Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի քաղաքացիներն են որոշում իրենց երկրի ապագան

Հոկտեմբեր 20,2012 13:24

Հարցազրույց «Արեւելք-Արեւմուտք» հետազոտական կենտրոնի ղեկավար Արաստուն Օրուջլուի հետ:

– Կարծիք կա, որ Վրաստանում հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունները նոր ժամանակաշրջան բացեցին Հարավային Կովկասի ժողովրդավարական զարգացման համար, քանի որ արդար ընտրությունների արդյունքում գործող իշխանությունը հայտարարեց ընդդիմություն դառնալու մասին: Դուք համաձա՞յն եք նման գնահատականին:

– Եվ այո, եւ ոչ: Այո, որովհետեւ դա լավ օրինակ է ամբողջ տարածաշրջանի համար, եւ Հարավային Կովկասի երկրների ազգերն արդեն հասկանում են, որ Վրաստանում կատարվածը հաջող եւ ընդունված մոդել է մյուս երկրներում իրավական պետության, ազատ շուկայի եւ ժողովրդավարական հասարակության զարգացման համար: Եվ ըստ էության՝ այլ տարբերակ չկա էլ:

Եվ ոչ, համաձայն չեմ այս գնահատականի հետ, որովհետեւ բոլորը լավ հասկանում են, որ առանց միջազգային գործոնի Վրաստանում ժողովրդավարական զարգացման մոդելների գործնական ներդրումը ծայրահեղ դժվար կլիներ, եւ նույնիսկ՝ անհնար: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այստեղ բավական բացասական դեր է խաղում էներգետիկ գործոնը: Կարելի է պնդել, որ Ադրբեջանի դեպքում Հարավային Կովկասի ժողովրդավարական զարգացման համար անհրաժեշտ միջազգային գործոն գրեթե առհասարակ չկա:

– Ինչի՞ հետ եք կապում վրացական ընտրությունների արդյունքները. երկրի ժողովրդավարական զարգացման մակարդակի՞, քաղաքացիական հասարակության զարգացմա՞ն, թե՞ Վրաստանում իշխանափոխության արտաքին անհրաժեշտության հետ: Միգուցե Դուք ա՞յլ պատճառ նշեք: Հայաստանում հնարավո՞ր է, որ ընտրությունների արդյունքում իշխող կուսակցությունն անցնի ընդդիմության շարքերը, ինչպես դա եղավ Վրաստանում:

– Ես կարծում եմ, որ առաջին հերթին դեր խաղացին Վրաստանի «Վարդերի հեղափոխությունից» հետո իրականացված բարեփոխումները: Հենց դրանք վրացական հասարակությանը հավատ ներշնչեցին սեփական ուժերի հանդեպ: Հասարակության մեջ ներդրած ազատությունները կարեւոր դեր ունեցան ինչպես քաղաքացիական հասարակության, այնպես էլ իրավական մեխանիզմների եւ ինստիտուտների դերի եւ ազդեցության հետագա ամրապնդման համար: Վրացի մարդը հասկացավ, որ ինքն իր դերն ունի իր երկրի քաղաքական եւ հասարակական կյանքում: Վրաստանի քաղաքացին գիտակցեց, որ իրեն դժվար է հեռու պահել քաղաքականությանը մասնակցելուց, ինչը չես ասի Ադրբեջանի մասին: Ադրբեջանում հենց հասարակական- քաղաքական հարաբերությունների համակարգը կամ ոչնչացված է, կամ ճգնաժամի մեջ է: Դժվար է պատկերացնել, որ մեր նման երկրներում նման զարգացումը հնարավոր կլիներ:

 

Ինչ վերաբերում է արտաքին գործոնին, ապա չեմ կարծում, որ այն կարեւոր դեր եւ ազդեցություն ունեցավ ընտրությունների արդյունքների վրա. դա առաջին հերթին վրացի ընտրողի քաղաքական կամքի դրսեւորումն էր:

– Վրաստանում ընտրությունների շեմին օրենսդրորեն ձեւակերպվեց կառավարման նախագահական ձեւից խորհրդարանականին անցումը: Կառավարման այս ձեւերից ո՞րը, քաղաքական ո՞ր համակարգն է առավել հարմար Ադրբեջանին:

– Կառավարման խորհրդարանական ձեւը բոլոր առումներով նախընտրելի է նախագահականից, սակայն այն արդյունավետ է միայն իշխանության բոլոր ճյուղերի եւ պետական ինստիտուտների հստակ փոխազդեցության պայմաններում: Իսկ սա իր հերթին կարող է տեղի ունենալ միայն, եթե կա իշխանական ճյուղերի իրավասությունների հստակ տարանջատում, եթե կան այդ տարանջատումը կարգավորող օրենսդրական նորմեր, ինչպես նաեւ՝ եթե կա անկախ դատական համակարգ: Եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանում այդ ամենը չկա եւ շուտ չի էլ լինելու, ապա առավելագույն արդյունավետության կարելի է հասնել միայն այնպիսի բարեփոխումների միջոցով, ինչպիսիք Վրաստանում եղան: Այս կարգի բարեփոխումների համար պետք է լինի երկրի ղեկավարության քաղաքական կամքը, ինչը ներկայիս իշխանավորներից դժվար է ակնկալել: Ուստի՝ վրացական մոդելի (հեղափոխության) իրագործումն Ադրբեջանում ստեղծված հասարակական-քաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակից դուրս գալու միակ ելքն է թվում:

– Ո՞ւմ են ձայն տվել Վրաստանում ապրող ադրբեջանցիները: Ի՞նչ սպասելիքներ ունեն նրանք փաստացի նոր իշխանությունից:

– Մեզ հասած տվյալներով՝ Վրաստանի ադրբեջանական բնակչությունը հիմնականում քվեարկել է նախագահ Սաակաշվիլիի գլխավորած շարժման համար: Ընտրողների նման քայլը կարելի է մի քանի պատճառներով բացատրել, որոնցից առավել հավանական են ստորեւ նշվածները:

Առաջին՝ ազգային փոքրամասնությունները միշտ փորձում են լինել իշխանության կողմից, քանի որ ձգտում են քաղաքական կայունության եւ թերահավատորեն են վերաբերվում փոփոխություններին: Ընդդիմությանն աջակցելը կարող է համայնքի նկատմամբ իշխանավորների անվստահությունն առաջացնել՝ այստեղից բխող անցանկալի հետեւանքներով:

Երկրորդ՝ ադրբեջանցիները հաճախ առաջնորդվում են «իրենց» երկրից եկող խորհուրդներով, եւ բացառված չէ, որ այս անգամ եւս այդ խորհուրդները Վրաստանի գործող իշխանության օգտին են եղել:

Եվ վերջինը՝ հաճախ տեղի համայնքների առաջնորդներն իշխանության ներկայացուցիչներ են լինում, ինչը կարեւոր դեր է խաղում Վրաստանի շրջանների բնակչության քաղաքական համակրանքների ձեւավորման մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031