Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սայլակով տեղաշարժվող երեխան ազդարարեց Մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի բացումը (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հոկտեմբեր 20,2012 23:53

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Մանկապատանեկան ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Մինչ մեկնարկը Շառլ Ազնավուրի անվան հրապարակում փառատոնի մասնակիցները հանդես եկան ազգային պարերով: «Այս տարի ցանկացանք փառատոնի հյուրերին դիմավորել մեր ազգային պարերով, բացի այդ` շեշտը դրվում է այն հանգամանքի վրա, որ միջազգային ֆիլմեր դիտելով հանդերձ` պետք չէ անտեսել մեր ազգայինը: Այն, ինչ մերն է, չենք մոռանում. ի վերջո` պետք  է դաստիարակել այնպիսի մարդ, որը կընդունի ոչ միայն հարեւանի մշակույթը, այլեւ կպահպանի իրենը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց փառատոնի գեղարվեստական ծրագրերի տնօրեն Նելլի Ալելովան:

Հիշեցնենք, որ փառատոնի «Ես ձեզանից մեկն եմ» խորագրով ծրագիրը կբարձրաձայնի հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների մասին: «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում փառատոնի բացմանը մասնակցեց տեղաշարժվելու խնդիրներ ունեցող 14-ամյա Մարգարիտա Սարգսյանը. «Ուրախ եմ փառատոնին մասնակցելու եւ բացումն անելու համար: Դա կարեւոր է եւ մեծ ուժ է տալիս ինձ: Երբ մարդիկ ինձ խնդրում են որեւէ բան անել, նշանակում է, որ ես կարող եմ դա: Մի նայեք միայն իմ սայլակին, ես ձեզանից մեկն եմ: Ինչպես բոլոր երեխաները, ես երազում եմ խաղալ, ճանապարհորդել: Ես դպրոց եմ գնում եւ շատ ընկերներ ունեմ: Իմ շրջապատում կան մարդիկ, ովքեր աջակցում եւ հավատում են ինձ»,-ասաց աղջնակն ու հավելեց, որ փառատոնում ներառված են նաեւ իր պես երեխաների մասին ֆիլմեր. «Պարզապես ես մի փոքր տարբերվում են ձեզանից, բայց եկեք միասին լինենք»:

Փառատոնի աջակից ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ  Հենրիետ Արենսը փառատոնը կարեւորեց  հատկապես երեխաների իրավունքների պաշտպանվածությանն ուղղված ծրագրի մասով. «Նախորդ փառատոնի ընթացքում խոսվեց երեխաների ապրելու եւ ընտանիքում հասակ առնելու իրավունքից, իսկ այս անգամ շեշտը դրվում է երեխայի` մեզանից մեկը լինելու եւ դպրոցում սովորելու իրավունքների վրա: Մենք հաճախ չենք նկատում նրանց, չենք շփվում եւ չգիտենք, թե ինչպիսի կարողություններ ունեն այդ երեխաները»:

Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ, Մանկապատանեկան ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնի տնօրեն Նունե  Մանուկյանը նկատեց, որ փառատոնների միջեւ ընկած ժամանակահատվածն անցնում է ակնթարթի պես. «Կարեւոր է, որ այս տարի ներառված են նաեւ նոր ծրագրեր եւ մտահաղացումներ: Ուրախ եմ, որ փառատոնի մեկնարկը միասին ենք կատարում` բարի գալուստ ասելով մեր բոլոր հյուրերին»:

Տիկին Մանուկյանը հայտնեց, որ ռեժիսոր Բորիս Գրաչեւսկիի ընտանիքում վերջերս երեխա է ծնվել, եւ ռեժիսորը չի կարողացել ժամանել. «Բայց նա խոստացել է հաջորդ փառատոնին մասնակցել արդեն ընտանիքով: Գրաչեւսկին մեզ նվիրել է «Երալաշ» հումորային ծրագրի դեռեւս չցուցադրված մանրապատումները»:

Հավելենք, որ փառատոնում ընդգրկված է աշխարհի 27 երկրի 105 մանկական ֆիլմ:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031