Լրահոս
Օրվա լրահոսը

Չլսող երեխաների իմպլանտն արժե 20 հազար եվրո, պետությունը տալիս է ընդամենը 5 միլիոն 400 հազար դրամը

Հոկտեմբեր 22,2012 14:04

«Ես հասկանում եմ, որ ես գնում եմ ընդունելության Սանտա Կլաուսի մոտ, բայց ամեն դեպքում մենք հույս ունենք, որ լավ արդյունքներ կլինեն»,-առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց THE SOUND WORLD հիմնադրամի հիմնադիր նախագահ Ռոզա Ալպերտը:

Տիկին Ալպերտը հույս ուներ, որ առողջապահության ոլորտի մասնագետները չլսող մարդկանց համար ականջի խխունջային իմպլանտ ձեռք բերելու համար կավելացնեն պետական ֆինանսավորումը: Բարդ տեխնոլոգիայով այդ սարքը բավականին թանկ արժե` 20 հազար եվրո, մինչդեռ պետական բյուջեից դրա համար հատկացվող գումարը 5 միլիոն 400 հազար դրամ է:

Այսօր «Հենարան» ակումբում վիրաբույժներ Արթուր Շուքուրյանը եւ Վիգեն Բաղշինյանը հայտնեցին, որ գումարի մնացած մասը հայթայթում են տարբեր բարեգործներից ու կազմակերպություններից, ինչն այդքան էլ հեշտ գործ չէ, ուստի այդ հարցի լուծումը բժիշկները տեսնում են պետական եւ մասնավոր աջակցության մեծացման մեջ:

Արթուր Շուքուրյանի խոսքերով, այդ սարքերն արտադրում են միջազգային մի քանի ընկերություն, որոնք ունեն սահմանված իրենց հստակ գնացուցակը, սակայն բժիշկներին հաջողվել է համաձայնության գալ այդ ֆիրմաների հետ, որոնք Հայաստանի նման երկրին ավելի մատչելի են տրամադրելու իմպլանտները:

2004 թվականից մինչ օրս վիրահատվել է եւ արդեն իմպլանտ է կրում 54 երեխա, 7 երեխա էլ, որից 6-ը մարզերից են, մեկը` Երեւանից,սպասում են:

Ռոզա Ալպերտի խոսքերով, իմպլանտի տեղադրումով հարցը չի փակվում. 6 տարի հետո լրացուցիչ միջոցներ են պետք այն, այսպես ասած, վերանորոգելու համար. «Դա մոտ 10 հազար եվրոյի չափ ծախս է ենթադրում, որպեսզի երեխաները կրկին չկորցնեն լսողությունը»:

Ըստ վիճակագրության՝ տարեկան 1000 երեխային բաժին է ընկնում 3-4 չլսող երեխա,

սակայն Ռոզա Ալպերտը փաստում է, որ այդ թիվը փոխվում է, քանի որ մենինգիտի հետեւանքով նույնպես երեխաները դառնում են չլսող. «Դեպք է եղել, երբ երեխան 11 տարեկանում կորցրել է լսողությունը գենտամիցին անտիբիոտիկի պատճառով»:

Արթուր Շուքուրյանի խոսքերով, վիրահատման ենթակա երեխաների հետ նախա եւ հետ վիրահատական աշխատանք պետք է տարվի սուրդո մասնագետի կողմից, քանի որ երեխան զրոյից խոսել է սովորելու:

Նշենք, որ վիրահատությունը կատարվում է Էրեբունի բուժկենտրոնում, երեխաների վիրահատությունն անվճար է, մեծահասակներինը` վճարովի: Ըստ բժիշկների, չլսող մարդկանց ընտրությունը կատարվում է բժշկի հատուկ ցուցումներով` կախված տարիքից:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031