Ռուսաստանի իշխանություններն այլ մանրամասնություններ չեն հայտնում Հյուսիսային Կովկասում մահմեդական 49 զինյալների սպանության մասին։ Չեն հաղորդվում տվյալներ նաեւ այն մասին, թե երբ է իրականացվել ռազմական գործողությունը։
Երկրի նախագահ Վլադիմիր Պուտինն անվտանգության ուժերին հրահանգել է ապահովել անվտանգության այնպիսի պայմաններ, որպեսզի մահմեդական զինյալները չունենան 2Օ14 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ որեւէ հարձակում իրականացնելու հնարավորություն, քանի որ ապստամբ ուժերի գործողությունները ծրագրող Կովկասյան էմիրություն կազմակերպությունը երդվել է հարձակումներ իրականացնել Սոչիի Օլիմպիական խաղերի ժամանակ։
Ինչպես ՝՝Ինտերֆաքս՛՛ գործակալությունն է հաղորդում, Ռուսաստանում վերջին ժամանակներս իրականացվել են այնպիսի գործողություններ, որոնց արդյունքում կասեցվել է ՝՝հանցավոր խմբերի ու նրանց ղեկավարների գործունեությունը։ Ռազմական գործողություններն ունենում են մի քանի ժամից մինչեւ մի քանի շաբաթ տեւողություն, որոնց մասնակցում են տեղի ոստիականական ուժերը եւ հատուկ ծառայությունները։
Հակաահաբեկչական գործողություններ իրականացնող գործակալությունը հայտնել է, թե վերջերս իրականացված գործողությունների արդյունքում սպանված 49 զինյալներից 9-ը տեղի ղեկավարության անդամներ են եղել։ Գործողության արդյունքում նաեւ ձերբակալվել է 3Օ զինյալ։ Ոչնչացվել է ռազմական 9Օ հենակետ։
Պուտինը խոստացել է հայտնաբերել Ռուսաստանում որոնման մեջ գտնվող ՝՝թիվ մեկ հանցագործին՛՛՝ ինքնահռչակ Կովկասի Էմիրության էմիր Դոքու Ումարովին։
Արամ Վանեցյան
Ամերիկայի Ձայն