Լրահոս
Օրվա լրահոսը

Էջմիածնում տեղի է ունեցել ՀԲԸՄ 87-րդ Ընդհանուր Ժողովը

Հոկտեմբեր 20,2012 14:04

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորակառույց Վաչե և Թամար Մանուկյան մատենադարանում տեղի է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության 87-րդ Ընդհանուր Ժողովը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության անունից ողջունելով ժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել է.

«Վեհափառ Տեր, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության 87-րդ Ընդհանուր Ժողովի հարգարժան մասնակիցներ, տիկնայք և պարոնայք, Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ համայն հայության համար շատ կարևոր ու խոշորագույն այս միջոցառմանը: Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Ընդհանուր ժողովի բացումը ևս մեկ առիթ է Մայր Հայրենիքի համար` դրվատանքի և շնորհակալության խոսքեր փոխանցել ձեզ այն անուրանալի և հսկայական աշխատանքի համար, որ արել է մեկ դարից ավել կենսագրություն ունեցող այս կառույցը` ՀԲԸՄ-ն: Ուզում եմ առիթն օգտագործել` հպարտանալու, որ հիմնադրվելով 1906-ին Կահիրեում` Պողոս Նուպար Փաշայի կողմից, այս ազգասեր, ազգակենտրոն կառույցը չդարձավ համայնքային, տեղական մեկ կազմակերպություն, այլ տարածվեց և սփռվեց աշխարհով մեկ` ունենալով կազմակերպչական կառույցներ աշխարհի 26 երկրներում: Աշխարհում շատ քիչ են այսպիսի բարեգործական միություններ, որոնք ունեն այսչափ հարուստ կենսագրություն, ծավալված են երկրագնդի չորս կողմը և միավորում են Հայրենիքի և Հայության հարցերով մտահոգ հազարավոր մարդկանց: Հայ բարեգործական ընդհանուր միության աշխատանքը տեսանելի և շոշափելի է համ Հայաստանում, համ Սփյուռքում: Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադրում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համատեղ ծավալվող եկեղեցաշինական գործունեություն, հատկացումներ Մատենադարանին, ՀՀ ԳԱԱ-ին, միշարք բուհերի ֆինանսավորում, մշակութային, կրթական, գիտական, հրատարակչական բազմաթիվ ծրագրերի ու ստեղծագործական խմբերի` սրանք ՀԲԸՄ-ի իրականացրած ծրագրերի միայն մի մասն են ևդրանք դեռ կարելի է թվարկել տասնյակներով:

Մեր ժողովրդի ամենապայծառ զավակներից մեկը` Ալեք Մանուկյանը, խոսելով իր կատարած գործերի մասին, մի առիթով ասել է. «Ինձ համար որևէ անձնական հաջողություն կամ բարօրություն թունավոր մի բան կունենա իր մեջ, երբ ազգը անկե իր բաժինը չստանա»: Այս բարձր գիտակցությամբ է առաջնորդվում Հայ բարեգործական ընդհանուր միությունը, և ամենևին էլ վատ չէր լինի, որպեսզի նման գիտակցումով վարակվեին նաև մնացած կարող մարդիկ, ովքեր, կուտակելով հսկայական ունեցվածք, ունենային նաև սոցիալական պարտավորություններ` անկախ քաղաքական հայացքներից կամ համոզմունքներից: Այն հայը, ով իր գործունեությունը բացի սեփական անձից նվիրում է իր ժողովրդի խնդիրների լուծմանը, մշտապես դառնում է պաշտելի իր հայրենակիցների կողմից: Վկա Ալեք Մանուկյանը` ում աճյունն ամփոփված է այստեղ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` իբրև հայ ժողովրդի արժանի զավակ: Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ, սիրելի ներկաներ և մաղթում տարիների արգասաբեր աշխատանք` ի փառս Հայ ժողովրդի և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության»:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031