Լրահոս
Օրվա լրահոսը

Կինոգետ. Սերգեյ Իսրայելյանը նվիրված էր արվեստին` առանց սեփական անձը ցուցադրելու մարմաջի

Հոկտեմբեր 20,2012 19:05

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս ծրագրի շրջանակում այսօր Նաիրի կինոթատրոնում կազմակերպվեց հուշ-ցերեկույթ` նվիրված կինոօպերատոր, ռեժիսոր Սերգեյ Իսրայելյանի 75-ամյակին: Ցերեկույթի ընթացքում ցուցադրվեց Իսրայելյանի մասին նկարահանված ֆիլմը, այնուհետեւ` «Սպիտակ անուրջները», որի օպերատորն է Իսրայելյանը:

«Այս ֆիմը բանաստեղծական է` փոքրիկ սյուժեով, բայց խորը ասելիքով: Բացի այդ` հավատարմության, զիջողականության, ծնողական սիրո մասին  է` նկարահանված զուսպ եւ նովելատիպ, ինչը Հենրիկ Մալյանի եւ Սերգեյ Իսրայելյանի նախընտրած  ոճերի շարքում է: Կարեւորում եմ հատկապես այն տեսարանները, որոնցում ներկայացված են Սոս Սարգսյանի ապրումները, կենդանի բնավորությունը, երեխային սիրող հոր եւ հանուն այդ սիրո իր բանաստեղծական աշխարհը զիջող կերպարը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց կինոգետ Էմանվել Մանուկյանը: Նրա խոսքով` Սերգեյ Իսրայելյանն իր  մտահաղացումները եւ գաղափարները կինոժապավենի վրա վավերացրել  է բարձր մակարդակով. «Նա վերջին շրջանի լավագույն օպերատորներից է: Իսրայելյանը նվիրված էր իր արվեստին` առանց ձեւականությունների եւ սեփական անձը ցուցադրելու  մարմաջի, իսկ աշխատելուց  ամբողջությամբ հիվանդանում էր ֆիլմով: Նույն հատկությունն ուներ նաեւ Մալյանը` այն տարբերությամբ, որ զուսպ էր:  Մալյանը եւ Իսրայելյանը զինակիցներ էին եւ մեկը մյուսին սնում էին այնպիսի ֆիլմերի ստեղծման ժամանակ, ինչպիսիք են «Եռանկյունին», «Խաթաբալան», «Սպիտակ անուրջները»:

Պարոն Մանուկյանը հիշեց. «Երբ Իսրայելյանը իմացավ Ազգային Ժողովում տեղի ունեցած դժբախտություն մասին, ասաց, որ իր  բազկաթոռի վրա գնդակի հետք է եղել եւ հնարավոր էր, որ այդ օրը ինքն էլ զոհվեր: Նա ծանր վերապրեց այդ ողբերգությունը,  հատկապես որ  մտերիմ էր Կարեն Դեմիրճյանի հետ: Եկող տարի լրանում է Իսրայելյանի մահվան տասներորդ տարին. կարծում եմ` մենք մեծ կորուստ ենք ունեցել, քանի որ նա սկսել էր նաեւ ռեժիսորական աշխատանքներով զբաղվել, իսկ մենք մեծ սպասելիքներ ունեինք»:

Կինոգետը նաեւ ասաց, որ  Իսրայելյանը մեր կինոյի շարժիչ ուժերից է եղել եւ միջազգային որակի աշխատանքներ արել. «Իսկ ներկայիս հայկական կինեմատոգրաֆիան պետք է վերադառնա իր լավագույն տարիների  աշխատանքներին: Աճելու ձգտում իհարկե կա, բայց դեռեւս չենք հասել ցանկալի մակարդակի»:

Մեզ հետ զրույցում արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր  Հենրիկ Մարգարյանը նշեց, որ Սերգեյ Իսրայելյանը մյուս օպերատորներից զատվում էր մասնագիտական խորը կարողություններով. «Հայֆիլմի» լավագույն նվաճումները համընկնում են նրա ստեղծագործական կենսագրության հետ: Այդ ժամանակի ֆիլմերից ոմանք սկզբում չէի հավանում, բայց հիմա դիտելուց զարմանում եմ. իրականում դրանք չափազանց լավն են եւ մարդկային: Գուցե ունեն մասնագիտական որոշ թերություններ, բայց երբ համեմատում եմ այսօր արտադրվող ֆիլմերի հետ, հասկանում եմ, որ մենք ճիշտ էինք աշխատում: Հիմա հայկական կինոն դեգրադացիա է ապրում, ֆիլմերից  ոչ մասնագիտական կարողության հոտ է փչում: Բացի այդ, կաղում է ասելիքը, էլ չեմ ասում դերասանների մասին: Ով ասես նկարվում է եւ դերասանական արվեստը հասցնում զրոյի: Այդ առումով հին ֆիլմերը չափազանց թանկ են, մանավանդ` Իսրայելյանի նկարահանածները»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031