Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձավ բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողների բողոքին, որոնք պնդում են, որ իրենց որդիներին բանակում սպանել են, բայց գործը դատական ատյաններում սառեցված է: «Բոլորին ընդունել եմ մի քանի անգամ, բոլորի գործերը ինքս եմ նայել: Զինվորական դատախազին խնդրել եմ իրենց ընդունել: Կան գործեր, որոնք նախաքննության փուլում խնդիրներ ունեն, որոնք օբյեկտիվորեն կարող են կասկածներ առաջացնել: Մի դեպքով կարող եմ հիշել, դիակի զննության ժամանակ գրվում է, որ ատամնաշարը տեղում է, բայց իրականում ընդամենը մեկ ամսվա դրան նախորդող սպանվածի նկար կա , որտեղ ատամանաշարում ատամներից մեկը բացակայում է: Բայց ծնողին դժվար է լինելու համոզել, որ մնացած ամեն ինչ ճիշտ է կատարվել:
Այլ բան այս պարագայում` նորից փորձաքննություն նշանակել, նորից այդ ամբողջ մարդկանց հարցաքննել, արվում է ու նորից նույն պատկերն է: Այսինքն դրանք այնպիսի սխալներ են, որոնք ըստ քննչական մարմինների, չէին կարող ազդեցություն ունենալ ելքի վրա: Բայց այդ մեկ անփութությունը ծնողներին մղում է էլի գալ կառավարություն»,- ասաց նախարարը:
Հարցին, թե ինչու չեն բացահայտվում այդ գործերը, նախարարը բացատրեց. «Որոշակի ժամանակ է անցնում, որոշակի հետքեր են կորում: Եվ ամբողջն այնպես անել, որ ծնողների մոտ բոլոր կասկածները վերանան, դժվար է: Ինքս ելքերը չեմ տեսնում, որովհետեւ մի քանի գործեր կան, որոնք ամեն ինչ է արվել, կրկնակի փորձաքննություն, բոլորին հարցաքննվել, բայց պատկերն այն է, ինչ որ կա»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ