ես չգիտեմ՝ ինչու է ինքը նման բան ասել: Լավ կլինի պարոն Քոքոբելյանը, կարող եմ այդպիսի խորհուրդ տալ՝ փոխանակ այդպիսի պատճառներ գտնի, ինքը ուղղակի հասկանա, որ եթե մարդու հետ ինչ-որ բան է պայմանավորվում, ինքը պարտավոր է դա անել: Առավել եւս՝ երբ իր կերպարով է պայմանավորված նաեւ կուսակցության հետագա անելիքները, ինքը իրավունք չունի հարվածի տակ դնել իր գործընկերներին: Այսօր ինքը դա արեց: Այդքան կամք չունի, քաղաքական ուժ չունի, որ վերցնի իր վրա պատասխանատվությունը, փորձեց սա դարձնել միջկուսակցական հարաբերությունների խնդիր: Ալեքսանդր Արզումանյանի հետ մենք բացարձակ որեւիցե խնդիր չունենք»:

Ռուբեն Հակոբյանը տեղեկացրեց, որ բացի մանդատի հարցը, էլի պայմանավորվածություններ են եղել

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչպես կմեկնաբանի Խաչատուր Քոքոբելյանի այն գնահատականը, որ ընդդիմությունը խարխափում է իշխանական երկու թեւերի՝ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ: Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ չի ուզում նրան մեկնաբանել. «Ուղղակի խորհուրդ կտամ՝ որպեսզի գնահատական տա քաղաքական դաշտին, ինքը առնվազն պարտավոր է որպես մարդ տեր կանգնի այն բոլոր պայմանավորվածություններին, որն ինքն արել է»:

Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանին չսատարելուն՝ նա պատասխանեց. «Իրենց գործն է: Ժամանակը ցույց կտա: Բայց մենք «Ազատ դեմոկրատների» հետ որեւիցե խնդիր չունենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031