«Գլենդել նյուզ փրես» թերթը գրում է, որ նախորդ շաբաթ Գլենդել էին այցելել «Habitat for Humanity» կազմակերպության Երևանի ներկայացուցիչները, որոնք երեք քաղաքային շրջայց են կատարել, որպեսզի կարողանան հավաքել 185,000 դոլար՝ Հայաստանում մարդկանց կացարաններով ապահովելու համար:
«Սփյուռքը պետք է անհանգստացած լինի Հայաստանի բնակարանային շուկայի կատարվելիքով», – կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի ռեսուրսների զարգացման ղեկավար Սեդա Արզումանյանի խոսքն է փոխանցում թերթը, – «Habitat for Humanity»-ն չի կարող միայնակ պայքարել Հայաստանի կացարանային աղքատության դեմ»:
Կազմակերպության գործադիր տնօրեն Լուզիա Վարդանյանը թերթին փոխանցել է, որ Հայաստանում գտնվող տների մեկ երրորդը, որոնց կեսը գտնվում է երկրի գյուղական բնակավայրերում, վերանորոգման կարիք ունի:
Կազմակերպությունը նաև փնտրում է ներդրողների՝ մի նախագծի համար, որը Սպիտակում ապրող 650 ընտանիքների բնակարանով ապահովելու նպատակ ունի, յուրաքանչյուր բնակարանը 48,000-60,000 դոլար արժողությամբ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ