Հայաստանյան բուհերում խորհրդային տարիներին գործում էին ուսանողական երաժշտական կոլեկտիվներ, որոնք իրենց բարձրարվեստ կատարումներով նույնիսկ հյուրախաղերի էին մեկնում Արեւմուտք: Օրինակ՝ անվանի խմբավար Էմմա Ծատուրյանի ղեկավարությամբ գործող Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի «Ծաղկեփունջ» երգչախումբը, Պոլիտեխնիկական ինստիտուտի կամերային նվագախումբը (ղեկավար՝ կոմպոզիտոր Սերգեյ Աղաջանյան), Պետական համալսարանի երգչախումբը՝ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ եւ այլն: 1990-ականներին, հասկանալի պատճառներով, բուհական կոլեկտիվները լուծարվեցին, գեղարվեստական ինքնագործունեությունը մոռացության մատնվեց: Լավ է, որ վերջին շրջանում բուհերի ռեկտորները, կարեւորելով նաեւ ուսանողների մշակութային դաստիարակությունը, «ուշաթափված» կոլեկտիվներին «ուշքի բերեցին» հրավիրյալ անվանի արվեստագետների օգնությամբ:
Այսօր Երեւանի պետական համալսարանի մշակութային կենտրոնում գործող երգչախմբին եւ կամերային նվագախմբին, որոնց գեղարվեստական ղեկավարն է Ազգային օպերային թատրոնի խորմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյանը, հաճախ կարելի է հանդիպել երեւանյան եւ մարզային տարբեր միջոցառումների ժամանակ:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Կ. Սարգսյանն ասաց, որ բուհի կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարությունը ստանձնել է 2006թ.՝ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանի հրավերով ու հորդորով: «Ռեկտորը մեծ ցանկություն ուներ ուշքի բերելու կոլեկտիվները: Ինձ հետ հանդիպման ժամանակ էլ մեջբերեց Հռոմի փիլիսոփաներից մեկի հետեւյալ միտքը՝ «կործանվելու ենք շուտով, քանի որ մեր երգիչները դադարել են սովորեցնել, նրանք միայն զվարճացնում են»: Ի վերջո, գիտությունը՝ գիտություն, բայց մեծ կարեւորություն պետք է տալ մշակույթին, քանի որ դա է այն գրավականը, ինչը կարող է ուսանողին տալ համակողմանի զարգացածություն»,- ասաց մեր զրուցակիցը: Կեսկատակ-կեսլուրջ հավելելով, որ թեեւ այսօրվա ուսանողության մեծ մասը կողմնակից է զվարճանքներին, սակայն իրեն հաջողվել է վերստեղծել ուսանող երաժիշտներից կազմված կայուն երգչախումբ ու նվագախումբ, նվագացանկում էլ ընդգրկել Վերդիի, Բիզեի, Շոստակովիչի, Խաչատրյանի, Ազնավուրի, Լեգրանի, Բաբաջանյանի, Մանսուրյանի եւ մյուս անվանիների հանրամատչելի երկերից: Հետաքրքրությանը՝ հնարավո՞ր է նախկինի օրինակով այսօր էլ կազմակերպել արտերկրյա հյուրախաղեր, Կարեն Սարգսյանը հայտնեց. «Գիտեմ, որ ասվածի առիթով մեծ ցանկություն կա, քանի որ Մայր բուհը Արեւմուտքի ճանաչված բարձրագույն կրթական հաստատությունների հետ գործնական կապեր ունի եւ, ինչու ոչ՝ զուգահեռ կարելի է ներկայացնել ուսանող երաժիշտների արվեստը նույնպես»:
Կարդացեք նաև
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ