Շաբաթվա ամփոփումը սկսում ենք ուրախ լուրով՝ հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել ծանրամարտիկներ Հռիփսիմե Խուրշուդյանի ու Տարոն Թովմասյանի հարսանեկան արարողությունը: Զույգը Աստծո օրհնությունը ստացել է Աշտարակի Մուղնի գյուղի Սուրբ Գեւորգ եկեղեցում: Bravo.am-ի հետ զրույցում Հռիփսիմեն խոստովանել է. «Ավելի լավ է մրցումների լինեի, քան իմ հարսանիքին: Շատ պատասխանատու և կարեւոր օր է»: 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը տեղեկացրել է, որ իր հայկական ավանդական հարսանիքը համեմել է սպորտային տարրերով. հարսանեկան տորթը ծանրաձողի տեսքով է, տարոսիկները` ևս:
Նադեժդա Սարգսյանի ծննդյան օրն էլ առաջինը երգչուն շնորհավորել է դուստրը՝ Էմմին. «Կեսգիշերից րոպեներ առաջ դուրս եկավ սենյակից եւ ուղիղ ժամը 00:00-ին փուչիկներով, ծաղիկներով, իմ սիրած օծանելիքով շնորհավորեց տոնս: Ասաց, որ հրաշալի երեկո է կազմակերպելու, իսկ ես մի քիչ նեղվեցի, որովհետեւ չէի ուզում նշել», – պատմել է Նադեժդա Սարգսյանը:
Շաբաթը նաև իսպանական էր: Հոկտեմբերի 12-17-ը «Իսպանական շաբաթ»- ի շրջանակներում Նարեկացի արվեստի միությունում մարդիկ հնարավորությու ունեին փորձելու իսպանական գինի, վայելելու ավելի քան 10-ը պրոֆեսիոնալ կիթառահարների հնչեցրած լատինամերիկյան ռիթմերը եւ զգալու իսպանական շունչը:
Անցնելով միջազգային նորությունների նշեմ, որ Ջասթին Թիմբերլեյքի և Ջեսիկա Բիլի հարսանյան արարողությունը ամենայն հավանականությամբ տեղի կունենա այս շաբաթ, ասեկոսեների համաձայն՝ բոլոր հրավիրատոմսերն արդեն ուղարկվել են հյուրերին:
Լեդի Գագան պատրաստվում է խաղալ կատակերգությունում: Դերասան և պրոդյուսեր Բեն Ստիլլերն 4,8 մլն ԱՄՆ դոլար է առաջարկել Լեդի Գագային` հայտնի կատակերգությունում նկարահանվելու դիմաց:
Արդեն երկար ժամանակ է, ինչ քննարկվում են Ռիհանայի և Քրիս Բրաունի հարաբերությունները նաև համացանցում: Լուրերի համաձայն՝ Քրիս Բրաունը, լքել է իր նախկին ընկերուհուն՝ Ռիհանայի հետ հարաբերությունները վերականգնելու համար: Վերջերս էլ երգչուհու հայրն է հայտնել իր կարծիքը զույգի մասին. «Ես երջանիկ կլինեմ, երբ երջանիկ լինի աղջիկս: Մեր ընտանիքը սիրում է Քրիսին և շատ լավ կլինի, եթե նրանք ամուսնանան: Ռիհանան և Քրիսը ստեղծված են իրար համար»,- ասել է նա:
Տիգրանուհի Թասլակյան