
ԶԼՄ-ների միջեւ բոուլինգի առաջնության եզրափակչի մասնակիցները՝ ՀԱՕԿ-ի եւ «Արենայի» ներկայացուցիչների հետ:
Երեկ «Արենա» բոուլինգի եւ բիլիարդի ակումբում առաջին անգամ կայացավ բոուլինգի առաջնություն՝ լրատվամիջոցների միջեւ: Միջոցառումը կազմակերպել էին «Առավոտ» օրաթերթն ու Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան (ՀՄԼՖ)՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հովանավորությամբ:
Առաջնությանը մասնակցեցին մոտ 15 ԶԼՄ-ների շուրջ 40 աշխատակիցներ: Նախնական եւ կիսաեզրափակիչ փուլերից հետո հինգ մրցուղիներում 1-ին տեղեր զբաղեցնողները պայքարը շարունակեցին եզրափակչում՝ հաղթողին ու մրցանակակիրներին որոշելու համար: Համառ պայքարում հաղթեց «Առավոտ» օրաթերթի մարզական էջի պատասխանատու Աշոտ Հակոբյանը: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրին «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցներ Սեւակ Գրիգորյանն ու Հովհաննես Մովսիսյանը: Երեքն էլ ՀԱՕԿ-ից պարգեւատրվեցին դրամական մրցանակներով:
ՀԱՕԿ-ը մեկական հատուկ մրցանակ էր սահմանել նաեւ մրցաշարի ընթացքում ամենից շատ միավոր վաստակած տղամարդ եւ կին մասնակցի համար: Այստեղ հավասարը չունեցան առավոտցիներ Աշոտ Հակոբյանն ու իրավական էջի պատասխանատու Ռուզան Մինասյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ