Հոկտեմբերի 20-ին կայացավ «Հայկական զարդատառեր» գրքի շնորհանդեսը: Այն դիզայներ Արմեն Քյուրքչյանի եւ լուսանկարիչ Հրաչ Խաչերյանի համատեղ աշխատանքի արդյունքն է: «Գիրքը հայկական զարդարվեստի մասին է: Ներառված են աշխարհի տարբեր երկրների մանրանկարչության թանգարաններից, մատենադարաններից վերցված նյութերը: Դրանք եղել են հայ գրագիրների աշխատանքները: Սա մեր երկրորդ գիրքն է»,- ասում է Հրաչ Խաչերյանը:
Արմեն Քյուրքչյանի խոսքով` փորձել են լայն ձեւով ներկայացնել հայկական մշակույթը. «Սա ավելի շատ դասագիրք է: Այն մարդկանց պետք է մեկ քայլ առաջ գտնվելու համար»: Դիզայներն ասում է, որ եթե չլիներ Խաչերյանի բարդ բնավորությունը, չէր լինի «Հայկական զարդատառեր»-ը. «Նրա շնորհքն է, որ կարողացել է այդքան թանգարաններից վերցնել նյութերը: Միայն Նյու-Յորքի թանագարանի համար կես տարի գնացել-եկել է, տարբեր պայմանագրեր է ստորագրել»:
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով, Քյուրքչյանը եւ Խաչերյանը իրենց աշխատանքով ապացուցել են, որ յուրաքանչյուր մարդ կարող է պահպանել իր անհատականությունը ու միաժամանակ մասնակցել համազգային արժեքի ստեղծմանը. «Մեր արժեքը եւ՛ պատմական է, եւ՛ արդիական: Թեկուզ երկու ուղեղ մեր հողի վրա ցանկանա արժեք ստեղծել, ապա մենք դա կանենք»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ