«ՙՄենք բոլորս էլ մարդ ենք, դուք մեզանից լավը չեք: Փորձեք անարդար լինելով` արդար լինել: Ես որպես քրիստոնյա, որպես մարդ, ոստիկանապետ ասում եմ` ոստիկանությունը լինելու է անաչառ եւ ազնիվ, ոստիկանության գործունեությունը բխելու է օրենքի շահերից»,- այսօր ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ Ծաղկաձորում անցկացվող «Ոստիկանության գործունեության լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով սեմինարի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Ոստիկանապետը համոզված է, որ երբեք արդարության չենք հասնելու, եւ չնայած ոստիկանության համակարգն էլ երբեք իդեալական չի լինելու, բայց լինելու է տրամաբանության մեջ:
ՙՏարիներ հետո, երբ մեր համազգեստը հանենք, պետք է այնպես լինի, որ քաղաքացին տեսնի, զգա, որ այդ համազգեստի մեջ մարդ է եղել՚,- նշեց Գասպարյանը լրագրողներին համեմատելով ոստիկանների հետ:
ՙԴուք շատ նման եք մեզ, մենք բոլորս ոգեւորվողներ ենք: Երբ լրագրողները մի ինֆորմացիայի են տիրապետում անմիջապես թղթին են տալիս, բայց պետք չէ ոգեւորվել սենսացիա անելու համար: Մի հասեք լրագրողական աղաղակության, մենք ձեր եղբայրներն ենք: Ես ձեզ սիրում ու հարգում եմ չա- չա-չա…՚,-շարունակեց Գասպարյանը:
Կարդացեք նաև
Արդարության մասին բարձրաձայնողների մասին խոսելիս էլ ոստիկանապետը հորդորեց, թող առաջինը քար նետի նա` ով արդար է. ՙԵս խնդրում եմ ձեր օգնությունը: Փորձենք մեղավորների մեջ անմեղ լինել: Մեր նպատակը մարդասիրություն է, պետք չէ զորբայությամբ, անարդարությամբ հասնել ցանկալի նպատակների՚:
Ինչ վերաբերվում է ՀՀ ոստիկանության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի համագործակցությանը, Գասպարյանը շեշտեց. ՙԵԱՀԿ-ն մեզ չի սովորեցնում, մենք էլ մոլորված հորթի հայացքով չենք համաձայնվում, մենք ընկերներ ենք: Սովորում ենք միմյանցից, իրար չենք թելադրում: Երբ գալիս են քեզ սովորեցնելու, մտածելով որ իրենց ծալքավորումներն ավելի շատ են, քան քոնը` դա վիրավորական է, բայց երբ գործընկերությունը վերածվում է եղբայրություն, ոնց կարելի է դա չգնահատել: ԵԱՀԿ-ն եւ ոստիկանությունը չեն պայքարում միմյանց դեմ, մենք աշխատում ենք միասին, եւ մեծ հաշվով ճիշտը շատ է՚:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ