Միջազգային ուղևորափոխադրումների վերաբերյալ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2012 թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան ժամանածների և մեկնածների թիվը համապատասխանաբար եղել է 1մլն 594 հազար 950 և 1մլն 692 հազար 45: Սալդոն բացասական է` -97 հազար 95 մարդ:
Ըստ ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության հրապարակած տվյալների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օդային տրանսպորտով, երկաթուղով և ավտոտրանսպորտով մեկնածների և ժամանածների թվերի տարբերությունն աճել է 7,2 հազարով կամ 8 %-ով: Օդային տրանսպորտով սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռը ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալում կազմել է 41,8%:
Ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 329,1 հազար մարդով կամ 11,1 %-ով և կազմել՝ 3 մլն 287 հազար մարդ:
Սեպտեմբերին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը կազմել է 6,3 հազար մարդ` նախորդ տարվա սեպտեմբերի 14,6 հազարի դիմաց: Ի տարբերություն օդային և ավտոմոբիլային տրանսպորտով երկրի սահմանը հատածների` երկաթուղով ուղևորափոխադրումների սալդոն դրական է` 2 հազար 91 մարդ: