Շաբաթվա ֆեյսբուքյան անցուդարձը սկսում ենք ֆեյսբուքի մասին կարծիքներից ու մեկնաբանություններից, որոնցում զգալի թիվ են կազմում բացասականնները:
Էդգար Բարսեղյանի կարծիքով՝ այժմյան ֆեյսբուքը հիմնականում ավելի ռաբիս, անգրագետ ու տհաճ է, քան одноклассники.ру-ն. «Կամ ես եմ ծերացել, ու նորություններն ավելի դժվար եմ ընկալում, կամ էդ անտեր նորությունները իրոք պակասել են։ Մի տեսակ կանխատեսելի է դարձել ամենը. հազարից մեկ է, որ զարմանք ես ապրում (մանավանդ՝ հաճելի զարմանք), վայելում ես նոր բան իմանալու հիացմունքը, ինչ որ հետաքրքիր թեմայով տարվելու, վիճելու ու ժամանակը չնկատելու զգացումը», – գրել է նա:
Դարբին Սեդրակն էլ առանձնացրել է այն 10 կանոնները, որոնք պետք է կիրառի ֆեյսբուքում գրանցված ցանկացած «երիտ հանրապետական»: Ըստ նրա. «յուրաքանչյուր երիտ. հանրապետական պետք է երկրպագի Կարեն Ավագյանին, տարածի նրա բոլոր գրառումները, տակը հաճելի մեկնաբանություններ թողնի և կտրականապես դեմ լինի փուչիկ բառի անպատեհ օգտագործմանը, պետք է սրտանց ատի ԲՀԿ-ական ֆեյք աղջիկներին ու գոնե իր 3 գրառումներից 1-ը նրանց ձոնի, պետք է տարածի Սերժ Սարգսյանի ցանկացած ելույթ, ու կապ չունի, թե այդ ելույթը Սերժը իրենց տան խոհանոցում է ունեցել, թե ինչ-որ նիստի ժամանակ… »:
Իզաբելլա Աբգարյանը կոչ է անում ֆեյսբուքի oգտատերերի հանդեպ ներողամիտ լինել, գրելով. «Զավեշտը գիտե՞ք ինչում է: Այստեղ՝ Facebook-ում իրար են ուտում, իրար բան համոզում, ապացուցում մարդիկ, ումից որևէ բան կախված չէ: Նույնիսկ եթե նրանք այս կամ այն կուսակցության ներկայացուցիչներ են: Իսկ այնտեղ՝ վերևներում, լիդերները ինչ ուզեն, կանեն, ում հետ կուզեն կբանակցեն, ում հետ կուզեն կերկխոսեն և այլն»:
Ֆեյսբուքի ներկայացուցիչները տեղեկացնում են, որ շուտով կդադարեցվի «Հարցեր» (Questions) հավելվածի գործունեությունը, սակայն հնարավորություն կթողնի խմբերում կիրառելու այն: Մեր էջերից այն կջնջվի ընթացքում:
Փոփոխություններ կան նաև Youtube – ում: Google-ը հայտարարել է, որ այսուհետ youtube-ում դիտումները հաշվվելու են ոչ թե տեսահոլովակի վրա քլիք անելու թվով, այլ ըստ դիտումների ժամանակի:
Տիգրանուհի Թասլակյան