Մանվել Սարգսյանի կարծիքով՝ «եթե բանակցությունները շարունակվում են, որովհետեւ չգիտեն՝ ինչ անեն, դա վտանգավոր է»։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը ադրբեջանական APA գործակալությանը հայտնել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հնարավոր է՝ առաջիկա օրերին հանդիպեն:
Կարդացեք նաև
Ժակ Ֆորն ասել է, որ համանախագահները պլանավորում են այցելել տարածաշրջան Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո: Ըստ նույն աղբյուրի՝ Ֆորն ասել է, թե՝ «այդ հարցը գրեթե լուծված է, հանդիպումը շուտով կկայանա՝ առաջիկա օրերին»:
Ավելի վաղ՝ անցյալ շաբաթվա վերջին, ադրբեջանական գործակալությունները, հղում կատարելով Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեին, տեղեկացրին, որ նա նույնպես ասել է, թե Ֆրանսիան մյուս երկու համանախագահող երկրների հետ պլանավորում է մոտ ապագայում կազմակերպել Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: «Ես չգիտեմ բոլոր մանրամասները, հանդիպումը կարող է կայանալ Փարիզում կամ այլ վայրում, որը նրանք ընտրեն»,- նշել էր դեսպանը: Պաշտոնական Մոսկվան նույնպես արձագանքել է այս տեղեկատվությանը: «Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կազմակերպելը միայն Ֆրանսիայի նախաձեռնությունը չէ: Բանակցությունների շարունակումը համանախագահ երկրների համատեղ աշխատանքի արդյունք է»,- ասել էր ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը APA գործակալության Մոսկվայի թղթակցին: Լուկաշեւիչի խոսքով՝ հանդիպումը կկայանա այս ամսվա վերջին: Ռուս դիվանագետը նաեւ հավելել էր, որ այդ հանդիպման արդյունքներից կախված՝ համանախագահները կայցելեն տարածաշրջան:
Երեկ «Առավոտ»-ը դիմեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանին՝ հստակեցնելու, թե արդյոք արտգործնախարարները պատրաստվո՞ւմ են հանդիպել առաջիկա օրերին: Տ. Բալայանը ըստ էության ոչ հերքեց, ոչ հաստատեց առաջիկա հանդիպման մասին ադրբեջանական գործակալությունների տեղեկությունները: Սակայն նա նշեց, որ հանդիպումների եւ այցերի մասին պատշաճ ժամկետներում տեղեկացնում են։
Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնելուց, Ադրբեջանում նրան ներում շնորհելուց, հերոսացնելուց հետո ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջացած որոշակի լարվածությունն ու անորոշությունը միջնորդ երկրները հավանաբար չեն կարող թույլ տալ, որ երկար ժամանակ ձգվի, եւ ամենայն հավանականությամբ՝ համանախագահողները ջանքեր են գործադրում, որպեսզի բանակցող կողմերը գոնե խորհրդանշական մի հանդիպում անցկացնեն առաջիկայում։
Միամիտ կլինի կարծել, թե առանց այն էլ փակուղային իրավիճակում հայտնված կարգավորման գործընթացի պայմաններում ԱԳ նախարարների նոր հանդիպումը այսօրվա իրողությունների հետ մեկտեղ կարող է ինչ-որ նոր լիցք հաղորդել ղարաբաղյան բանակցային գործընթացին։
Այսօր թերեւս ավելի կարեւոր է այն հանգամանքը, թե հայկական կողմը Սաֆարովի արտահանձնման պատմությունից հետո ղարաբաղյան բանակցային գործընթացում կկարողանա՞ նպաստավոր դիրքերից հանդես գալ:
«Առավոտ»-ի հետ զրույցի ընթացքում ՌԱՀՀԿ ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը երեկ անդրադառնալով ԱԳ նախարարների առաջիկա հնարավոր հանդիպմանը՝ նկատեց. «Հիմա շատ է խոսվում, թե այս հանդիպումը կարող է հանգեցնել նրան, որ ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, նույնիսկ խաղաղ պայմանագիր համաձայնեցվի։ Բայց պարզ չեն կոնկրետ նպատակները։ Ես կարծում եմ՝ այս պահին առաջընթացը այնքան կախված չէ հակամարտության կողմերից, որքան կազմակերպիչներից։ Պարզ է, որ Ադրբեջանը չի փոխել իր դիրքորոշումը, Հայաստանը որեւէ էական քայլ չի արել Ռամիլ Սաֆարովի գործից հետո՝ բացի այն, որ համաձայնել է շարունակել բանակցությունները, եւ որեւէ նոր մոտեցում առաջ չի քաշել։ Այսպիսի իրավիճակում ի՞նչ նորություն կարելի է սպասել երկու կողմերի դիրքորոշումներում։ Նորություն կարող էր լինել այն, եթե գերտերությունները նոր բան առաջարկեին»։
Գուցե հանդիպում կազմակերպելով՝ միջնորդ պետությունները փորձում են բանակցային գործընթացը հանե՞լ փակուղուց, որը էլ ավելի խորացավ Սաֆարովի արտահանձնման գործընթացից հետո՝ ցույց տալու համար, որ կողմերը շարունակում են բանակցությունները: «Այո, հնարավոր է այդպես։ Դա էլ է դիվանագիտություն, դա էլ է քաղաքականություն, որպեսզի ստեղծված բարդ իրավիճակը փոքր-ինչ լիցքաթափվի: Բայց փոփոխություն չի կարելի սպասել, եթե կողմերի դիրքորոշումը չի փոխվել»,- նկատեց ՌԱՀՀԿ ղեկավարը։
«Առավոտ»-ի հարցին՝ հետսաֆարովյան այս փուլում արդյոք ճիշտ չի՞ լինի, եթե հայկական կողմը կոշտացնի իր դիրքորոշումը բանակցություններում, թե՞ «կառուցողական» դիրքորոշումը պետք է պահպանել, Մ. Սարգսյանը պատասխանեց. «Կառուցողական դիրքորոշումը ամեն անգամ էլ պետք է պահպանել։ Սաֆարովի դեպքից հետո Հայաստանի ԱԳ նախարարը հայտարարել էր, միջազգային հանրության ուշադրությունն էր հրավիրել, որ Ադրբեջանը օգտագործում է բանակցային պրոցեսը՝ պատերազմի պատրաստվելու համար։ Եթե դա համոզմունք է, եւ դրա մասին հայտարարել են, այսինքն՝ բանակցությունները շարունակելը չի՞ նշանակում, որ խրախուսում են Ադրբեջանի այդ քաղաքականությունը: Հիմա սա կառուցողականությո՞ւն է, թե՞ ոչ… Այս հարցերի պատասխաններն են պետք, բայց Հայաստանում դիսկուսիա չկա, որպեսզի հասարակությունը ստանա այս հարցերի պատասխանները, հասարակությանը չեն բացատրում, թե ինչ նպատակով են շարունակում բանակցությունները։ Չկան նման բացատրություններ, որպեսզի հասարակությունն էլ հասկանա՝ ինչ պետք է լինի, որպեսզի բանակցությունները լինեն կառուցողական, որպեսզի քո ձեռքով երկիրը չտանես դեպի պատերազմի, ինչպես հիմա է արվում։ Եթե բանակցությունները շարունակվում են, որովհետեւ չգիտեն՝ ինչ անեն, դա, իհարկե, վտանգավոր է»:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ