Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն կապիտա´ն, մենք էլ ենք ուզում «վայիվատ» անենք»,- գյումրեցի ազատամարտիկ Վարդան Վարդանյանին բողոքում էին զինվորները

Հոկտեմբեր 22,2012 11:20

 

Հայկական բանակի հրթիռահրետանային զորքերը հոկտեմբերի 19-ին նշում էին իրենց կազմավորման 20-ամյակը: Հանդիսավոր պայմաններում, երկրի ռազմական ղեկավարության ներկայությամբ, ներկայիս ու նախկին հերտանավորները շնորհավորում էին միմյանց ու հիշեցնում՝ մարտի դաշտում պատերազմի աստվածը հրետանին է:

Օրվա հերոսներից Վարդան Վարդանյանը պահեստազորի մայոր է, Արցախյան պատերազմի մասնակից: 1992 թվականից անցել է ծառայության Գյումրու հրթիռահրետանային զորքերում: Եղել է դասակի հրամանատար, գնդի հետախուզության պետ: Գյումրեցի ազատամարտիկը պատերազմի տարիներին կռվել է ամենաթեժ կետերում՝ Քելբաջար, Լաչին, Հորադիզ: Գյումրեցի մարտական ընկերների հետ հաճախ են հանդիպում. հիշելու ու իրար պատմելու շատ բան ունեն, դեպքեր ու պատմություններ էլ` ինչքան ուզեք. «Պատերազմի տարիներին զինվորները երբեմն ինձնից նեղանում էին, որ հենց իրենց չէի վերցնում մարտադաշտ գնալիս: Դե, բոլորն էլ ուզում էին գալ: Շարում էի զորամասի շարահրապարակում ու ասում՝ ով ուզում է բարձրանալ դիրքեր, թող մի քայլ առաջ գա. ամբողջ շարքն առաջ էր գալիս: Բայց, ես արդեն ունեին ընտրած զինվորներ ու իրենց էի տանում: Մյուսներն էլ նեղանում էին, թե՝ պարոն կապիտա´ն, մենք էլ ենք ուզում «վայիվատ» անենք»,- հիշում է պահեստազորի մայոր Վարդանյանը և ավելացնում, որ այդպիսի նվիրումով ծառայող զինվորների պակաս այսօր էլ չի տեսնում. «Հաճախ եմ լինում զորամասում, հանդիպում ընկերներիս, զրուցում զինվորների հետ: Տեսնում եմ, որ լավ սերունդ ունենք, լավ տղերք կան՝ պատրաստ մեզնից էլ լավ պաշտպանելու հայրենիքը: Զինվորին սպան ինչպես սովորեցրեց, այնպես էլ զինվորը կկռվի, կկատարի հրամանը. լավ սովորեցրեց` լավ կանի, վատ սովորեցրեց՝ վատ»,- համոզված է գյումրեցի ազատամարտիկը:

Խաղաղությունը պատերազմով ձեռք բերած երկրի մայորն ասում է, որ չնայած այսօր ինքը պահեստազորում է, բայց հարկ եղած դեպքում պատրատ է կանգնել զինվորի կողքին ու նորից կռվել՝ հանուն խաղաղության:

 

Տարոն Կոխլիկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031