Հոկտեմբերի 17-ին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, որը նվիրված էր ռասիզմի և քսենոֆոբիայի դեմ պայքարին: Հիմնական բանավեճը եղել է Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև: Այդ մասին այսօր լրագրողների զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Երբ հերթը հասել է Հայաստանին և Ադրբեջանին, Է.Շարմազանովի խոսքով, ադրբեջանական պատվիրակության ղեկավարը լքել է դահլիճը, որպեսզի առաջինը ելույթ չունենա: «Ես խնդիր չունեի առաջինը ելույթ ունենալու հետ և անմիջապես ադրբեջանական պատվիրակությունը վերադարձավ դահլիճ»,- պատմեց ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակը:
Անդրադառնալով Գուրգեն Մարգարյանի սպանությանը, Սաֆարովի արտահանձնման գործին՝ Է.Շարմազանովը նախևառաջ մատնանշել է, որ ռասիզմի ամենացայտուն օրինակը հենց դա է, և այս դիտարկման հետ համաձայնվել են բոլոր պատվիրակները` բացառությամբ Ադրբեջանի:
Կարդացեք նաև
Ի պատասխան սրա՝ ադրբեջանական կողմը փորձել է աղավաղել Խոջալուի դեպքերը` փորձելով հայերին ներկայացնել մարդասպան:
«Ադրբեջանցի պատվիրակին ես խորհուրդ տվեցի կարդալ իր իսկ նախկին նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցը, որում նա նշել էր, որ Խոջալուի ողբերգությունը կազմակերպել է Ադրբեջանը և հայերը այստեղ որևէ մեղավորություն ու մասնակցություն չեն ունեցել»,- տեղեկացրեց Է.Շարմազանովը ու ավելացրեց, որ այդպիսով ևս մեկ անգամ մենք ցույց տվեցինք, որ ադրբեջանական քարոզչությունը հիմնված է ստի ու կեղծիքի վրա և չկար որևէ պատվիրակ, որ դրա հետ համաձայն չէր:
Բացի այդ,բանախոսը տեղեկացրեց, որ հանդիպել է նաև ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեևի հետ, ում հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը` ընդգծելով, որ խնդրի ռազմական լուծումը և Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն անթույլատրելի են.
«Միջազգային հանրությունը չպետք է հանդուրժի ադրբեջանական որևէ սադրանք»,- ընդգծեց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ