Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստան-Ադրբեջան-2012. Վրաստանն այսօր տարածաշրջանում դրական նախադեպ է

Հոկտեմբեր 20,2012 13:21

Ի՞նչ ցույց տվեցին Վրաստանի խորհրդարանական ընտրությունները: Հնարավո՞ր է, արդյոք, որ Հայաստանում եւ Ադրբեջանում ընտրությունների արդյունքում նույնպես իշխանափոխություն լինի: Որո՞նք են Հայաստանի եւ Ադրբեջանի համար վրացական ընտրությունների եւ հետընտրական տրանսֆորմացիաների գլխավոր դասերը:

Այս հարցերն են շոշափվում ստորեւ նշված հարցազրույցներում:

Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա իրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող զուգահեռ հարցազրույցները «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն են: Ծրագրին աջակցում են Հայաստանում եւ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանատները: Հարցազրույցները միաժամանակ տպագրվում են «Առավոտ» եւ Ադրբեջանում՝ «Նովոյե Վրեմյա» թերթերում: Ադրբեջանում հարցազրույցներն անց է կացնում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն

Վրաստանն այսօր տարածաշրջանում դրական նախադեպ է

 

Հարցազրույց «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի հետ

– Կարծիք կա, որ Վրաստանում հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունները նոր ժամանակաշրջան բացեցին Հարավային Կովկասի ժողովրդավարական զարգացման համար, քանի որ արդար ընտրությունների արդյունքում գործող իշխանությունը հայտարարեց ընդդիմություն դառնալու մասին: Դուք համաձա՞յն եք նման գնահատականին:

– Այո, ես միանգամայն վստահ եմ, որ Վրաստանում այս խորհրդարանական ընտրությունների շնորհիվ տեղի ունեցավ մտածողության եւ քաղաքական վարույթի շրջադարձ: Մեկ անգամ մենք ականատես եղանք, թե ինչպես Սաակաշվիլին մազի վրա պահեց իշխանությունը, եւ երկրորդ անգամ նա արդեն խուսափեց անազնիվ մեթոդներով պայքարել իշխանության համար:

Չնայած ես վերապահումներով կխոսեի Իվանիշվիլիի կառավարության հետագա քաղաքականության մասին, որովհետեւ դեռ հարց է՝ արդյո՞ք նորից չի ձեւավորվի կոռուպցիոն բուրգը, կամ՝ արդյո՞ք Վրաստան չեն վերադառնա կրիմինալ կենսագրություն ունեցող մարդիկ: Այնուամենայնիվ, անկասկած, Վրաստանն այսօր տարածաշրջանում դրական նախադեպ է. ի վերջո ավելի լավ է ժողովրդավարական ընտրություններով իշխանության եկած ոչ դեմոկրատ քաղաքական ուժը, քան բռնատիրական մեթոդներով իշխանության եկած ժողովրդավարական իշխանությունը: Չէ՞ որ այն ավտոմատ դադարում է այդպիսին լինելուց:

Վրաստանում արդեն կընթանա իրական քաղաքական պայքար եւ, վերջապես, մենք տարածաշրջանում ունեցանք ոչ թե տոհմերի (ինչպես Ադրբեջանում), ոչ թե կլանների (ինչպես Հայաստանում), այլ քաղաքական ուժերի, քաղաքական պլատֆորմների եւ քաղաքական նկատառումների բախում:

– Ինչի՞ հետ եք կապում վրացական ընտրությունների արդյունքները. երկրի ժողովրդավարական զարգացման մակարդակի՞, քաղաքացիական հասարակության զարգացմա՞ն, թե՞ Վրաստանում իշխանափոխության արտաքին անհրաժեշտության հետ: Միգուցե Դուք ա՞յլ պատճառ նշեք: Հայաստանում հնարավո՞ր է, որ ընտրությունների արդյունքում իշխող կուսակցությունն անցնի ընդդիմության շարքերը, ինչպես դա եղավ Վրաստանում:

– Ես կարծում եմ, որ Վրաստանը տարածաշրջանում արտոնյալ երկիր է, որտեղ հաջող կերպով համակցվում են տնտեսական, մարդկային ռեսուրսներն ու քրիստոնեական ավանդույթները: Այս վերջին հանգամանքը ես համարում եմ ոչ թե կրոնական արժեք, այլ քաղաքակրթական, որովհետեւ դրանով երկիրը շատ հեշտ է ինտեգրվում Եվրամիությանը, հեշտ է բանակցում այլ զարգացած երկրների հետ: Բացի այդ, եթե մեզ մոտ համարվում է, որ Հայաստանի կայացման եւ զարգացման միակ հնարավոր տարբերակը ռուսական գերակայությունն է (ինչն, իմ կարծիքով, շատ խնդրահարույց պնդում է), ապա վրացիները երբեւէ նման քաղաքական միֆ չեն ունեցել: Որպես գերակայություն նրանք միշտ դիտարկել են սեփական անկախության գաղափարը, իհարկե շատ ավելի զարգացած կառույցներին (ՆԱՏՕ, Եվրամիություն) ինտեգրվելու համատեքստում: Այս պայմանների առկայության շնորհիվ վրացիները սկզբում ապահովեցին կայուն կյանք իրենց երկրում, դրա հիման վրա ձեւավորեցին քաղաքացիական հասարակություն, որը հետագայում պատրաստ եղավ ինքնակամ ընտրություն կատարելու:

Հայաստանում չկա կայուն կյանք, եւ դա մեզ խանգարում է ունենալ ժողովրդավարական ընտրություն: Ըստ էության մենք չունենք էլ ընտրության հնարավորություն. ընտրում ենք վատագույնը վատթարագույններից: Հայաստանում չի կարող ընտրությունների միջոցով տեղի ունենալ անցում իշխանությունից ընդդիմությանը, որովհետեւ Հայաստանում ներկա պահին գործող ընդդիմություն չկա էլ: Կա պայքար իշխանության կողմից ընդդիմություն հռչակվելու համար: Նույնիսկ եթե հիմա «Հանրապետական» կուսակցությունը հայտարարի, որ հեռանում է իշխանությունից առանց որեւէ ընտրությունների՝ հանձնելով դրոշն, ասենք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ապա դա ես ժողովրդավարական ընտրություն չեմ համարի:

Մեր օլիգարխների համար մեծ իմպուլս էր Իվանիշվիլիի հայտնվելը: Մենք էլ օլիգարխներ ունենք, որոնք դեմ չեն լինի ստանձնելու նախագահական իշխանությունը: Սակայն ի տարբերություն մեր օլիգարխների, Իվանիշվիլին անկախ էր: Նա չէր գտնվում նախկին Վրաստանի նախագահի կամ որեւէ գերտերության վերահսկողության տակ, նրան հնարավոր չէ դնել տնտեսական ծանր իրավիճակում: Այս պատճառով ես չէի նույնացնի Վրաստանի եւ Հայաստանի գալիք ընտրությունները:

– Վրաստանում ընտրությունների շեմին օրենսդրորեն ձեւակերպվեց կառավարման նախագահական ձեւից խորհրդարանականին անցումը: Կառավարման այս ձեւերից ո՞րը, քաղաքական ո՞ր համակարգն է առավել հարմար Հայաստանին:

– Ես գաղափարապես կողմ եմ խորհրդարանական կառավարմանը, որովհետեւ այդտեղ կոնսենսուսային տարբերակ կա: Քանի որ մենք սովոր ենք միանձնյա որոշումներին, ապա կարծում եմ, որ անցումային ժամանակահատվածում նախագահական կառավարման ձեւն էլ կարող է մեծապես նպաստել Հայաստանի կայացմանը: Եթե հանկարծ նախագահը միանձնյա որոշում կայացնի հասարակությունը ճիշտ կազմակերպելու ուղղությամբ, դա շատ լավ նախապատրաստական փուլ կլինի հետագայում խորհրդարանական ժողովրդավարության հաստատման համար:

Վրաստանը հասել է նախագահականից խորհրդարանական կառավարման ձեւին անցնելու սահմանին, եւ եթե իրենց մոտ լիարժեք ձեւավորվի խորհրդարանական կառավարման մշակույթը, ապա դա կլինի Վրաստանի քաղաքական հասունացման բացահայտ նշան: Մենք դեռ պատրաստ չենք դրան:

– Ո՞ւմ է ձայն տվել Վրաստանի հայազգի բնակչությունը: Ի՞նչ սպասելիքներ ունեն վիրահայերը փաստացի նոր իշխանությունից:

– Վրաստանի հայ համայնքը, համաձայն հասնող վիճակագրության, քվեարկել է Սաակաշվիլիի օգտին: Հատկանշական է, որ Սիրիայում էլ հայերը գործող իշխանության (Ասադի) կողմնակիցներն են: Հայերը կոնսերվատիվ համայնք են, գնահատում են իրավիճակը եւ, եթե քիչ թե շատ ապահով են ներկա իշխանության պայմաններում, ապա ցանկացած փոփոխություն կարող են դիտարկել որպես ոչ դրական կամ նույնիսկ՝ վտանգավոր: Իրենց բնակության երկրում նրանք ակնկալում են ապահովություն եւ անվտանգություն, եւ այդ տրամաբանութամբ էլ ընտրում են՝ խուսափելով շրջադարձերից կամ խոշոր փոփոխություններից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031