Այսօր ԱԺ նիստում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ առաջարկում են գյուղատնտեսության հանձնաժողովում Սամվել Բալասանյանին փոխարինի Մարտուն Գրիգորյանը: Նա էլ վստահեցրեց, որ հանձնաժողովում ամեն ինչ կլինի բաց եւ թափանցիկ:
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նրանից հետաքրքրվեց. «Մեզ քիչ առաջ բաժանվեց ձեր կենսագրությունը, որտեղից իմացանք, որ 2001-2003-ին եղել եք «Տրանս ակնթարթ» ՍՊԸ աշխատակազմի ղեկավար, դա ի՞նչ առնչություն ունի գյուղատնտեսության հետ: 2008-ից հետո վատ ավանդույթ է ձեւավորվել, որ ավտոտրանսպորտի աշխատանքը հանրահավաքներին կաթվածահար է լինում՝ գյուղերից դեպի Երեւան: Այդ ժամանակ նաեւ այս ընկերությունների անուններն էր շոշափվում: Որպես այդ ընտրատարածքներից ընտրված պատգամավոր՝ կարո՞ղ եք ինչ-որ բան ասել այս առումով եւ երաշխավորել, որ այսուհետեւ մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը չի սահմանափակվի»:
Մարտուն Գրիգորյանն էլ պատասխանեց, որ ուղեւորահոսքի հետ կապված են այդ ժամանակ խնդիրներ եղել. «Մեքենաները այդ առումով ուղեւորափոխադրման լուրջ խնդիրներ են ունեցել: Երաշխավորելը դա հանձնաժողովի նախագահի հետ կապ չունի: Համենայնդեպս, որպես Գյումրիի պատգամավոր մենք հետեւել ենք այդ հարցերին»:
Կարդացեք նաև
Զարուհի Փոստանջյանն էլ խնդրեց հստակ այո կամ ոչ պատասխանել՝ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու եւ Թեղուտի հետ կապված հարցերը քննարկելու նախաձեռնությանը միանալո՞ւ է Մարտուն Գրիգորյանը, թե՞ չէ: Վերջինս էլ պատասխանեց, որ կքննարկեն՝ կպատասխանեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ