Պարոն Հանսթմանը նվիրաբերությունը վերացնելու պահանջ չի ներկայացրել
«Սիվիլիթասի» գործով Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալի ներգրավելու առնչությամբ գլխավոր դատախազի՝ բերված միջնորդագիրը ըստ էության մի ծավալուն փաստաթուղթ է, որում նկարագրված է ԱՄՆ-ում գրանցված «Հանթսման Ինտերնեյշընլ» եւ «Պոլիմեր մաթերիալս ԻՆՔ.Ե» կորպորացիաների կողմից ՀՀ-ում հիմնած եւ 1991թ. լուծարված ՍՊ ընկերության առքուվաճառքի ողջ գործարքի պատմությունը եւ դակված է Վարդան Օսկանյանին վերագրված հանցագործությունների դիսպոզիցիաները՝ առանց հանցանքը հիմնավորող ապացույցների:
Կարդացեք նաև
Մեջբերում եմ. «Քրեական գործի նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել փաստելու, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը յուրացրել է բարեգործական նպատակներով իր միջոցով հիմնադրամին տրամադրելու նպատակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները, այնուհետեւ տարաբնույթ գործողություններ կատարել հանցավոր ճանապարհով ձեռք բերված այդ միջոցներն օրինականացնելու ուղղությամբ, դրանով իսկ կատարելով ծանր հանցագործություններ՝ նախատեսված Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1) կետով եւ 190 հոդվածի 3-րդ մասի 1) կետով»:
Գործի ֆաբուլան-ամերիկյան կողմը ՀՀ-ում հիմնած եւ լուծարված ընկերության բաժնեմասը 2010թ. դեկտեմբերին վաճառել է եւ հասույթը՝ 530 մլն ԱՄՆ դոլար նվիրաբերել «Սիվիլիթաս» հիմնադրամին՝ բարեգործության նպատակների համար, այնուհետեւ կարգադրվել է այդ գումարը հիմնադրամին փոխանցել հիմնադրի միջոցով, որի հիմքով վաճառքը իրականացնողը փոխարկված 1 մլն 427 հազար ԱՄՆ դոլարը 2011թ. հունվարին փոխանցել է Վարդան Օսկանյանի բանկային հաշվեհամար: Վարդան Օսկանյանը այդ գումարը երկարատեւ պահել է իր հաշվեհամարում եւ դրանից 181 հազար 800 ԱՄՆ դոլարը ծախսել անձնական նպատակներով:
Ինչպես հայտնի է, այս հիմքերով գործի վարույթն իրականացնող մարմինը Վարդան Օսկանյանին ներգրավել է որպես մեղադրյալ: Իմ պատկերացմամբ, դատախազի միջնորդագիրը, ինչպես նաեւ դրա հիմքով կառուցված եւ առաջադրված մեղադրանքը բանավիճելի է, ինչը դիտարկենք ստորեւ:
Առանձնապես
խոշոր չափերի
հասնող յուրացում
Ըստ էության, 179 նորմը քրեական պատասխանատվություն է նախատեսում հափշտակության երկու ինքնուրույն ձեւերի՝ յուրացում եւ վատնում հանցագործությունների համար: Յուրացումը դա անձին վստահված ուրիշի գույքը, սեփականատիրոջ կամքին հակառակ, անօրինական, անհատույց իր օգտին վերածելը կամ դարձնելն է: Այս հանցագործությունը համարվում է ավարտված այն պահից, երբ անձին վստահված գույքի օրինական տնօրինումը դառնում է անօրինական եւ անձը սկսում է այդ գույքը իր օգտին վերածելու ուղղությամբ գործողություններ կատարել:
Վատնում նշանակում է անձի այն ապօրինի գործողությունը, որով իրեն վստահված գույքը, սեփականատիրոջ կամքին հակառակ, շահադիտական նպատակներով ծախսում է՝ գործածելու, սպառելու կամ ուրիշին հանձնելու միջոցով: Ի տարբերություն յուրացում արարքի, որը բնութագրվում է ուրիշի գույքը պահելու, թաքցնելու, չվերադարձնելու գործողությամբ, վատնումը իրենից ներկայացնում է ծախսել, մսխել, նվիրել եւ այլն:
Յուրացում եւ վատնում հանցագործությունները կատարվում են մեղքի ուղղակի դիտավորությամբ, շահադիտական նպատակներով: Այդ հանցագործությունների սուբյեկտը (կատարող անձը) «հատուկ» է՝ համարվում է այն անձը, որին ֆիզիկական կամ իրավաբանական անձը օրինական հիմքերով որոշակի նպատակներով կամ որոշակի գործունեության համար վստահել է ուրիշի գույքը: Այլ կերպ ասած՝ սուբյեկտը պաշտոնի կամ այլ ծառայական դիրքի ուժով, պայմանագրով կամ հատուկ հանձնարարությամբ օժտված է լինում իրեն վստահված գույքը տնօրինելու, կառավարելու, պահպանելու, տեղափոխելու որոշակի լիազորությամբ (տես՝ ՌԴ Գերագույն դատարանի պլենումի հափշտակությունների գործերով որոշումը, 22.12.2007թ., N51), հափշտակության վերաբերյալ ՌԴ եւ ՀՀ-ի նորմերը՝ 160 եւ 179 դիսպոզիցիաները գրեթե նույնն են:
Հիմա քննարկվող հանցագործության կազմը համադրենք Օսկանյանի մեղքը հիմնավորող խճճված փաստարկումներին:
ա) Յուրացման ձեւով հափշտակության պարագայում հանցագործության առարկան ուրիշի գույքն է, ինչը հանցավորը անօրինական վերածում է իր օգտին: «Սիվիլիթասի» գործով գույքը, այսինքն՝ 1 մլն 427 հազար դոլարը այդ հիմնադրամի սեփականությունն է, իսկ հիմնադիր սեփականատերը Վարդան Օսկանյանն է, հետեւաբար՝ գույքը ուրիշինը չէ: Պարզվում է՝ սեփականատիրոջը մեղադրում են իր սեփականությունը հափշտակելու համար:
բ) Հափշտակության քննարկված ձեւերի դեպքում գույքը անձին վստահվում է պաշտոնական կամ այլ ծառայական դիրքի ուժով, պայմանագրով եւ այլ հիմքերով, մինչդեռ «Սիվիլիթասի» գործով 1 մլն 427 հազար դոլար դրամական միջոցը Վարդան Օսկանյանին որեւէ հիմքով չի վստահվել, այլ անհատույց նվիրատվություն է եւ, ի տարբերություն յուրացում հանցագործության սուբյեկտի, ոչ թե նա այդ գույքի նկատմամբ ունի կառավարման կամ պահպանելու բնույթի լիազորություններ, այլ գույքը տնօրինելու, տիրապետելու եւ օգտագործելու լիիրավ իրավունքներ, որի պարագայում յուրացում հանցագործությանը ներհատուկ «հատուկ» սուբյեկտ հատկանիշը բացակայում է:
գ) Ինչ վերաբերում է այն փաստարկմանը, թե Վարդան Օսկանյանն այդ գումարը «Սիվիլիթաս» հիմնադրամին ամբողջությամբ փոխանցելու փոխարեն պահել է իր անձնական հաշվեհամարին՝ հետագա երկարատեւ ժամանակահատվածում տնօրինելով նվիրատուի կամքից ու նախատեսված պայմաններից ու նպատակներից չբխող եղանակով ու կարգով, այդ թվում՝ շուրջ 181 հազար 800 ԱՄՆ դոլար գումարը ծախսել է անձնական նպատակներով, գծագրվել է յուրացում հանցագործությունն բնորոշող մեկ այլ հատկանիշ, երբ անձին վստահված ուրիշի գույքի օրինական տնօրինումը, հակառակ սեփականատիրոջ կամքի, դառնում է անօրինական, եւ անձը սկսում է իր օգտին վերածելու ուղղությամբ գործողություններ կատարել (ավարտված հանցագործություն): Այս հատկանիշը ինքնին գոյություն չունի, քանզի միջնորդագրում խոսքը վերաբերում է նվիրաբերված գումարին եւ այն նվիրաբերողի սահմանված նշանակությանը անհամապատասխան օգտագործելուն: Նման բնույթի գործողությունները (անգործության ակտ) հափշտակություն հանցակազմի օբյեկտիվ կողմի կազմի մեջ չեն մտնում, այլ կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ: Քաղաքացիական օրենսգրքի 605 հոդվածում ասված է. «Եթե նվիրատվություն ստացողը նվիրաբերված գույքը օգտագործում է նվիրաբերողի սահմանված նշանակությանը անհամապատասխան կամ նշանակությունը փոխել է սույն հոդվածի 5-րդ կետում նախատեսված կանոնների խախտմամբ, ապա նվիրաբերողը, նրա ժառանգները կամ այլ իրավահաջորդը իրավունք ունեն պահանջել նվիրատվության վերացում (կանոնների խախտում նշանակում է առանց նվիրաբերողի համաձայնության)»:
Ինչպես նկատվեց, «Սիվիլիթասի» գործով յուրացում եւ վատնում ձեւերով հափշտակություն հանցագործության կազմը բնորոշող հատկանիշները բացակայում են, իսկ պարոն Հանթսմանն էլ նվիրաբերությունը վերացնելու պահանջ չի ներկայացնում՝ իր կամքով է:
ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ
իրավաբան, Մոսկվա
«Առավոտ» օրաթերթ