Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեգրանը՝ տիկնոջ ներկայացմամբ

Հոկտեմբեր 20,2012 13:32

Նախնիների հայրենիքում ֆրանսիացի հայազգի կոմպոզիտոր, 3 անգամ «Օսկարի» արժանացած, 5 անգամ՝ «Գրեմի» եւ «Էմմի», 12 անգամ՝ «Ոսկե գլոբուս» մրցանակակիր, աշխարհահռչակ Միշել Լեգրանն այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ, իր 80-ամյա հոբելյանին նվիրված համերգը, որ կազմված է սեփական երկերից, «կկիսի» հայ հանդիսատեսի հետ:

Նախօրեին՝ մինչ մաեստրոն փորձ էր անցկացնում նվագախմբի հետ, նրա հայտնի արվեստին մեկ անգամ եւս անդրադարձ չկատարելու նպատակով «Առավոտը» զրույցի հրավիրեց մասնագիտությամբ տավղահարուհի տիկին Քեթրին Լեգրանին, ով մինչ ամուսնությունն աշխատել է Փարիզի ազգային օպերային թատրոնում, քանի որ ավելի շատ հետաքրքիր է նրա «դիրքից» ներկայացվող հռչակավոր երաժիշտը:

Զրույցի ընթացքում պարզեցինք, որ տիկնոջ խոսքերով՝ բնավորության մեջ ոչ մի «կաթիլ» հային բնորոշ գծեր չունի կոմպոզիտորը, փոխարենը երաժշտության մեջ է առկա գենետիկորեն եկած հայկականը: Հետաքրքրությանը, թե ինչպիսին է մաեստրոն տանը, տիկին Քեթրին լիաթոք ծիծաղելուց հետո ասաց, որ հարցին չի պատասխանի, միայն կարող է հայտնել, որ տանը, դրսում եւ հյուրախաղերի ժամանակ իրարից անբաժան են: Իսկ թե Հայաստանը ի՞նչ «մեծություն» ունի մաեստրոյի համար, տիկինը դարձյալ նշեց, որ դա արտահայտված է նրա երկերում, հետո հավելեց. «Կարծում եմ՝ ճիշտ կընկալեք այն, որ Միշելը շատ չի սիրում խոսել Հայաստանի, հայերի մասին, բայց ես մի բան եմ հասկացել, որ նրա՝ իբրեւ մարդու ու երաժշտի կայացման գործում մեծ դերակատարում է ունեցել մայրը՝ Մարսել Տեր-Միքայելյանը, ով սերել է հայկական ազնվական ընտանիքից: Կուզեմ ասել, որ հայի գենը ի ծնե է բուն դրել նրանում: Իսկ Հայաստան ու հայեր բառերը մշտապես հնչում էին Միշելի երջանկահիշատակ քրոջ՝ Քրիստինայի շուրթերից, ում վերջին համերգը հայրենիքում կայացավ 2006թ.՝ Հայաստանում ֆրանսիական տարվա շրջանակներում: Պատկերացնո՞ւմ եք, նա իր հայ զարմիկներին եւ բարեկամներին տեսակցելու համար գնում էր  երկրից երկիր ու անվերջ կարող էր խոսել հայկական թեմաներով, այդ շարքում՝ եւ քաղաքական բնույթի…»:

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031