Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ բացի պատգամավորական մանդատը վայր դնելու պայմանավորվածությունից, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը մի շարք այլ պայմանավորվածություններ եւս խախտել է: Մանրամասներին անդրադառնալ պարոն Հակոբյանն առայժմ չցանկացավ: Միայն նշեց, որ այս հարցերը կուտակվել են խորհրդարանական ընտրություններից հետո. «Քոքոբելյանն ըստ էության իրեն դուրս է դրել խմբակցությունից: Եթե ուշադրություն դարձրել եք, որեւէ ելույթ ինքը չի ունեցել: Խմբակցությունն էլ քվեարկեց Քոքոբելյանի կեցվածքը եւ…»: Այն, որ Խաչատուր Քոքոբելյանն էլ իր հերթին առաջարկել էր Ռուբիկ Հակոբյանին հեռացնել խմբակցության ղեկավարի պաշտոնից, Հակոբյանը հակադարձեց. «Երբ խմբակցության ղեկավար էր ընտրվում, առանց դեմի ընտրվեց: Ցավում եմ, որ պարոն Քոքոբելյանը իրեն այդպես է դրսեւորում»: Ի դեպ, Հակոբյանի համար անակնկալ էր, որ Քոքոբելյանը լրագրողներին ասել էր այդ մասին: Ռուբիկ Հակոբյանը գտնում է, որ Քոքոբելյանն այժմ պետք է մտածի այն մասին, թե ինչու այսպես եղավ, ոչ թե խմբակցության նիստի օրակարգը ձեւավորվելուց հետո արած իր առաջարկությունը անմիջապես լրագրողներին ծանուցի: «Քոքոբելյանն ավելի ճիշտ կաներ ոչ թե ծանր վիճակում հայտնվեր, այլ որպես մարդ, քաղաքական գործիչ, տղամարդ, պահեր իր պայմանավորվածությունները, ծանր վիճակի մեջ չդներ իրեն, իր կուսակցությանը եւ կուսակից ընկերոջը՝ Ալեքսանդր Արզումանյանին: Ցավում եմ, որ Արզումանյանը զոհ գնաց այս իրավիճակին, որովհետեւ նորմալ աշխատում էր»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը:
Կատարվածից հետո Հակոբյանը որեւէ խնդիր չի տեսնում «Ժառանգություն» խմբակցության հետագա աշխատանքների համար: Նա չի ընդունում Խաչատուր Քոքոբելյանի այն պնդումը, որ ներդրել է բոլոր ջանքերը, որպեսզի խմբակցությունը չպառակտվի. «Եթե այդ ցանկությունից դուրս լինեին նաեւ կոնկրետ քայլեր… Քոքոբելյանը գործնական որեւէ քայլ չի արել»:
Պարոն Հակոբյանը վերհիշելով մանդատը վայր դնելու մասին նախկինում արած իր հայտարարությունը, այսօր մեկ անգամ եւս վերահաստատեց, որ Քոքոբելյանի եւ Հովհաննիսյանի միջեւ նման պայմանավորվածություն եղել է: Ավելացրեց նաեւ, որ դրան ներկա են եղել խմբակցության բոլոր անդամները. «Դա քմահաճություն չի եղել, քաղաքական պայմանավորվածություն է եղել»:
Կարդացեք նաև
Խաչատուր Քոքոբելյանի պատգամավորական մանդատը վայր դնել-չդնելուն առնչվող բոլոր հարցերը Հակոբյանը համարում է բարոյականության խնդիր: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե այս իրավիճակն արդյունքն է ԱՄՆ դեսպանատան միջնորդությամբ պարտադրված դաշինք ձեւավորելու, Ռուբիկ Հակոբյանը հակադարձեց. «Ժառանգության» կուսակցության անունից ես հայտարարում եմ, որ դրսից որեւէ նախագիծ չի եղել դաշինք ձեւավորելու, եղել է երկու կուսակցությունների պայմանավորվածություն: Որեւէ տեղից որեւէ ցուցում չի եղել: Եթե լիներ՝ այս ճակատագիրը չէր ունենա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ