Հոկտեմբերի 19-ին «Dasaran.am» կրթական ծրագիրը հյուրընկալվեց Երևանի թիվ 174 դպրոցում: «Dasaran.am» կրթական ծրագրի հետ ակտիվ համագործակցության շնորհիվ դպրոցը պարգևատրվեց համակարգչով և բազմաթիվ այլ նվերներով, ինչը նպատակ ունի հեշտացնել Dasaran.am-ի «Էլեկտրոնային մատյան» բաժնում դպրոցի կողմից կատարվող անհրաժեշտ մուտքագրումները:
Այցելության ընթացքում տեղի ունեցավ հանդիպում «Dasaran.am»-ի հիմնադիր Սուրեն Ալոյանի և 174 դպրոցի աշակերտների միջև, անցկացվեց ինտելեկտուալ հարցերից կազմված վիկտորինա-խաղ, որին դպրոցականները շատ ակտիվ մասնակցեցին և արժանացան բազմաթիվ մրցանակների:
Իր խոսքով հանդես եկավ նաև 174 դպրոցի տնօրեն Գալյա Վասիլյանը. «Ողջունում եմ «Dasaran.am»-ի այս նախաձեռնությունը, ինչպես նաև այն, որ, բազմաթիվ մրցույթներ կազմակերպելով, կրթական ծրագիրն օգնում է բացահայտել տաղանդավոր նոր աշակերտների»: Գ. Վասիլյանը նշեց նաև, որ Dasaran.am-ի շնորհիվ ուսուցիչներն այժմ տիրապետում են համակարգչին, իսկ ծնողները կարողանում են ամեն պահ կապի մեջ լինել դպրոցի հետ, իմանալ իրենց երեխայի առաջադիմության և վարքի մասին:
Կարդացեք նաև
9-րդ դասարանի աշակերտ Արթուր Գևորգյանը նշեց, որ հաճախ է օգտվում Dasaran.am կայքից, մասնավորապես՝ ինտելեկտուալ խաղերից և դասընկերների հետ շփման հնարավորությունից:
Հիշեցնենք, որ Dasaran.am-ին այսօր միացած է արդեն 368 դպրոց, 324 000 գրանցված բաժանորդ, որոնցից մոտ 40.000-ն օրական օգտվում է բազմաթիվ ծառայություններից:
Dasaran.am