Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործով ամբաստանյալները «միասնական դիտավորությամբ» իրենց մեղավոր չեն ճանաչում

Հոկտեմբեր 22,2012 14:53

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր սկսվեց «Հարսնաքարի» գործով մեղադրվող Գարիկ Մարգարյանի, Արթուր Բաբլոյանի, Արման Բաղդասարյանի, Նորայր Հայրապետյանի, Դավիթ Ադամյանի եւ Արման Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Նախ դատարանը մերժեց պաշտպան Խաչատրյանի միջնորդությունը՝ դատակոչել վկաներ Դավիթ Հայիրյանին, Գեւորգ Միքայելյանին, Մանուկ Մնացականյանին եւ Դիաննա Նավոյանին: Պաշտպանական կողմը գտնում էր, որ այդ վկաները  պետք է ներգրավվեն դատաքննությանը, քանի որ նրանք ներկա են գտնվել «վիճաբանության պատճառ դարձած իրադարձություններին» եւ որ նրանց դատակոչելը նոր ապացույց ձեռք բերելու համար է: Սակայն դատարանը մերժեց տվյալ միջնորդությունը:

Մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանը հրապարակեց մեղադրական եզրակացությունը: Ըստ դրա՝ ամբաստանյալները հունիսի  17-ին, ժամը 22.30-ի սահմաններում «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, ապա համալիրից դուրս՝ ավտոկայանատեղիում «առանձին-առանձին, ապա ընդհանուր միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները», ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, նրա ընկերներին՝ Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Միկոյանին: Ըստ հրապարակված մեղադրական եզրակացության, ամբաստանյալների գործողությունների հետեւանքով անզգույշ մահ է պատճառվել Վահե Ավետյանին, միջին ծանրության, առողջության տեւական քայքայումով վնասվածքներ՝ Արտակ Բայադյանին եւ Գարիկ Սողոմոնյանին:

Յուրաքանչյուրի մեղադրանքը հրապարակելուց հետո դատարանը փորձեց ճշտել, թե արդյոք պարզ է իրենց առաջադրված մեղադրանքը, սակայն ամբաստանյալները մեկը մյուսի հետեւից ոչ միայն մեղավոր չճանաչեցին իրենց, այլ ասացին, թե չգիտեն կոնկրետ ինչի մեջ են մեղադրվում, ինչ գործողություններ են արել եւ «միասնական դիտավորությամբ» հայտարարում են, որ անհասկանալի է իրենց առաջադրված մեղադրանքը:

Ի դեպ, ռեստորանի մատուցող Դավիթ Ադամյանը, որին մեղադրանք է առաջադրվել սպորտային հագուստի կապակցությամբ Վահե Ավետյանի հետ վեճի մեջ մտնելու, ապա բռունցքով դեմքին հարվածելու համար, հայտարարեց. «Ես չեմ եղել դեպքի վայրում, վիճաբանությանը չեմ մասնակցել, կոնկրետ ես չեմ սկսել»:

Արմեն Բաղդասարյանի պաշտպանը՝  Միհրան Պողոսյանը առարկեց դատավորի գործողությունների դեմ, քանի որ դատավորը ամբաստանյալներից յուրաքանչյուրին հարցնում էր, թե պարզ է կամ պարզ չէ մեղադրանքը: Բաղդասարյանը հարցրեց՝ «ո՞ր գործողությունների համար է մեղադրանք առաջադրվել, տուժողներից որեւէ մեկին ինչ վնասվածքներ է հասցվել. արարքը նկարագրված չէ»:

Ամբաստանյալ Արման Խաչատրյանը ոչ միայն մեղադրանքը չընդունեց, այլ ասաց. «Նման գործողություններ չեմ կատարել, ինձ էլ պարզ չէ մեղադրանքի էությունը»:

Պաշտպան Ավագ Լալայանը դիմեց մեղադրողին, որպեսզի բացատրի մեղադրանքի էությունը, քանի որ խոստովանեց, որ ինքն էլ չի հասկանում այն: Մեղադրող Դավթյանը առարկեց, ասելով, որ նախաքննության ընթացքում մեղադրյալները չեն հայտնել այն, ինչ հիմա են հայտնում եւ ապա ակնարկեց, որ գործ ունենք հանցակցության ինստիտուտի հետ՝ համակատարողների:

Սակայն այս ամենը բավարար չէր, պաշտպան Լալայանը խնդրեց մեկ օր ժամանակ, որպեսզի մեղադրողի պարզաբանման դեմ առարկություն անի: Դատարանը տվել է կես ժամ ընդմիջում, թեեւ դրան համաձայն չէր պաշտպանը, քանի որ գտնում էր, որ ինքը պետք է օգտվի գրականությունից, իր համակարգչից՝ առարկություն ներկայացնելու համար:

Նկատելի է, որ պաշտպանական կողմը օգտվում է միեւնույն միջնորդություններից, նույն մարտավարությունից, ամբաստանյալները՝ անկախ իրենց կատարած գործողություններից, օգտագործում են նույն նախադասությունները:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031