Արդեն 5-րդ տարին է, ինչ հոկտեմբերին Երեւանում մեկնարկում է Համահայկական նկարչական նախագիծը, որը Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետաքրքիր նախագծերից մեկն է ընդամենը: Նախաձեռնողների նպատակն է նմանատիպ միջոցառում-ակցիաներով պատանիների ու երեխաների մոտ ձեւավորել բնապահպանական ու քաղաքացիական գիտակցություն ու պատասխանատու վերաբերմունք բնության ու կենդանիների հանդեպ:
Այս տարի Համահայկական նկարչական օրվա շրջանակներում 1000-ից ավելի երեխաներ Սփյուռքի տարբեր գաղթօջախներից ու Հայաստանից մասնակցում են նախագծին: Նրանք, համաձայն մրցույթի կանոններին, նախապես տեղադրել են իրենց ստեղծագործությունները paintingday.sunchild.
org կայքում: Մրցույթի արդյունքները ներկայացվելու են դեկտեմբերին, իսկ ահա այս կիրակի՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 11.00-ից մինչեւ 16.00-ն, Երեւանի Հյուսիսային պողոտայում տեղի է ունենալու Համահայկական նկարչական օրվա տոնական միջոցառումը: 1200 երեխաներ տարբեր մարզերից ու Երեւանից տուփերի ու մոլբերտների վրա կնկարեն հիմնադրամի կողմից առաջարկվող հետեւյալ թեմաներով՝ Հայկական լեռնաշխարհի էնդեմիկները, Հայաստանի մշակութային գանձերը, Վտանգված բնություն: Պատասխանելով այն հարցին, թե ինչու են հենց Հյուսիսային պողոտայում կազմակերպում այս միջոցառումը՝ հիմնադրամից պատասխանեցին, որ այդպիսով Հյուսիսային պողոտա են «վերադարձնում» բնությունը եւ դա փորձում են անել երեխաների օգնությամբ: Հոկտեմբերի 28-ին էլ Երեւանում տեղի կունենա «կենդանիների» երթ-դիմակահանդես: Իսկ Երեւանի կենդանաբանական այգում այդ օրը կբացվի բորենիների ազատավանդակը: Բնապահպանական այս երկու միջոցառումները երեխաների համար նաեւ տոն դարձնելու նպատակով Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Գերմանիայի Բրեմեն քաղաքից հրավիրել է Կոնֆուսաո դիմակահանդեսային խմբին:
Հավելենք, որ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը միջոցառումներն անցկացնում է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցությամբ:
ԱՆԻ ԱՍԱՏՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ